Հայ գրողների աթեիստական ստեղծագործություններն «Անաստված» թերթում
ԽՍՀՄ տարիներին մտավորականներն ու արվեստի գործիչներն առաջ գնալու ու պետության կողմից աջակցություն ստանալու համար պետք է ապացուցեին, որ նվիրված են Կոմունիստական կուսակցությանը։ Այդ նվիրումն արտահայտվում էր տարբեր ձևերով։ Գրողները ջանք ու թանաք չէին խնայում՝ գովերգելու աշխատավոր ժողովրդին, կուսակցությանը, պետությանն ու ընկեր Ստալինին։ Իսկ Ստալինին որպես թիֆլիսցի կինտո ներկայացնելու դեպքում շատ կարճ ժամանակ էր տևում, որ գրողները հայտնվեին այն աշխարհում։ Չարենցի անհայտ գերեզմանը վկա։ Որոշ ժամանակ հետո դեռ նախորդ համարներից մեզ հայտնի «Անաստված» հանդեսն իր առաջ դնում է մեկ այլ լոզունգ.
«Պայքարը կրոնի դեմ պայքար է մշակույթի համար»։
«Անաստվածի» գլխավոր նպատակներից մեկն էլ գրականության միջոցով հանրությանն աթեիզմ քարոզելն էր։ Իսկ այդ թվականներին գրողներին առաջ գնալու համար պետք էր ապացուցել նաև, որ իրենք երդվյալ աթեիստներ են։ Որքան էլ զարմանալի է, բայց «Անաստվածի» 20-ական թվականների համարներում հանդիպում ենք այնպիսի հայ հեղինակների, ովքեր հետագա տարիների իրենց ստեղծագործություններում դատապարտում են սովետական իշխանության վարած քաղաքականությունը։
Խառնակ ժամանակներում պետք էր ինչ-որ ձևով հաստատվել։ Աստծուն, քրիստոնեությունը ծաղրի ենթարկելու գործը լավագույնը ստացվում էր Լեռ Կամսարի մոտ։ Թերևս, Կամսարի ստեղծագործության վերնագիրը բավական է հասկանալու համար, որ նա ապացուցում էր իր երդվյալ անաստված լինելը։ «Քրիստոսի ծնունդը» (եթե ճիշտ ըլլար):
20-ական թվականներին իր ստեղծագործական ուղին էր սկսում Գուրգեն Մահարին, ու կարդալով այդ թվականների «Անաստված»-ում տպագրված Մահարու բանաստեղծությունները՝ կարելի է ենթադրել, որ Մահարին հենց սկզբից փորձում էր հարթել իր համար լավ ճանապարհ։ Սակայն շատ տարիներ հետո ձերբակալվում ու աքսորվում է այդ նույն պետության կողմից։ «Անաստված»-ում տպագրված Մահարու առաջին ստեղծագործության վերնագիրը խոսում է անաստվածների կլանի ցինիկության մասին.
«Մահարին Մահարում է»։ Մահարին ուներ նաև այսպիսի աթեիստական տրիոլետ.
«Խուլ են զանգերը հիմա,
Վանքը թափուր է արդեն,
Այնտեղ փոշին է բարդվել,
Խուլ են զանգերը հիմա,
Էլ հինը ո՞նց դիմանա,
Մի նոր արև է զարթնել,
Խուլ են զանգերը հիմա,
Վանքը թափուր է արդեն»։
Հետագա համարներում իրենց աթեիստական գործերն են տպագրում Հրահատը, Ստեփան Զորյանը, Նաիրի Զարյանը, Խաչիկ Դաշտենցը և այլք։
Հատկապես այս ցանկում ուշագրավ էր Խաչիկ Դաշտենցի բանաստեղծությունը։
«Երե՛կ կանգնած եր նա,
եսոր մոխիր ե դարձել,
իջել են պատերը նրա,
խաչերը ընկել են ներքև…
Բանվորներ յելան այնտեղ,
հորդեցին խինդ ու հարված,
քանդեցին անդարձ, անդարձ,
շրջեցին գմբեթ ու խաչ։
Քարերի հսկա մի դեզ,
փռվել ե հիմա ճամփին,
վորոնք սկիզբ կտան
մի նոր, մի նոր շենքի…»։
Գրական ստեղծագործություններից զատ՝ Խաչիկ Դաշտենցը պիտի հետևեր նաև գյուղերում իրականացվող աթեիստական աշխատանքներին. «Լենգավառի 4-րդ գավմասում հակակրոնական աշխատանքները շատ թույլ են տարվում։ 37-40 գյուղերի մեջ միայն մի երկու հակակրոնական խմբակներ են աշխատում, որոնք ընդհանուր առմամբ, ամառային ամիսներին մատնվում են անգործության։
«Անաստված» ժուռնալի տարածումը շատ թույլ է, և եթե հաշվի առնենք մի քանի դպրոցներ, որոնք այդ աշխատանքների վրա հատուկ ուշադրություն են դարձնում։ Արթուն է գյուղի դասակարգային թշնամին՝ կուլակը, տերտերը, որոնց ձեռքում կրոնը մեծագույն զենք է մեր շինարարությունը դժվարացնելու համար»։ (Խաչիկ Դաշտենցի զեկույցն «Անաստված» թերթում, 1930 թվական)
Այնուամենայնիվ «Անաստվածը» պայքարում էր կուլտուրայի համար, ու պայքարի արդյունքում ստեղծված կուլտուրան հավանաբար առանց էշի մնացած Հովսեփն էր, կաղ ու խուլ Քրիստոսի ու գրգռված հոգևորականի կերպարները։
Արդյունքում՝ ամսագրում աթեիստական ցինիկ գրականությունն այնքան է զարգանում, որ 20-ականների վերջում տպագրված համարներում ներկայացնում էին ԽՍՀՄ անաստված գրողների ստեղծագործությունների ցանկ, որն ամառային արձակուրդների ժամանակ պարտադիր պիտի կարդային դպրոցական երեխաները։
(Շարունակությունը՝ առաջիկա համարներում)
ԱՐԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ