Բաժիններ՝

Ո՞րն է մատաղի Խորհուրդը

«Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6.1-3):

Մատաղը Հայ Առաքելական Եկեղեցու բարեպաշտական արարողություններից մեկն է և ունի իր կարևոր դերը քրիստոնյա ժողովրդի կյանքում: Բարեպաշտական այս սովորույթը սկիզբ է առել դեռևս 4-րդ դարում, իսկ հետագայում դարձել ազգային-եկեղեցական կյանքի անբաժանելի մասը:

Մատաղի և դրա խորհրդի վերաբերյալ հիշատակություններ են հանդիպում նաև Աստվածաշնչում: Օրինակ` «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի կանչիր ոչ քո բարեկամներին, ոչ քո եղբայրներին, ոչ քո ազգականներին և ոչ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն անես կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկ. ԺԴ 12-14), «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, Եվ ըստ նրա տվածի էլ Աստված կհատուցի նրան» (Առակ. ԺԹ 17):

Մատաղի և դրա նշանակության մասին խոսվել է նաև Հայ Եկեղեցու նշանավոր Հայրերի և դարի պատմիչների կողմից: Օրինակ` VII–VIII դարերի պատմիչ Հովհան Մամիկոնյանի մատյանում պահպանվել է մի կարևոր հիշատակություն նվիրված Մատաղին. «Իսկ երբ թագավորն ու իշխանները ետ դարձան դեպի Արձանը և իջան Ս. Գրիգորի մոտ` Ս. Կարապետի գտնված տեղը, մեծապես գոհություն էին հայտնում Աստծուն, Պատարագ էին մատուցում, անհամար սպիտակ անասուններ, նոխազներ ու գառներ մատաղ էին անում և աղքատներին բազում ողորմություն տալիս»:

Կարդացեք նաև

Հետաքրքրական է նաև Ոսկեդարի պատմիչ Ղազար Փարպեցու տեղեկությունը նվիրված այս ավանդույթին, որտեղ նա ներկայացնում է Հայոց Մարզպան Վահան Մամիկոնյանի արարքը. «Մտնելով Դվին ոստանը և արժանավորապես շնորհակալության պատարագ մատուցելով Աստծուն, հետո, նախ ըստ սովորության, կատարելով աղքատներին մատուցելիք նվերները, իրենք էլ ուրախացան Աստծուն հաճելի խնդալից սրտով»:

Իսկ ըստ Ս. Գրիգոր Տաթևացու ստուգաբանության «մատաղ» նշանակում է՝ «մատուցի՛ր աղ»:

Մատաղի իմաստն ու ասելիքը` բարեգթությունն ու ողորմածությունն է՝ հանդեպ կարիքավորը և Աստծուն մեր երկրպագությունը մատուցելն ու նրա Սուրբ Հոգով լցվելը, այդ պատճառով նախ հարկավոր է ներքուստ գիտակցել դրա խորհուրդը և դրական փոփոխություններ կատարել մեր մեջ, քանզի առանց դրա ամեն ինչ անիմաստ է:

Արմեն Չաքմիշյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս