«Երբ տնօրենին ասացի, որ բողոքելու եմ, պատասխանեց՝ որտեղ ուզում ես, գնա այնտեղ էլ բողոքի, ես ոչ մեկից էլ չեմ վախենում. այդքան դուխով է, հա՞». բուժքույրը չի ստացել 4 տարվա հասանելիք գումարը
Կարինե Հարությունյանը, ով աշխատում է «Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում՝ չի ստացել իրեն հասանելիք մոտ 428.220 դրամը: Չորս տարի անընդմեջ կանանց սպասարկման գինեկոլոգիական բժշկական սպասարկման դիմաց՝ իր փոխարեն, տնօրենի իմացությամբ, վարձատրվել է մեկ այլ բուժքույր:
««Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում աշխատում եմ՝ որպես ընտանեկան բուժքույր: Երեք բուժքույր կա, հավասարապես սպասարկել ենք բնակչութանը: Ես ունեմ բողոք տնօրեն Նարինե Գրիգորյանի դեմ, ով իմ ու ևս մեկ բուժքրոջ գումարը չի վճարել, տվել է երրորդին: Խոսքը կանանց սպասարկման գումարի մասին է: Ամեն ամիս 10.000 դրամ է մեզ հատկացվում, իմ գրոշները կերել է:
Երբ տնօրենին ասացի, որ բողոքելու եմ, պատասխանեց՝ որտեղ ուզում ես, գնա այնտեղ էլ բողոքի, ես ոչ մեկից էլ չեմ վախենում: Այդքան դուխով է, հա՞»,- 168.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց Կարինե Հարությունյանը:
«Ապրիլին դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին, նրանք էլ գրավոր դիմեցին Առողջապահության նախարարություն՝ նշելով, որ ես իմ հասանելիք գումարը չեմ ստացել:
ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունից եկան մշտադիտարկման, ստուգումներ արեցին, խախտումը գրեցին, համաձայն որի՝ ինձ պետք է ՀՈԱԿ-ի կողմից փոխհատուցվի շուրջ 428.220 դրամ: Գործակալության պետն ասաց՝ տար սա համայնքապետին ցույց տուր, մարզպետարան ներկայացրու, որ գումարդ վճարի: Տնօրենն ասում է՝ ով որ գրել է, նա էլ թող քեզ վճարի, ես քեզ գումար չունեմ տալու: Մինչև հիմա իմ գումարը չի տալիս: Իբր պատճառ է գտել ու դիմել նախարարություն: Նրա համար, որ գրված է շուրջ 428.220 դրամ: «Շուրջ»-ի համար, էլի:
Ես արդարություն եմ պահանջում: 15 տարի է՝ տնօրեն է, ոչ մի բանով չի ապահովել մեզ. հիգիենայի պարագաներ, նյութեր և այլն: Հիմա, իմ բողոքից հետո տանում է էքսկուրսիա, բերել թուղթ ու գրիչ է բաժանում, իսկ մենք հիվանդներին էինք ասում՝ գնացե՛ք, այս թուղթը պատճենահանեք, բերեք: Ինչի՞ համար: Իսկ հիմա իր հարսը բուժարանում նստած պատճենում է, գրիչ, ռետին է տալիս: Հաշվապահն էլ սկեսրայրի քրոջ աղջիկն է՝ Գայանե Հովհաննիսյանը»,- նշեց Կարինե Հարությունյանը:
Կապ հաստատեցինք նաև «Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Նարինե Գրիգորյանի հետ, ով ասաց, թե կարծում է՝ ճիշտ չէ նմանատիպ հարցերը հեռախոսով քննարկել:
Մեր դիտարկմանը, որ Առողջապահության նախարարության ներկայացուցիչների ստուգումից հետո արձանագրվել է, որ 428.220 դրամ պետք է վճարվի բուժքրոջը, ինչո՞ւ այդ պահանջը մինչ օրս չի կատարվում, խնդի՞ր կա, Նարինե Գրիգորյանը պատասխանեց. «Դա գործընթաց է, որը պետք է կատարվի համապատասխան փաստաթղթերով: Կարինեն շատ լավ տեղյակ է ամեն ինչից: Ես հեռախոսով ճիշտ չեմ համարում նման հարցերի պատասխանել, մի՛ մտածեք, որ խուսափում եմ պատասխանից, ընդամենը դա կարող եմ ասել»:
Անի Կարապետյան