«Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող գործընթացները քաղաքական բնույթի են, որոնք իրականացնում են իրավական ձևաչափով». Սահմանադրագետ
Երեկ Ազգային ժողովը 98 կողմ, 1 դեմ ձայնով փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը։ Դեռևս օրեր առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու նախագծին, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ նախագծում իրավական հիմքերը թերի են, այդ պատճառով էլ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը ներկայացրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, այն ընդունելուց հետո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինչ որոշում էլ կայացնի ՍԴ-ն, իրենք այն ընդունելու են։
168.am–ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանն անդրադառնալով նախագծի հետագա ճակատագրին, նկատեց՝ չի կարող գուշակել, թե ինչ որոշում կարող են կայացնել ՍԴ անդամները։
«Կարող եմ ասել, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ ՍԴ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ որևէ աղերս չունի։ Այս ամբողջ գործընթացն ուղղված է Հրայր Թովմասյանի դեմ և չի առնչվում ՍԴ մյուս դատավորներին։ Եթե ցանկանան հարկադրաբար մյուսների լիազորություններն էլ դադարեցնեն, առնվազն նույն ընթացակարգը պետք է իրականացնեն։ Սակայն այդ դեպքում հիմքեր չեն ունենա, եթե Հրայր Թովմասյանի դեպքում որոշակի հիմքեր կան, ապա նրանց մասով բացակայում է»,- ասաց սահմանադրագետը։
Հարցին, եթե ՍԴ անդամները դեմ քվեարկեն նախագծին, հնարավո՞ր է ՍԴ-ն շրջափակվի, այսինքն՝ իշխող կուսակցության անդամները, մայիսին տեղի ունեցածի նմանությամբ, կրկին դիմեն ոչ իրավաչափ գործողությունների, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է։
«Մինչև հիմա ո՞ր գործընթացներն են օրենքի մեջ եղել, որ դա լինի»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է գործընթացի քաղաքական բնույթ կրելուն, Վարդան Այվազյանն ասաց, որ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական գործընթացները քաղաքական բնույթ են կրում, սակայն այդ քաղաքական բնույթի գործողություններն իրականացնում են իրավական ձևաչափով։
Զվարթ Խաչատրյան