«Իրեն հարգող ոչ մի ներդրող չի մտնի մի պետություն, որտեղ շատ է արծարծվում «հեղափոխություն» տերմինը». Հարություն Մեսրոբյան
168.am-ը զրուցել է Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ
– Կառավարման ի՞նչ կոպտագույն սխալներ է թույլ տալիս գործող իշխանությունը:
– Այսօրվա սխալների մի զգալի մասը նախորդ կառավարությունների սխալների կրկնությունն է, և որակական իմաստով՝ գրեթե նոր սխալներ չեմ տեսնում: Առաջին սխալը, որը հիմա արվում է, և որն արվել է 1991-ին, դա կադրերի ջարդն է: 1991-ին կադրերի ջարդ եղավ. եթե կոմունիստ էր՝ հանում էին գործից, եթե, այսպես կոչված, մերոնքական՝ ընդունում էին: Նման մի բան ես տեսնում եմ նաև հիմա: Հիմա դա նո՞ր սխալ է, իհարկե՝ ոչ: Սա, փաստորեն, ավանդույթ դարձած սխալ է: Երկրորդ՝ և՛ 1991-ից սկսած բոլոր կառավարիչների ժամանակ, և՛ հիմա չեն տալիս մի պարզ հարցի պատասխան՝ ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել: 1991 թվականից ես դա հնչեցնում եմ՝ թե՛ մասնավոր խոսակցություններում, թե՛ հրապարակային, թե՛ հոդվածների միջոցով, արդյունքը քար լռություն է: Ամեն ինչից խոսում են, բացի նրանից, թե ինչ պետություն ենք ուզում կառուցել: Սա հիմնարար հարց է: Քանի դեռ մենք այս հարցի պատասխանը չունենք, մենք չենք կարող գնահատել՝ լա՞վ ենք կառավարում, թե՞ վատ: Կամ՝ ընդհանրապես կառավարո՞ւմ ենք, թե՞ ոչ: Եվ դա մեր աքիլեսյան գարշապարն է:
– Շատերն ասում են, որ պարզ չէ նաև, թե պետությունը տնտեսական ի՞նչ մոդել է որդեգրել:
– Դա հետևանքն է: Մինչև մենք չպատասխանենք, թե ինչ երկիր ենք կառուցում (իսկ 1991-ից մինչ այսօր չենք պատասխանում), ինչ տնտեսական, քաղաքական, դատական մոդել է, ոչ մի հարցին պատասխան չի լինելու, մինչև չտանք այս հիմնարար հարցի պատասխանը: Դա նույն բանն է, որ դուք ձեր անձնական ապագան չեք նշմարում, ապա այդ դեպքում ինչպե՞ս եք իմանալու՝ ճի՞շտ ուղղությամբ եք գնում, թե՞ ոչ: Ես արդեն նշեցի, որ այդ երկու հիմնարար խնդիրներն եմ տեսնում: Իհարկե, էլի կան խնդիրներ:
– Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը մերժելի համարեց ամեն տեսակ իզմերը, թե որքանով է դա հնարավոր կամ ճիշտ, այլ հարց է: Իսկ աշխարհին այսօր ի՞նչ տեսակի պետությունն է ընկալելի, եթե կարելի է այդպես ասել:
– Ընկալելի է այն պետության տեսակը, որը կբերի Հայաստանի հզորացմանը և զարգացմանը: Մյուս կողմից՝ ամբողջ աշխարհի կարծիքը երկրորդական է, առաջնայինը մեզ համար նպաստավոր պետության մոդելն է: Իսկ ինչ վերաբերում է իզմերին, ասեմ՝ ցանկացած լուրջ պետություն պետք է հիմքում ունենա գաղափարախոսություն՝ ազգային, պետական: Հիմա դա իզմ է, իզմ չէ, ես չգիտեմ:
– Պետության տեսակի Ձեր սեփական մոդելը ո՞րն է՝ ժողովրդավարակա՞ն, պահպանողակա՞ն, թե՞ այդ երկուսը միասին, որը նաև ՀՀ-ին ձեռնտու կլինի:
– Ես հինգ տարի առաջ մշակել եմ ՀՀ-ի պետական կառավարման մոդելը և ինչ տեսակի պետություն պետք է լինի Հայաստանը՝ հիմնավորումներով, հաշվարկներով, բայց չեմ հրապարակում իմ մշակումները, որովհետև և՛, այսպես կոչված, էլիտան, և՛ մեր ժողովուրդը պատրաստ չէ լուրջ քննարկումների:
– Իսկ եթե մեկ նախադասությամբ բնութագրեք…
– Ինչ պետություն ուզում եք՝ կառուցեք, ինքը պետք է լինի մրցունակ տարածաշրջանում, ինչո՞ւ չէ՝ աշխարհում: Միայն մրցունակ պետությունը կարող է դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին:
– Այսօր ինչո՞վ կարող ենք մրցունակ լինել՝ գիտությա՞մբ, տեղեկատվական տեխնոլոգիաներո՞վ, ինչո՞վ: Ժամանակին միայն հանքային ջրով էինք, չէ՞, փորձում մրցունակ լինել:
– Ամենամրցունակ պետությունը նա է, որն ունի ամենամրցունակ պետական գաղափարախոսություն և պետական կառավարման մոդել: Դա է ամենամրցունակ պետությունը, որովհետև սրանից է բխում և՛ պետության կառավարման հաջողությունը, և՛ գրագետ կադրային քաղաքականությունը, և՛ տնտեսության մեջ հաջողությունները: Մենք պետք է միշտ հասկանանք, որ լուրջ խնդրի լուծման համար անհրաժեշտ է լուրջ հիմք ստեղծել, այն է՝ պետական գաղափարախոսություն և մրցունակ պետական կառավարման համակարգ: Թե դա ի՞նչ հատկանիշներ կունենա՝ կախված է մշակման որակից:
– Այսօր մենք դատական համակարգում ճգնաժամ ունենք՝ հաշվի առնելով ՍԴ-ի և դրա նախագահի շուրջ զարգացումները: Սա ի՞նչ վտանգներ և ռիսկեր է իր մեջ պարունակում:
– Երբ պետական կառավարման համակարգում կարևորվում է անձը, սա ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Բացասականն այն է, որ, երբ դու կարևորում ես անձը, հետո սկսում ես անձնավորված գնահատականներ տալ, ինչո՞ւ չէ՝ հետապնդումներ իրականացնել:
Այսինքն՝ հիմա պետք է հասկանանք՝ ոչ թե հին և նոր, սև ու սպիտակ, այլ բոլորս մի հարցի պատասխան պիտի տանք, թե ինչ պետություն ենք ուզում, բայց ազնիվ, և ոչ թե՝ կեղծավոր: Մենք շատ կեղծավոր հասարակարգ ենք՝ սարսափելի կեղծավոր և բարոյական ու մտավոր լուրջ խնդիրներ ունեցող էլիտայով: Եթե այդ կեղծավորությունը փորձենք հանել և հասկանանք, թե ինչ պետություն ենք ուզում, այդ ժամանակ և՛ կառավարման համակարգի համարժեք իմաստավորումն ենք ունենալու, և՛ պետական կառավարման համակարգում արժանի անձեր:
Մինչև հիմա ես չեմ տեսնում, մինչ այս էլ չեմ տեսել, որ մենք լուրջ մտադրված ենք մրցունակ պետություն կառուցել: 1991-ին բոլոր գործողությունները ոնց որ հատուկ ուղղված էին նրան, որ մենք հզոր պետություն չկառուցենք: Ցավոք, մենք այսօր չունենք էլիտա՝ և՛ պետական ասպարեզում, և՛ տնտեսական, և՛ մշակութային հարցերում: Մեր, այսպես կոչված, էլիտայի ճնշող մեծամասնությունը կեղծավոր է և անունակ, մենք չունենք նաև 21-րդ դարում պահանջվող էլիտայի հատկանիշները: Սա է նաև պատճառը, որ չենք կարող մրցունակ պետություն կառուցել, որովհետև մրցունակ պետություն կարող է կառուցել միայն մրցունակ էլիտան:
– Սա՞ է պատճառը, որ կրճատվում են ներդրումները կամ չեն կատարվում, այսինքն՝ դրսի ներդրողի համա՞ր էլ անհասկանալի է, թե ինչ պետություն են ուզում ունենալ ՀՀ-ում:
– Այո, անպայման: Այդ փաստարկը ճիշտ է: Եթե մենք չենք ասում, թե ինչ պետություն ենք կառուցում, դա ուղղակի խփում է ներդրումներին: Բայց կան նաև երևան եկած այլ հանգամանքներ, որոնք խոչընդոտում են ներդրումներին: Դա այն է, որ մենք անընդհատ մեջբերում ենք «հեղափոխություն» բառը: Հեղափոխության մասին անընդհատ խոսելն ու կրկնելը հականերդրումային քայլ է, որովհետև իրեն հարգող ոչ մի ներդրող չի մտնի մի պետություն, որտեղ շատ է արծարծվում «հեղափոխություն» տերմինը: Մյուսը՝ սև-սպիտակ բաժանումն է. ո՞վ էր այդ «խելոքը», որ այս եզրույթը մտցրեց շրջանառության մեջ:
Պատկերացրեք՝ լուրջ ներդրողը կմտնի՞ մի տեղ, որտեղ մարդն այսօր կարող է լինել «սպիտակ», վաղը՝ «սև»: Ինքը խելքը հացի հե՞տ է կերել, որ իր լուրջ ներդրումներն ուղղակի վտանգի: Կրկնում եմ՝ 1991-ից այդ անլրջությունը մեզ մոտ տարբեր ասպարեզներում կա: 1991-ի օրինակով կադրային ջարդը նույնպես խփում է ներդրումներին, որովհետև ներդրողը տեսնում է, որ պետական կադրերի պահով անկայուն վիճակ է: Ներդրումները սիրում են կայունություն, տեսլական, եթե դա չկա, ի՞նչ ներդրումների մասին է խոսքը:
– Վարչապետ Փաշինյանը տնտեսական հեղափոխության մասին էլ է շատ խոսել, Դուք որպես մասնագետ՝ դա տեսնո՞ւմ եք:
– Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում՝ տնտեսական հեղափոխություն, այդ բառը պետք է մոռանալ: Ուրիշ բան, որ ասենք՝ ուզում ենք թռիչքային զարգացում: Հիմա Սինգապուրը կամ Չինաստանը, որ թռիչքային զարգանում են, ասում են, թե իրենց մոտ տնտեսական հեղափոխությո՞ւն է: Նրանք տևական ժամանակ սրընթաց զարգանում են, բայց «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը չեն օգտագործում: Պատճառն այն է, որ «հեղափոխություն» նշանակում է՝ նախորդ համակարգի ջարդում, նորի ստեղծում: Երբ այդ բառը կա, ո՞վ է ներդրում անելու:
Մարիամ Պետրոսյան