«Որպես միջնորդ երկրի ներկայացուցիչ՝ Լավրովը պետք է ավելի նրբանկատ լինի». Թևան Պողոսյան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչիում «Վալդայ» համաժողովի շրջանակում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գործընթացին՝ նշել է, թե քաղաքական գործընթացն արգելակված է, և չի հաջողվում այն հանել այդ վիճակից:

«Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարությունները, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ասաց, որ Սերգեյ Լավրովը փորձում է խոսել միջնորդի դերից, թե ինչն է իրեն անհանգստացրել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահը Սոչիում է, ուստի ընտրել է այս նախադասությունը:

– Բայց ես ուրախ կլինեի, եթե նույն Լավրովից լսեինք, թե որքա՞ն է օգտակար բանակցային գործընթացի համար, երբ Ադրբեջանի նախագահն ասում էր՝ «Երևանը դա մեր մայրաքաղաքն է, ուշ թե շուտ պետք է գրավենք»: Այնպես որ՝ ինձ թվում է, որ այսօրվա դրությամբ լուրջ վերաբերվել միայն այդ արտահայտությանը՝ ամենասխալ մոտեցումն է:

Առաջ մենք լսում էինք, որ ասում էր՝ եթե կողմերը պլանավորում են, որ Արցախն էլ միանա բանակցություններին, մենք խնդիր չունենք՝ լավ գիտակցելով, որ ժամանակին հենց այդպես է եղել, և առանց Արցախի չէր կարող լինել: Իսկ այսօր դիվանագիտորեն ՌԴ ԱԳՆ-ն որոշեց այս մի նախադասությունն ասել, քանի որ ինքն էլ է շատ լավ հասկանում, որ Ադրբեջանի նախագահի կողմից հակահայկական մոտեցումները, կոշտ դիրքորոշումներն ամեն անգամ հիշեցնելը, թե՝ «համբերությունը կարող է լցվել, կարող են զենքի ուժով վերադարձնել հողերը», կամ՝ Զաքիր Հասանովի հայտարարությունները նույն կերպ վնասում են բանակցություններին: Որպես միջնորդ երկրի ներկայացուցիչ՝ պետք է ավելի նրբանկատ լինի, և եթե մի օրինակ բերում է մյուս կողմից, մյուսինն էլ բերի: Ի տարբերություն իրեն, երբ Մարիա Զախարովային առաջին անգամ այդ հարցը տվեցին, ինքը սլաքներն ուղղեց և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի վրա՝ փորձելով հավասարության նշան դնել: Բայց կրկնում եմ՝ այն փաստը, որ Ադրբեջանի նախագահն այնտեղ է, կարող է և դրանից է նրբանկատությունը փոխել, որ հանկարծ այնտեղ ռուսական շահերի բանակցություններին չխանգարի: Այնուամենայնիվ, մի բան պետք է գիտակցենք, որ համանախագահող կողմերը կարող են տարբեր հայտարարություններ անել, բայց Արցախի հարցի բանալին գտնվում է հայկական կողմում: Ամուր երկիր կունենանք, հզոր Արցախ կձևավորենք, կկարողանա՞նք զարկ տալ մեր գիտությանն ու ռազմաարդյունաբերությանը, բանակին, ապա հարցը կլուծվի հայանպաստ: Հարցն այդ հայտարարություններով չի լուծվում, այլ մեր տոկունությամբ, երկար ճանապարհ անցնելու պատրաստակամությամբ և երբևէ մեր շահերը չզիջելով:

– ՀՀ վարչապետը մեկ հայտարարում է, որ Արցախի խնդիրը լուծելու մանդատ չունի, մեկ այլ դեպքում՝ ասում, որ՝ «Արցախը Հայաստանն է, և վերջ»: Ոմանք այստեղ հակասություններ են տեսնում:

– Այդ հարցի բացատրությունը մի քանի անգամ տրվել է՝ և՛ վարչապետ Փաշինյանի կողմից, և՛ Զոհրաբ Մնացականյանի, և՛ ես ինքս եմ դեռ օգոստոսին ասել մի քանի անգամ՝ հիշելով կոնտեքստը, ընկալումը: Չգիտեմ, թե ում կարծիքն է դա, եթե քաղաքական ընդդիմախոսների, ապա պարզ է՝ քաղաքական պայքարում փորձելու են ամեն ինչ օգտագործել: Իսկ եթե փորձում ես ամբողջ հայությանը հարցնել, մենք բոլորս մեկ կարծիք ունենք: Բայց այսօր ունենք իշխող ուժ, որը տվել է նախընտրական խոստում՝ չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն: Պետք է հասկանանք, որ սա ընդամենը մարտավարական օգտագործման խնդիրներ են, բայց մեր երազանքը միակն է՝ պաշտպանել Արցախը, մեր համատեղ անվտանգությունը՝ հասկանալով, որ կլինի հզոր Հայաստան, կլինի հզոր Արցախ, և հակառակը, և մեր միասնական երազանքին պիտի գնանք ընդառաջ՝ մինչև միացում:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը վտանգավոր է համարում այն հայտարարությունները, թե այսօր և հիմա պետք է ՀայաստանԱրցախ միացում լինի, և, որ Ազգալդյանն ազատագրական պայքարի մեջ ասել է` «Արցախը Հայաստանն է, և վերջ», պետք է հասկանալ, որ այդ արտահայտությունը տարբեր ժամանակներում տարբեր գին ունի: Այսինքն՝ այս պահին  քաղաքական, բանակցային դաշտ չպետք է սա տեղափոխել՝ չվնասելու գործընթացին: Պետք է պաշտպանել Արցախի պատասխանը՝ անկախությունը:

– Այդ ուղղությամբ աշխատում են, կա, չէ՞, նախընտրական այս խոստումը: Երբ մենք խոսում ենք մեր երազանքի մասին, եկեք դրանից խոսենք, երբ խոսում ենք մարտավարական ուղու մասին, եկեք այդ ժամանակ դրան անդրադառնանք, թե ոնց պետք է հասնենք մեր երազանքներին: Այս երկու գաղափարները պետք է պարզել և հասկանալ, և ոչ թե իրար մեջ նստենք և հակասություններ փնտրենք: Պետք է գիտակցել՝ սա երազանքի մասին է, իսկ մեկը, թե ոնց է լինելու մարտավարությունը: Առաջիկա հինգ տարվա համար իշխող կուսակցությունն ասել է, որ Արցախի փոխարեն չի պատրաստվում բանակցել, և այդպես էլ անելու է: Իսկ հաջորդ հինգ տարվա համար կտեսնենք, թե ինչ խոստման համար ենք քվե տալու: Առնվազն մեր կողմից Արցախի հարցում 3-4 բանակցող ենք ունեցել, մեզ մոտ ժամանակ առ ժամանակ իշխանություններ են փոխվել, բայց մեր հայկական երազանքը որևէ մեկը չի հանել:

 – Իսկ հնարավոր կամ տրամաբանական  համարո՞ւմ եք Արցախի խնդրի մի լուծում, որը բոլոր կողմերի համար ընդունելի լինի, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ժամանակ առ ժամանակ հայտարարում:

– Բանակցությունների թեորիայի մեջ, երբ բանակցողներին պատրաստում են, մի այսպիսի գաղափար կա. Բանակցությունների ժամանակ դու պետք է կարողանաս բավարարել քո շահերի 100 տոկոսը, դրանով է լավ բանակցողը: Նա պետք է այնպես անի, որ դիմացինն ընդունի այդ լուծումը, և մնացածի համար էլ լինի տանելի: Հիմա ցանկացած բանակցության արդյունք, եթե պետք է կոչվի լուծում, պետք է տակը երեք ստորագրություն դրվի՝ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի: Պետք է այնպիսի լուծում լինի, որ բոլորը տակը ստորագրեն, բիշքեկյան արձանագրությունը ձեզ օրինակ՝ երեք կողմն էլ ստորագրել են, չէ՞, ինչը նշանակում է՝ երեք կողմն էլ համաձայն է եղել դրա ամրագրմանը: Հիմա, եթե դրանից հետո ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել երեքի կողմից, ուրեմն՝ դա չի կարող կոչվել լուծում փիլիսոփայական իմաստով: Այնպես որ, այդ արտահայտության մեջ վատ բան չեմ տեսնում:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս