Բաժիններ՝

Հրատապ մեկ անձ ընթացակարգով գնում՝ աղմկահարույց թեմաներում աչքի ընկած մատակարարից․ Քաղաքապետարանը 30 մլն դրամ է վճարել գծանշման ծառայությունների համար

Երևանի քաղաքապետարանը հրատապ մեկ անձ ոչ մրցակցային գնման ընթացակարգով գծանշման ծառայություններ է ձեռք բերել «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ից։ Էլեկտրոնային գնումների համակարգից տեղեկանում ենք՝ այս հրատապ գնման պայմանագրի արժեքը 30 միլիոն դրամ է՝ 77․470.52 դոլար։

Իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ այս ընկերությունը գրանցվել է 2020 թվականի դեկտեմբերին և արդեն 2021 թվականի հունվարից ակտիվացել պետգնումներում՝ հարյուր-միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքելով Ներքին գործերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տարբեր համայնքապետարանների ու Երևանի քաղաքապետարանի հետ:

Օրինակ, 2021 թվականի հենց հունվար ամսին ՆԳՆ-ն Երևանում ճանապարհային գծանշման ծառայություններ կատարելու համար մոտ 467 միլիոն դրամի գնում էր կատարել այս ընկերությունից։

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերը Հակոբ Ստեփանյանն է, որի անունը կապվում էր պետությունից խոշոր չափով գումար հափշտակելու հետ։

Կարդացեք նաև

Հակոբ Ստեփանյանի մասին մամուլի բացահայտումներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ նա 2018 թվականի հուլիսից «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի տնօրենն էր․ ընկերություն, որը 2018 թվականից սկսել էր մասնակցել պետական գնումների գործընթացին և խոշոր գործարքներ է կնքել ոստիկանության հետ։ 2020թ․ հունիսի 9-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

Հունիսի 10-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ պետությանը պատճառված 256 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

2021թ․ ապրիլի 8-ին՝ քրեական գործի նախաքննության ավարտի, և ապրիլի 14-ին՝ դատարան մուտքագրման մասին էր հայտնի դարձել։

168am-ն առանձին հրապարակմամբ կանդրադառնա այս գործին։

Տեսանյութեր

Լրահոս