Թրամփը և Տակաիչին համաձայնագրեր են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների և հարաբերությունների «նոր ոսկեդարի» շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի նորընտիր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։ Երկու ղեկավարները ստորագրել են հազվագյուտ հողային մետաղների, ինչպես նաև երկրների միջև դաշնակցության «նոր ոսկեդարի» մասին համաձայնագրեր։
Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նոր համաձայնագրով նախատեսվում է ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև հազվագյուտ հողային մետաղների մատակարարման և արտադրության խթանում։ Երկու երկրները պայմանավորվել են համագործակցել՝ գործի դնելով այնպիսի քաղաքականություն, առևտրային միջոցներ և համակարգված ներդրումներ, որոնք զարկ կտան հանքանյութերի արտադրությանը։
BBC-ն հիշեցնում է, որ Վաշինգտոնը ցանկանում է դիվերսիֆիկացնել կարևոր հանքանյութերի մատակարարման աղբյուրները, որպեսզի նվազեցնի Չինաստանից կախվածությունը։
Օրերս Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագրեր է ստորագրել նաև Մալայզիայի, Թաիլանդի և Ավստրալիայի հետ։ Երկու ղեկավարները նաև ստորագրել են «նոր ոսկեդարի» շուրջ համաձայնագիր, որը վերաբերում է երկու դաշնակիցների կողմից այս տարի ավելի վաղ ստորագրված համաձայնագրերին՝ կապված ռազմավարական ներդրումների և փոխադարձ ազգային շահերի հետ։ Նոր ստորագրված փաստաթղթում ասվում է, որ Թրամփը և Տակաիչին «գոհունակությամբ նշել են երկու երկրների արագ և շարունակական ջանքերը և հաստատել են իրենց ամուր հանձնառությունը՝ իրագործել այս հրաշալի համաձայնությունը»։
Համաձայնագիրը կօգնի երկու երկրներին «ամրապնդել տնտեսական անվտանգությունը, խթանել տնտեսական աճը և դրանով իսկ շարունակաբար կտանի դեպի համաշխարհային բարգավաճում»:
Նաև ասվում է, որ Թրամփը և Տակաիչին խոսել են համապատասխան պաշտոնյաների հետ՝ «հետագա քայլեր ձեռնարկել ԱՄՆ-Ճապոնիա անընդհատ զարգացող դաշնակցության նոր ոսկեդարի ուղղությամբ»։
«Նոր ոսկեդարի» և հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ փաստաթղթերը ստորագրելիս Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիան ԱՄՆ-ի դաշնակիցն է «ամենաբարձր մակարդակով»։ Նա նաև ընդգծել է ընտրություններում Տակաիչիի՝ որպես Ճապոնիայի առաջին կին վարչապետի հաղթանակի կարևորությունը։

