Բաժիններ՝

Լիլիթ Հովհաննիսյանի ամուսինը հերքում է, ՊԵԿ-ը թղթեր է ուսումնասիրում

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում մեկ ամիս առաջ տեղեկացրել էր, որ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչներ չեն հայտարարագրել իրենց եկամուտները և հարկեր չեն վճարել, և ՊԵԿ-ը վերջնագիր էր ուղարկել «աստղերին»:

Ըստ մամուլի հրապարակումների՝ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահի այդ հայտարարությունից հետո Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դա ինչ-որ սխալմունք է եղել:

«Թաթան թե՛ առաջ,  թե՛ հիմա, միշտ իր հարկերը վճարում է, և թող բոլորը իր պես օրինապաշտ լինեն»,- նշել էր Նազարյանը և ավելացրել, որ դրա պատճառը հավանաբար Թաթայի ՍՊԸ-ով իր գործունեությունը ծավալելն է: «Երևի թե, որ նա անհատ ձեռներեց չի, ցանկում չեն տեսել, դրա համար սխալմունք է եղել: Թաթան իր գործունեությունը ՍՊԸ-ով է ծավալում և միշտ կատարել ու կատարում է իր հարկային վճարումները»,- հավելել էր Նազարյանը:

Կարդացեք նաև

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ շոու-բիզնեսի այն ներկայացուցիչը, որը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն է։

Ըստ ՊԵԿ տեղեկատվության՝ ստորաբաժանումների կողմից իրականացվել են հարկային հսկողության միջոցառումներ, պարզվել էր, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019թթ. ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ, չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Այս կապակցությամբ Լիլիթ Հովհաննիսյանի ամուսին և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ ՊԵԿ-ից որևէ նամակ չեն ստացել: «Ես և Լիլիթը վերջին շրջանում Հայաստանում շատ քիչ ենք լինում՝ հաշված օրեր: Լիլիթը համերգներ ունի աշխարհի ավելի քան 70 քաղաքներում և ֆիզիկապես չի կարող այստեղ ներկա գտնվել»,- ասել էր Վահրամ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ արդեն երկար տարիներ է, ինչ գործում է Լիլիթ Հովհաննիսյան ՍՊԸ-ն, և կանոնավոր վճարել են բոլոր հարկերը։

Այսօր Վահրամ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում հորդորեց կարդալ իր նախորդ հարցազրույցները, քանի որ այլևս չի ուզում այդ մասին խոսել:

Իր հարցազրույցներում, հիշեցնենք, նա նաև պնդել էր, որ Լիլիթ Հովհաննիսյանը 2018-ին համերգներ չի ունեցել, դրա համար եկամուտ չի հայտարարագրել:

ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանից հետաքրքրվեցինք, աստղերն արդեն հայտարարագրե՞լ են իրենց եկամուտները, վճարե՞լ են հարկերը, ինչին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ այս ուղղությամբ նորություններ դեռ չկան:

«Այս հարցը դեռ ուսումնասիրման փուլում է, թղթեր են ուսումնասիրվում: Հենց նորություն լինի՝ պաշտոնական կայքում կտեղադրենք, գիտենք, որ շատերին է հետաքրքրում»,- ասաց Մկրտչյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս