Ո՞ւմ վրա է ծանրանում հարկային բեռը
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկի համաձայն՝ խոշորների վճարներն ավելացել են, սակայն շատ ավելի դանդաղ, քան, պայմանական ասած, փոքր հարկատուներինը։
Ասել, որ այդպես է, քանզի խոշորներում այլևս ստվեր չկա, նշանակում է՝ ոչինչ չասել։ Ստվերային տնտեսությունն այս հատվածում գուցե որոշ չափով կրճատվել է, բայց շարունակում է մնալ ու ոչ փոքր ծավալներով։
Ամեն դեպքում, հարկային հավելյալ մուտքերի ապահովումն ավելի շատ ծանրացել է փոքրերի, քան խոշորների վրա։ Եթե անցած տարվա նույն ժամանակահատվածում խոշորները վճարել էին՝ պետական բյուջեի հարկային եկամուտների 75,8, ապա այս տարի՝ 70 տոկոսը։
Տարեսկզբի ինն ամիսներին խոշոր հարկատուները պետական բյուջեի նկատմամբ կատարել են 764,5 մլրդ դրամի պարտավորություն։ Նախորդ տարվա համեմատ՝ նրանց վճարներն ավելացել են 90,7 մլրդ դրամով։ Աճը կազմել է գրեթե 13,5 տոկոս։
Գուցե վատ ցուցանիշ չէ։ Բայց այն անհամեմատ ավելի ցածր է, քան նույն ժամանակահատվածում արձանագրված հարկային եկամուտների ընդհանուր աճը։ Մինչ խոշորների վճարներն ավելացել են 13,5 տոկոսով, ընդհանուր հարկային մուտքերի աճը կազմել է 21,6 տոկոս։ Այսինքն` խոշորների դեպքում աճի տեմպն առնվազն 8,1 տոկոսային կետով ավելի ցածր է։
Թե ինչո՞ւ է այդպես, հավանաբար պետք է հարցնել Պետեկամուտների կոմիտեին։ Բայց այն, ինչ ունենք, լավ չէ։ Մինչ կառավարությունը փորձում է խթանել փոքր և միջին բիզնեսը` առաջարկելով նաև հարկային ռեժիմի թուլացումներ. բեռը ծանրանում է։ Դատելով ՊԵԿ նախագահի վերջին հայտարարություններից` առաջիկայում ևս շարունակելու է ծանրանալ։
Խոշորների վճարած հարկերն այս տարի ավելացել են։ Բայց որոշ դեպքում դրանք տարօրինակ փոփոխություններ են կրել։ Առանձին հարկատուների մոտ վճարները ոչ թե տոկոսներով, այլ անգամներով են ավելացել։ Ասենք` «Ավտոներկրող-10» ընկերությունը նախորդ տարվա համեմատ՝ 7-8 անգամ ավելի շատ հարկ է վճարել։ Խոսքը ոչ պակաս փոքր գումարի` շուրջ 7,3 մլրդ դրամի մասին է։ Սա, ըստ էության, վկայում է, թե տրանսպորտային միջոցների ներմուծման շուկայում այս տարի իսկապես արձանագրվող բումն ինչպիսի ուղղակի ազդեցություն է ունեցել պետական բյուջեի եկամուտների վրա։
Սա հարկային պարտավորությունների կտրուկ աճի եզակի օրինակ չէ, և այդպիսիք էլի կարելի է գտնել։
Վճարված հարկերի մեծությամբ խոշորների ցանկը, ինչպես նախորդ տարի, գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Սակայն այն այս տարի անհամեմատ ավելի շատ հարկ է վճարել։ Աճը հասնում է գրեթե 24 տոկոսի։ Դա տեղի է ունեցել միջազգային շուկաներում հանքահումքային ապրանքների անհամեմատ ավելի ծանր գների պայմաններում։ Մի բան, ինչը նշանակում է, որ ընկերության վճարած հարկերն ավելացել են ընդերքի շահագործման ծավալների շատ ավելի ակտիվ աճի հաշվին։ Այն դեպքում, երբ կառավարությունն իշխանափոխությունից անմիջապես հետո դեմ էր արտահայտվում հանքարդյունաբերությանը` հիմա դա այլևս այնքան էլ չի կարևորվում։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ինն ամսում պետական բյուջե է փոխանցել շուրջ 40,6 մլրդ դրամ։
Հանքարդյունաբերության ոլորտի մի շարք այլ ընկերություններում ևս վճարած հարկերն ավելացել են։ Փոխարենը` կրճատում է արձանագրվել «Լիդիանի» դեպքում, որի շուրջ առաջացած թնջուկը կառավարությունը չի համարձակվում լուծել։ Գրեթե մեկուկես տարի հարկադիր դադարի վիճակում գտնվող այս ընկերությունը չաշխատելով` տարեսկզբի ինը ամիսներին վճարել է 329 մլն դրամ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում կատարված պարտավորությունները հասնում էին 4,2 մլրդ դրամի։
Խոշորների ցանկում իշխանափոխությունից հետո ակտիվ առաջադիմում է «Գրանդ Տոբակոն»։ Այն վճարած հարկերով երկրորդն է, բայց շատ հետ չի մնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից»։ Տարբերությունն ընդամենը 300-350 մլն դրամի սահմաններում է։
Այս տարվա ինն ամսում «Գրանդ Տոբակոն» պետական բյուջե է փոխանցել շուրջ 40,3 մլրդ դրամ։ Վերջին երկու տարվա ընթացքում ընկերության կատարած պարտավորությունները գրեթե կրկնապատկվել են։ Ավելացել են նաև «Գրանդ Հոլդինգի» կազմում գործող ծխախոտի բիզնեսում զբաղված ևս մեկ ընկերության` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» վճարած հարկերը։
Ի տարբերություն արտադրողների` ծխախոտ ներմուծող ընկերություններում պարտավորությունների աճը միանշանակ չի արտահայտվել։ Մասնավորապես, շուկայում վաղուց հայտնի «Ֆիլիպ Մորիս Արմենիան» նվազեցրել է հարկերը, իսկ մեկ այլ ընկերություն` «Ջեյ Թի Այ Արմենիան», ավելացրել։
Խոշորների եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիան»` 33,6 մլրդ դրամ վճարած հարկերով։ Ընկերության կատարած պարտավորություններն ավելացել են շուրջ 3,3 միլիարդով, ինչը, ըստ էության, սահմանին հունվարի 1-ից գազի ներմուծման գնի բարձրացման հետևանք է։
Հեղուկ վառելանյութի շուկայում ընդգրկված խոշոր հարկատուներից վճարած հարկերով առաջինը «Ֆլեշն» է։ 9 ամսում այն կատարել է 10,7 մլրդ դրամի պարտավորություն, ինչը 2,1 միլիարդով ավելի է նախորդ տարվանից։ Շուկայի մյուս հայտնի խաղացողի՝ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնի» տարրալուծումից հետո վճարված հարկերի մեծությամբ հիմա երկրորդը «ՍիՓիԷս Օիլն» է, որը բյուջե է փոխանցել 9,2 մլրդ դրամ։ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնն» այս տարի բավական համեստ պարտավորություններ է կատարել` գրեթե 4,8 մլրդ դրամ` 2018թ. շուրջ 13,2 միլիարդի դիմաց։ Վառելանյութի շուկայի մյուս հայտնի ընկերությունը` «Մաքս Պետրոլը», վճարել է 6,5 մլրդ դրամ, ինչը 2,3 միլիարդով ավելացել է։
Կրճատվել են մշտապես իշխանությունների սիրելի գործարարի համարում ունեցող Սամվել Ալեքսանյանի հայտնի «Ալեքս Հոլդինգի» վճարած հարկերը։ Նախորդ տարվա գրեթե 14 մլրդ դրամի փոխարեն՝ այս տարի ընկերության կատարած պարտավորությունները կազմել են ընդամենը 1,9 մլրդ դրամ։ Այս կտրուկ փոփոխությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ սովորության համաձայն՝ Ս.Ալեքսանյանը հերթական անգամ վերակազմավորել է իր բիզնեսը և հանդես է գալիս տարբեր ընկերությունների անունով։ Գործարարին պատկանող «Ալեքս ընդ Հոլդինգը», որը գրանցվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, վճարել է ավելի քան 4,5 մլրդ դրամ` նախորդ տարվա 610 միլիոնի դիմաց։ Ս.Ալեքսանյանին պատկանող ընկերությունների մեջ վճարած հարկերի մեծությամբ առաջատարը սիթիներն են։ Դրանք բյուջե են փոխանցել շուրջ 5,7 մլրդ դրամ։ Նշված երեք ընկերությունները միասին տարեսկզբի ինն ամիսներին վճարել են 12,1 մլրդ դրամ։ Նույն ժամանակահատվածում «Ալեքս տեքստիլը» կատարել է շուրջ 850 մլն դրամի պարտավորություն։
Հեռահաղորդակցության ոլորտում այս տարի առաջատարի դերը ստանձնած «Յուքոմը» շարունակում է պահպանել դիրքերը։ Այն վճարած հարկերով առաջ է անցել՝ ինչպես «ՄՏՍ Հայաստանից», այնպես էլ՝ «Վեոն Արմենիայից։ Եթե «ՄՏՍ Հայաստանը» բյուջե է փոխանցել 6,6 միլիարդ, «Վեոն Արմենիան»` 5,8 միլիարդ, ապա «Յուքոմը»` գրեթե 7,4 մլրդ դրամ։ Մեկ տարվա ընթացքում «Յուքոմի» վճարներն ավելացել են 3 մլրդ դրամով։ 1,6 միլիարդով ավելի պարտավորություն է կատարել նաև «Վեոն Արմենիան»։ Մինչդեռ, ոլորտի մյուս խոշոր ընկերության`«ՄՏՍ Հայաստանի» մոտ արձանագրվել է վճարած հարկերի ոչ շատ մեծ, բայց անկում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ