Բաժիններ՝

«Ներդրումները սպասվող ծավալից ցածր են, ՀՀ-ի հանդեպ քայքայված վստահությունը վերականգնելու համար մեծ ջանքեր են պահանջվելու».  Զարեհ Սինանյան

Հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

– Պարոն Սինանյան, թավշյա հեղափոխության օրերին Գլենդելի հայերը ոգևորված էին, աջակցում էին հեղափոխության առաջնորդներին: Երբ Դուք նշանակվեցիք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, դարձյալ ինչ-որ հույսեր և մտադրություններ հնչեցին, բայց, մեծ հաշվով, ԱՄՆ-ից՝ Գլենդելից, Լոս Անջելեսից մեծ ներգաղթ չարձանագրվեց: Ինչո՞ւ:

Թավշյա հեղափոխության ընթացքում սփյուռքը ոգևորված էր այն հնարավորություններով, փոփոխություններով և տեսլականով, որ իր հետ բերելու էր հեղափոխությունը: Հիմա այդ փոփոխություններն ընթացքի մեջ են: Մեծ ներգաղթի համար նախևառաջ պետք է ստեղծվեն նախապայմաններ, իսկ դրա համար մենք շատ պետք է աշխատենք, շտկենք նաև նախորդ 30 տարիների աններելի սխալները:

– Ի դեպ, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում (11:50 րոպեից) ասել եք, որ ՀՀ-ում ունենք մեծ թվի հասնող գործազրկություն, ուստի հնարավոր չէ ևս որոշակի թվով մարդկանցով ավելացնել բնակչությունը: Ի՞նչ պետք է անել, որպեսզի կարճ ժամանակում կրճատվի գործազրկության ցուցանիշը, որը մեծանում է նոր իշխանությունների օրոք ևս:

– Ներկայացրե՛ք ինձ վիճակագրական տվյալներ, որոնք, ըստ Ձեզ, ապացուցում են, որ նոր իշխանությունների օրոք ևս մեծանում են գործազրկության տեմպերը: Դրանից հետո ես կպատասխանեմ Ձեր հարցին: Ես ինքս նման տեղեկություն չունեմ:

– Նոր Հայաստանում չեղան առանձնապես մեծ ներդրումներ, ներդրումային ծրագրեր դրսից: Ասում են, որ նույնիսկ կրճատվել են, գուցե դրա համար բարենպաստ ներդրումային դաշտ չկա՞, գուցե ո՞չ բավարար վստահություն կա, որո՞նք են պատճառները:

– Համամիտ եմ, որ ներդրումները սպասվող ծավալից ցածր են, և համոզված եմ, որ դրա պատճառն է այն կործանարար քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ վարել է նախորդ ապաշնորհ վարչակարգը, որի արդյունքում լիովին քայքայվել է վստահությունը Հայաստանի Հանրապետության և տնտեսական դաշտի նկատմամբ, և որն առողջացնելու համար մեզնից պահանջվում են շատ մեծ ջանքեր:

– Ի՞նչ է արվում, որ տարիներ առաջ ՀՀ-ում հաստատված սփյուռքահայերը չհեռանան, աջակցման ի՞նչ ծրագրեր են իրագործվում:

Հեռացող սփյուռքահայերը, ցավոք, արդեն հեռացել են մինչև 2018 թվականի մայիսը, հեռացան տասնյակ-հազարավոր սիրիահայեր և իրաքահայեր, որոնք պետական պատշաճ ուշադրության և ծրագրերի առկայության դեպքում կմնային իրենց հայրենիքում: Հայաստանում հաստատված և հետհեղափոխական փուլում հայրենիք վերադարձած սփյուռքահայերի խնդիրների լուծմամբ մենք զբաղվում ենք ամեն օր: Մշակման փուլում է «Հայրենադարձության մասին» օրենքը, որը սահմանելու է աջակցման ծրագրերի մի ամբողջ փաթեթ:

– ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ն իրականացրած ստուգումների արդյունքները: Արդյունքում՝ հայտնաբերված չարաշահումների չափն է՛լ, տեսակներն է՛լ աննախադեպ են: Սա Ձեզ չի՞ մտահոգում, չէ՞ որ այդ գումարները հիմնականում Սփյուռքի նվիրատվությունների, ներդրումների հաշվին են գոյանում:

Այո՛, այդ ստուգումներով ևս մեկ անգամ պարզ դարձավ, թե ինչ աննախադեպ չարաշահումներ են եղել նախկին իշխանությունների օրոք: Իհարկե, ամոթալի է, որ այն գումարները, որոնք սփյուռքից ուղղվում էին Հայաստանի և Արցախի հզորացմանը, պարզապես յուրացվում և վատնվում էին:

– Եթե անկեղծ լինենք՝ կա՞ մի խնդիր, որին բախվեցիք պաշտոնը ստանձնելուց հետո, որը մինչ այդ տեսանելի չէր:

– Կարող եմ ասել, որ մինչ պաշտոնը ստանձնելը տեղյակ էի, որ Հայաստանը, լինելով համեմատաբար երիտասարդ պետություն, ունի անկատար կառավարման համակարգ: Պարզապես չէի պատկերացնում, թե ինչ մակարդակի թույլ համակարգ էինք ժառանգել նախորդներից:

– Նախորդ իշխանությունների օրոք, երբ Հայաստանում էիք լինում, բազմաթիվ խնդիրներ էիք մատնանշում, որոնք պիտի լուծվեն Երևան քաղաքում: Այսօր հին խնդիրներից գրեթե բոլորը մնացել են, որոշ դեպքերում՝ սրացումներ եղան: Ի՞նչ առաջնային խնդիրներ կան՝ ըստ Ձեզ, որոնք պիտի լուծվեն քաղաքային իշխանության կառավարման ճիշտ կազմակերպման դեպքում:

Այսօրվա քաղաքային իշխանությունները նախկիններից ստացել են անբացատրելի քանակությամբ խնդիրներ, մի համակարգ, որն անցյալում աշխատել է կոռումպացված սխեմաներով, և որի արդյունքում սարսափելի ապականվել է Երևանի ճարտարապետական դեմքը, ենթակառուցվածքները, որոնք այսօր պատրաստ չեն սպասարկել քաղաքի պահանջները: Քաղաքապետը և իր թիմն աշխատում են հնարավորինս կարճ ժամկետներում լուծել բոլոր այն խնդիրները, որոնք բխում են վերջին տասնամյակների վատ կառավարումից:

– Ի դեպ, ժամանակին Դուք բացասական վերաբերմունք ունեիք ավտոմեքենաների շարժն արձանագրող տեսասարքերի հետ կապված, դա համարում էիք մարդու իրավունքների խախտում, ինչի պատճառով ԱՄՆ-ում դրանք կարճ ժամանակ անց հանվել էին գործածությունից: ՀՀ-ում տեսանկարահանող սարքերը կան, դրանց թիվը շատացել է: Հիմա սա դրակա՞ն ազդեցություն ունի, հատկապես՝ ճանապարհային պատահարների կրճատման վրա, թե՞ ոչ, արդյո՞ք տեսակետի փոփոխություն կա:

Այո՛, այդ հարցազրույցը ես հիշում եմ: Դրա ընթացքում ես ներկայացնում էի արագաչափերի պրակտիկան Ամերիկայում, որը կասեցվեց, քանի որ նրանց օգտագործումը դատարանների կողմից համարվեց մարդու իրավունքների խախտում:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս