«Չի կարող նման լուծում լինել առհասարակ». ադրբեջանագետ
Երեկ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար, և այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում։ Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահն ասի և ընդունի նույն բանաձևը. ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդների համար»:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային 168.am-ը հարցրեց, թե ո՞րն է խնդրի այն լուծումը, որը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար։
«Չի կարող նման լուծում լինել առհասարակ»,- եղավ ադրբեջանագետի պատասխանը։
Մեր այն հարցին, թե այդ դեպքում այս հայտարարությունն ի՞նչ էր նշանակում, ո՞ր լսարանին էր ուղղված ու ի՞նչ մեսիջ էր իր մեջ պարունակում, Անժելա Էլիբեգովան ասաց, որ ենթադրում է՝ պատկերը հետևյալն է, որ Հայաստանը բանակցային գործընթացում ավելի կոնստրուկտիվ է, և, ի տարբերություն Ադրբեջանի, ցանկանում է լսել բոլոր կողմերի կարծիքները հարցի շուրջ։
«Բայց երբ արվում է հայտարարություն, որ բոլոր կողմերին պետք է ձեռնտու լինի խնդրի լուծումը… հիանալի է, սակայն, երբ դրա մասին խոսում ենք, պետք է նաև առաջարկելու տարբերակ ունենանք, որը ես չեմ պատկերացնում այսօրվա դրությամբ, որովհետև հայկական և ադրբեջանական հասարակությունների պատկերացումը լուծման մասին ոչ թե տարբեր է, այլ ծայրահեղ բևեռացված տարբեր է։ Ադրբեջանցիները ենթադրում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք ունենք դիրքորոշում ըստ երևույթին, որ Արցախը պետք է լինի Հայաստանի կազմում կամ անկախ պետություն։ Ես, ճիշտն ասած, մինչև հիմա և մինչև վերջ մեր պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ դեռ չեմ հասկանում, որովհետև մենք և դիրքորոշում ունենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակացային սեղանի շուրջ, և ունենք դիրքորոշում, որ Արցախը Հայաստան է, և վերջ»,- ասաց ադրբեջանագետը։
Վերջինս կարծում է, որ քանի որ չկա հստակ դիրքորոշում, ու ենթադրենք՝ այս պահի դրությամբ այն կերպ է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, և Ադրբեջանն իր տեսանկյունից ասում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ, ու սրանք, փաստորեն, իրարամերժ դիրքորոշումներ են, և պետք է լինի լուծում, որը ձեռնտու պետք է լինի բոլոր կողմերին, նույնիսկ մոտավորապես չի պատկերացնում, և, ցավոք, այդ լուծումը չի բարձրաձայնվել, որ վերլուծենք և հասկանանք, թե ինչ տարբերակներ կան։
«Եթե մենք խոսում ենք փոխզիջումների մասին, ադրբեջանական կողմը դրանցից հետո էլի փոխզիջումներ է պահանջելու, հետո՝ նորից փոխզիջումներ, հետո աչքը սևեռելու է Զանգեզուրի վրա, հետո՝ Երևանի վրա, Սևանի, Էջմիածնի… Այսինքն՝ իրենց ախորժակը գնալով բացվում է, երբ իրենց հետ խոսում ես ինչ-որ փոխզիջումների մասին։ Հետևաբար՝ ես առհասարակ դժվարությամբ եմ պատկերացնում մեր՝ ադրբեջանական հասարակության հետ համատեղ համերաշխ բնակվելն այս փուլում, մինչև մի քանի տասնամյակ պահանջող շատ ծանր ու բարդ աշխատանք չտարվի, որպեսզի կարողանանք ընդհանուր լեզու գտնել։ Այս պահի դրությամբ ես պատկերացում չունեմ, թե դա ինչպես է լինելու, որովհետև նրանք ունեն հստակ դիրքորոշում, այն է՝ հայերը պետք է վերանան։ Այստեղ նրանք երկմտելու տեղ չեն թողնում, և ես չեմ կարծում, որ իրենց նման դիրքորոշումը բավարարող լուծում համանախագահները կամ մենք կարող ենք նրանց առաջարկել»,- ասաց ադրբեջանագետ Ա. Էլիբեգովան։
Նա կարծում է, որ այստեղ մի տարբերակ կա. Ադրբեջանին պետք է պարտադրվի խաղաղություն, և դա այս պարագայում միակ լուծումն է։
Գոհար Սավզյան