«Չի կարող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատել ՀԱՊԿ-ն, բայց դառնալով վարչապետ՝ ՀԱՊԿ-ի համաժողովներում 11 անգամ «սպասիբոներ» շռայլի». Շարմազանով
«Վիտալի Բալասանյանն աներկբա Արցախյան հերոսամարտի հերոս է, և նրա նկատմամբ հարձակումը, որը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջոցով, ոչ այլ ինչ է, քան մեր Արցախյան հերոսամարտի արժեքի նվազեցում»,- ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ վերջին մեկուկես տարում Արցախյան հաղթանակի նսեմացման փորձեր են նկատվում. «Հենց Նիկոլ Փաշինյանի առաջադրման օրն այսօրվա ԱԺ նախագահն էդ «դմփ-դմփ-հու»-ի քայլերթը և իշխանազավթումը հավասարեցրեց Արցախի և Սարդարապատի հաղթանակներին, ինչն աբսուրդ է: Չի կարող յուրայինի նկատմամբ քո սեփական քաղաքացիների, քո սեփական երկրում ապրող թեկուզ իշխանության նկատմամբ, որին թեկուզ շատ չես սիրում կամ միգուցե ատում ես, հաջողությունը հավասարեցնել թուրքի ու ադրբեջանցու նկատմամբ տարած հաղթանակին, էլ չեմ ասում՝ հող ազատագրելուն, էլ չեմ ասում՝ Արցախյան հաղթանակին, որը մեր պատմության վերջին 1000 տարում հայ ժողովրդի ամենափառապանծ հաղթանակած էջն է»:
Լրագրողի խնդրանքով անդրադառնալով մամուլի ասուլիսում Վիտալի Բալասանյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության շարունակությունն է, նա պատասխանեց.
«Ես երբեք Արցախյան խնդրում առաջին նախագահի գովասանքի ջատագովը չեմ եղել, բայց ես կոռեկտություն հարգող գործիչ եմ. Լևոն Տեր-Պետրոսյանը մեր պետության առաջին նախագահն է, ունեցել է իր կարծիքը և, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ ունեցել է և ունի խիզախություն իր կարծիքը, որը թեկուզ դուր չի գալիս մեզ, հստակ ասել»:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց 1992 թվականի մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հայտնի հարցազրույցը, որում առաջին նախագահն ասել էր `դեմ չի լինի, եթե ԼՂ-ն` որպես ինքնավար հանրապետություն, լինի Ադրբեջանի կազմում.
«Մենք երբեք նման կարծիք չենք ասել: Բայց Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, տրամագծորեն տարբեր բան է ասում: Մենք ապրում ենք մի ղեկավարի ժամանակաշրջանում, որն առավոտյան մի բան է ասում, երեկոյան`լրիվ այլ, ՄԱԿ-ի ամբիոնից մի բան է ասում, Ստեփանակերտում` այլ: Սա խայտառակություն է:
Պետական գործիչը պետք է լինի կանխատեսելի. չի՛ կարող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու համար է, չի կարող առավոտից երեկո քննադատել ՀԱՊԿ-ը ու ձեռ առնել որպես կառույց ՀԱՊԿ-ը (բացեք էդ տեսանյութերը նայեք), ու այսօր, դառնալով երկրի վարչապետ, ՀԱՊԿ-ի համաժողովներում 11 անգամ «սպասիբոներ» շռայլի», չի լինում էդպես՝ դու կամ կողմ ես, ընկեր ջան, կամ դեմ ես»:
ՀՀԿ խոսնակն առանձնացրեց վարչապետի մի քանի հայտարարություններ Արցախի մասին, որոնք նա համարում է իրարամերժ.
«Գնաց Արցախ, 2018-ի մայիսի 9-ին հայտարարեց, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, ամիսներ անց, երբ համանախագահները քննադատեցին այդ հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը լռեց:
Կանգնեց պառլամենտում՝ ասաց՝ մեզ պետք է մի որոշում, որը պետք է ձեռնտու լինի նաև Ադրբեջանի ժողովրդին. մենք դեմ ենք, բայց դե մարդն ասաց, իր տեսլականն է:
Հետո օգոստոսին գնաց Ստեփանակերտ, ասաց՝ միացում, Արցախը Հայաստան է, և վերջ: Դե ասել` ասել էիր, ախպեր ջան, տեր կանգնեիր ասածիդ:
Հետո գնաց ՄԱԿ և հայտարարեց, որ՝ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որը պնդում է, որ լուծումը պետք է ձեռնտու լինի նաև Ադրբեջանի ժողովրդին:
Հիմա ես` ընդդիմադիր, միամիտ լոռեցի գործիչս, Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունեմ, էլ չեմ ասում դիվանագետների մասին: Էս աջաբսանդալի մեջ նույնիսկ մեր պրոֆեսիոնալ դիվանագետները գլուխ չեն կարողանում հանել Փաշինյանի հայեցակարգից:
Կրկնում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, լավ էր, վատ էր, մարդն ուներ հայեցակարգ՝ մի մասը դեմ կլիներ, մի մասը կողմ կլիներ (ես դեմ եմ եղել)»:
Զարուհի Դիլանյան