Հանրահայտ մարզիկը կարտագաղթի՞ Հայաստանից
Օգոստոսի 30-ին մեր կայքում հրապարակված՝ «Նոր Հայաստանում է՞լ են «սուտ մատնության» հիման վրա «քրեական գործ սարքում» հոդվածում անդրադարձել էինք մի քրեական գործի, որը հիմնված է բացառապես մեկ կողմի ցուցմունքի վրա, և պաշտպանական կողմի պնդումով` ի սկզբանե կողմնակալ մոտեցում է եղել և խախտվել են մեղադրյալ կողմերի իրավունքները։ Պաշտպանական կողմն այդ մեղադրանքը որակում է՝ որպես «սուտ մատնություն» և պնդում, որ այդ գործը ամբողջովին կողմնակալ է քննվել։
Այդ հրապարակման մեջ նշել ենք, որ նախաքննության մարմինները չեն ապահովել պաշտպանական կողմի` առերեսման իրավունքը, ինչպես նաև անմեղության կանխավարկածը։
Մեր տեղեկություններով, այդ նյութի հրապարակումից ընդամենը մի քանի օր անց նախաքննության մարմինները, այնուամենայնիվ, կազմակերպել են առերեսում։ Փաստորեն մեկ ամսից ավել անգործություն ցուցաբերելուց և պաշտպանական կողմի երկու միջնորդություններն անտեսելուց հետո, ընդամենը մի քանի օրում հնարավո՞ր եղավ կազմակերպել այդ առերեսումը։
Մեր տեղեկություններով, այդ առերեսման արդյունքում մեղադրող կողմի ցուցմունքը հերքվել է, ուստի այն ամբողջությամբ միակողմանի ցուցմունքի հիման վրա է, որը, ըստ պարզ տրամաբանության, դատարանը չպետք է բավարարի։ Այս հարցի վերաբերյալ զրուցել ենք հանրահայտ մարզիկ, մի շարք միջազգային մրցումների մասնակից և հաղթող Վահրամ Հակոբյանի հետ, ում հանդեպ մեղադրանք է առաջադրվել։
«Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ կողմնակալ մոտեցում է ցուցաբերվում իմ և իմ ընկերոջ հանդեպ։ Ինչպե՞ս կարելի է բացառապես մեկ կողմի ցուցմունքի հիման վրա նման «գործ սարքել», այն էլ` այսքան վարկաբեկիչ շեշտադրումներով։ Մեղադրողն իմ երկար տարիների մտերիմն է եղել, և վերջերս մենք խնդիրներ ենք ունեցել այն պատճառով, որ ես դեմ եմ եղել իր կողմնակի սիրային կապին, որովհետև չէի ուզում իր ընտանիքը քանդվի։ Եվ արդյունքում ի՞նչ ստացվեց. իմ և իմ ընկերոջ դեմ երկուսով ցուցմունք տվեցին, թե իբր շորթման փորձ եմ արել, այն էլ` իբր թե սպառնալով, որ իրենց սեռական բնույթի տեսահոլովակը կգցեմ ինտերնետ։ Այդպիսի նյութի ես չեմ տիրապետում, և ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես երբեք նման քայլի չէի գնա, ես այդ տեսակը չեմ։ Ինչպե՞ս կարելի է բացառապես մեկ կողմի` նման սին և մտացածին մեղադրանքի հիման վրա մարդուն զրկել իր ազատությունից կամ ինքնապաշտպանվելու իրավունքից։ Ես արդարադատություն եմ պահանջում»,- ասում է նա։
Հարկ էլ նշել նաև, որ «Սուտ մատնությունը» քրեորեն պատժելի արարք է, որի համար, ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-մասի 1-ին կետի, ազատազրկման պատիժ է նախատեսվում` առավելագույնը 5 տարի ժամկետով։ Հավանաբար, պատիժն ավելի խիստ է այն դեպքերում, երբ նման «սուտ մատնությունը» կատարվում է մեկից ավելի անձանց հանցավոր համաձայնության արդյունքում։
Վերը նշված հոդվածը նաև անգլերեն է հրապարակվել, որից հետո Վահրամը երեք առաջարկ է ստացել միջազգային մրցույթներում հանդես գալ այսուհետ ոչ թե Հայաստանի դրոշի ներքո, այլ առաջարկող կողմերի։
«Հոդվածի անգլերեն թարգմանությունը տարածել եմ Ֆեյսբուքով, որից հետո անմիջապես ինձ հետ կապ են հաստատել երեք պետություններից` Վրաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, և առաջարկել են միանամ իրենց ֆեդերացիային և հանդես գամ իրենց երկրի դրոշի ներքո։ Ինձ համար սա անակնկալ չէր, քանի որ իմ ուղին ես ինքս եմ հարթել, և շատ լավ գիտակցում եմ իմ արժեքը։ Մինչ օրս Հայաստանը ներկայացնելու ոչ մի աջակցություն ոչ մեկից չեմ ստացել. ամեն ինչ արել եմ ինքս։
Ինքնուրույն մարզվել եմ, ինքնուրույն գրանցվել մրցույթներին մասնակցելուն, և իմ ծախսերը հոգացել եմ ինքս։ Հայաստանի դրոշը տարբեր հարթակներից պարզել եմ հպարտությամբ։ Վրաստանում կայացած` Սևծովյան երկրների մրցաշարում զբաղեցրել եմ երրորդ տեղը։ Իսպանիայի` Ալիկանտե քաղաքում կայացած աշխարհի մրցումներում լավագույն տասնյակի մեջ եմ եղել` գրավելով 9-րդ տեղը։ Այս հետախուզման պատճառով բաց եմ թողել երկու` ինձ համար չափազանց կարևոր մրցաշարեր»,- ասում է Վահրամ Հակոբյանը:
Մեր հարցին, թե արդյո՞ք այս անփույթ գործի պատճառով մարզիկը կարող է արտագաղթել և հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո, քանի որ կան նման առաջարկներ, Վահրամ Հակոբյանը պատասխանեց.
«Ես ներքուստ հավատում եմ, որ իմ երկրում իմ հանդեպ այս անհիմն «սարքված» հետապնդումը կդադարեցվի, և ես ստիպված չեմ լինի այլ դրոշի ներքո հանդես գալ։ Միանշանակ` ո՛չ. ես տրամադրված եմ շարունակելու ներկայացնել Հայաստանը։ Շարունակելու եմ նաև պայքարել արդարության համար։ Ներկայացնելու եմ Հայաստանը և Հայաստանի դրոշը բարձր եմ պարզելու։ Ես սիրում եմ իմ երկիրը, մնում է՝ իմ երկիրն էլ ինձ սիրի»։
«168 ժամը» այս գործն իր ուշադրության կենտրոնում է պահելու, և պարբերաբար հանդես է գալու մանրամասների հրապարակմամբ, որպեսզի այս թնջուկը թափանցիկ պայմաններում արդար հանգուցալուծում ունենա։
Մերի Սահակյան
Հ.Գ. Անձը համարվում է անﬔղ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել օրինական ուժի ﬔջ մտած դատավճռով: