Բաժիններ՝

Նոր Հայաստանում է՞լ են «սուտ մատնության» հիման վրա «քրեական գործ սարքում»

Մի շարք հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքով՝ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառներից մեկը նաև Հայաստանի դատական համակարգն է։ Ըստ նման գնահատականների՝ Սովետական Միությունից ժառանգած դատական համակարգը չի ապահովում կողմերի մրցակցային պաշտպանությունը, քանզի նախաքննության մարմինները դեռևս իրավունք ունեն անձի հանդեպ մեղադրանք առաջադրել, նախքան բոլոր կողմերը դատարանում թափանցիկ կերպով հնարավորություն կստանան պաշտպանվել։

Թավշյա հեղափոխությունն իր հետ բերեց մեծ հույսեր և ակնկալիքներ, որն իր հերթին՝ ոգևորություն առաջացրեց և, որոշ գնահատականներով, ներգաղթ խթանեց դեպի Հայաստան։ Այս` Հայաստանին չափազանց անհրաժեշտ ձեռքբերումը երկար չի լինի, չի շարունակվի, և «Նոր Հայաստան» չի լինի, քանի դեռ դատական համակարգը և քննչական ու դատախազության մարմինները գործում են Սովետական ժանգոտած մեթոդներով, որոնք կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում և չեն ապահովում դատական գործընթացների բոլոր մասնակիցների պատշաճ պաշտպանությունը։

Այսօր կանդրադառնանք մի քրեական գործի, որի հիմքում մեկ կողմի ցուցմունք է, ինչը, պաշտպանական կողմի պնդմամբ` սին և «սուտ մատնություն է», և այդ ամբողջ ընթացքում խախտվել է տվյալ սուբյեկտների անմեղության կանխավարկածի սկզբունքային իրավունքը։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչում է կայանում մեղադրանքը, ասաց. «Մեղադրանքը կայանում է նրանում, որ Սմբատ Ավդալյանին և Վահրամ Հակոբյանին մեղադրում են Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ։ Այդ հանցակազմն իրենից ներկայացնում է շորթման հանցակազմ։ Նշեմ, որ շորթման հանցակազմը իրենից ներկայացնում է որոշակի անձի կողմից գումարի պահանջում մեկ այլ անձից, որը պետք է զուգորդվի բռնության գործադրումով, կամ դրա սպառնալիքով, կամ այդ անձի վերաբերյալ համապատասխան արատավոր տեղեկատվության հրապարակման սպառնալիքով, կամ գույքի վնասման և փչացման սպառնալիքով։

Նշեմ, որ ի սկզբանե սույն մեղադրանքը եղել է ապօրինի, քանի որ քրեական գործում առկա փաստերի գերակշիռ մասը վկայում է այն մասին, որ այս մեղադրանքը մտացածին է և որևէ աղերս չունի իրականության հետ։ Ի սկզբանե մեղադրանքի հիմքում դրված են եղել բացառապես տուժող Վաղինակ Ղազարյանի և նրա հարազատ եղբայրներ Արման և Արմեն Ղազարյանների ցուցմունքները միայն, որոնք որ պաշտպանական կողմը դիտարկում է միանշանակ ոչ արժանահավատ, քանի որ դրանք քրեական գործի այլ օբյեկտիվ ապացույցներով ոչ թե հաստատվում, այլ հակառակը` հերքվում են»։

Հարկ է նշել, որ վերը նշված անձինք ցուցմունք են տվել այն մասին, թե իբրև Վահրամ Հակոբյանը և Սմբատ Ավդալյանը «տուժողից» պահանջել են 100.000 դոլար և սպառնացել են, թե իբր այդ գումարը չտալու դեպքում մեղադրողի և իր ընկերուհու մասնակցությամբ սեռական բնույթի տեսահոլովակ կհրապարակեն ինտերնետում։

Վահրամ Հակոբյանը, ով բոդիբիլդինգի ոլորտում բազում ձեռքբերումներ ունի և սպորտի աշխարհում ճանաչված մարզիկ է, պնդում է, որ այդ մեղադրանքն ամբողջովին մտացածին է, և այն որակում է՝ որպես «սուտ մատնություն», ինչի դեմ նա մինչև վերջ պայքարելու է, և հարկ եղած դեպքում ընդհուպ նաև՝ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վահրամը պնդում է, որ սա ոչ միային «սուտ մատնություն է», այլ իր համար ծայրահեղ անցանկալի վարկաբեկող սին մեղադրանք։

Ի սկզբանե այս քրեական գործի համար քննիչը հիմք է ընդունել բացառապես «տուժող» կողմի ցուցմունքը, և իր անգործությամբ փաստացի խուսափում է «տուժողի» երկու եղբայրների հետ առերեսում կատարելուց։

Փաստաբանի համոզմամբ, նախաքննության մարմնի կողմից ի սկզբանե եղել է կողմնակալ վերաբերմունք, ինչը գործի ընթացքում նույնպես հետագայում քննիչի բազմաթիվ հայտարարություններով միանգամայն հաստատվել է։ Մասնավորապես, ս.թ. օգոստոսի 27-ին, երբ Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննության էր առնվել պաշտպանական կողմի միջնորդությունը Սմբատ Ավդալյանի նկատմամբ կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, դատական նիստի ընթացքում քննիչն իր ելույթում հստակ հայտարարել է, որ «Սմբատ Ավդալյանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը»։ Սա ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի խախտում, քանի որ յուրաքանչյուր պաշտոնյա. կլինի դա քննիչ, դատախազ թե այլ անձ, իրենք կարող են ընդամենն իրենց հայտարարությունների մեջ ասել, որ Սմբատ Ավդալյանն ընդամենը մեղադրվում է այս կամ այն հանցանքի կատարման մեջ, բայց ոչ մի կերպ իրավունք չունեն հայտարարելու, որ վերջինս այդ արարքը կատարել է։

Նշենք, որ նախաքննությունը վարող քննիչը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական մարմնի ներկայացուցիչ Էդուարդ Հովհաննիսյանն է։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշում է, որ ի սկզբանե «Սմբատ Ավդալյանի հանդեպ կիրառվել է ամենախիստ տեսակի խափանման միջոցը, որը կալանքն է, այն էլ՝ բացառապես «տուժողի» և նրա եղբայրների ցուցմունքի հիման վրա, որը սույն քրեական գործով, ինչպես արդեն նշվեց, այլ օբյեկտիվ ապացույցներով որևէ կերպ չի հաստատվում, և պաշտպանական կողմն այն կարծիքին է, որ միայն գործով շահագրգրռված անձանց ցուցմունքների հիման վրա անձին զրկել ազատությունից անօրինական է։

«Ի դեպ, նշեմ, որ ազատության իրավունքը սպիտակ թերթի վրա սև տառերով տպագրված երևույթ չէ, այլ բարձր արժեք ունեցող իրավունք է, հետևաբար՝ դրա սահմանափակումը պետք է առավել քան հիմնավորված լինի, և դրա հիմքում պետք է դրված լինեն ծանրակշիռ փաստական տվյալներ, այլ ոչ թե չստուգված և հավատ չներշնչող մտացածին տեղեկություններ»,- հավելեց փաստաբանը։

«Օրենքի պահանջով պարտադիր է, որպեսզի Սմբատի հետ առերեսում կատարվի, որովհետև այստեղ կոնֆրոնտացիայի իրավունքի կա։ Եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցեր ուղղելու իր դեմ ցուցմունք տվող անձանց, և պետության ուղղակի պարտականությունն է՝ ապահովել անձի հակընդդեմ հարցման իրավունքը։

Երկու անգամ առերեսման միջնորդություն ենք ներկայացրել, որոնք նախաքննության մարմնի կողմից անտեսվել են։ Առաջին միջնորդությունը ներկայացրել ենք հունիսի 25-ին («տուժողի» եղբայրների հետ առերեսում կատարելու վերաբերյալ), և մյուս` նույնաբովանդակ միջնորդությունը ներկայացրել ենք հուլիսի 27-ին։

Առաջին միջնորդությունից հետո, ըստ օրենքի, քննիչն ուներ հնգօրյա ժամկետ այս միջնորդությունը քննարկելու և լուծում տալու, այսինքն՝ կամ միջնորդությունը բավարարելու, կամ մերժելու, կամ էլ միջնորդության քննարկումը հետաձգելու մասին։ Այդ որոշումներից որևէ մեկն այդ հնգօրյա ժամկետում չի կայացվել։ Այստեղ գործ ունենք քննիչի անգործության հետ»,- նշում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը և հավելում, որ սա կոնֆրոնտացիայի իրավունքի խախտում է։

«Կարծում ենք, որ առերեսում չկատարելը նպատակ է հետապնդում զրկել պաշտպանական կողմին չեզոքացնելու դատարանի կողմից Սմբատ Ավդալյանի կալանքի հիմքում դրված միակ հիմքը. այն է` քննությանը խոչընդոտելու վտանգը, քանի որ նախաքննական մարմինը շատ լավ հասկանում է, որ, եթե կատարվեն առերես հարցաքննությունները գործով անցնող բոլոր անհրաժեշտ վկաների հետ, ապա այդ հիմքը ինքնըստինքյան կվերացվի կամ գոնե էապես կնվազի, որի հետևանքով էլ Սմբատ Ավդալյանը կհայտնվի ազատության մեջ, քանի որ նրան կալանքի տակ պահելու այլ հիմքեր առկա չեն, որի մասին էլ հաստատել է նաև դատարանը»,- նշում է փաստաբանը` շեշտելով, որ հենց գործի ամենասկզբից եղել է ոչ անաչառ մոտեցում նախաքննության մարմնի կողմից։

Հարկ է նշել, որ մեր տեղեկություններով՝ մեղադրող կողմը գործարար է, ով տնօրինում է նախկին պատգամավորներից մեկի ֆինանսական միջոցները և այդ միջոցներով տարիների ընթացքում նրա բիզնեսն է վարել։ Գործի նախաքննությանը չխանգարելու նպատակով այդ անունը չենք նշում, սակայն հետագայում այդ անունը նույնպես կհրապարակենք։

Քննիչի պնդմամբ, այս` ի սկզբանե կանխակալ վերաբերմունքի արդյունքում մյուս «մեղադրյալի»` Վահրամ Հակոբյանի իրավունքներն էլ են ոտնահարվել, և իր նկատմամբ` առանց պաշտպանական կողմին ինքնապաշտպանության իրավունք տալու, հետախուզում է հայտարարվել։ Վահրամ Հակոբյանը, լինելով հանրահայտ մարզիկ, նախքան այս` մեղադրական ցուցմունքի հիման վրա գործի վարույթ սկսելը, ՀՀ-ից մեկնած է եղել, որպեսզի միջազգային մրցույթի մասնակցելու նպատակով մրցունակ պայմաններում մարզվի։ Այսինքն, վերջինս Հայաստանից մեկնել է, երբ դեռ հարուցված քրեական հետապնդում չկար իր դեմ։

«Սակայն, իր բացակայության ընթացքում, առանց իրեն ինքնապաշտպանվելու իրավունք տալու, նախաքննության մարմինը հապշտապ կերպով մեղադրանք է առաջադրել և հետախուզում հայտարարել։ Սա միանշանակ անօրինական է, քանի որ անձի նկատմամբ հետախուզման որոշում կարելի է կայացնել այն դեպքում, երբ անձը թաքնվում է վարույթ իրականացնող մարմնից, կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Հետախուզման որոշման մեջ հիմքն այն է, թե իբրև Վահրամը խուսափում է վարույթից, սակայն փաստենք, որ խուսափել նշանակում է այն, որ անձը գիտակցում է, որ իր հանդեպ քրեական հետապնդում է հարուցված, և դրանից դրդված՝ լքում է երկիրը, ինչը կարող է որակվել՝ որպես փախուստ։ Վարույթն իրականացնող մարմնի համար էլ գաղտնիք չէ, որ Վահրամը երկրից մեկնել էր նախքան վարույթի սկսվելը։ Նման պայմաններում անտրամաբանական է վարույթ իրականացնող մարմնի այն պնդումը, որ Վահրամ Հակոբյանը խուսափել է քննությունից»,- նշում է պաշտպանական կողմը։

Նշենք, որ Սմբատ Ավդալյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը (նստավայրը` Նորք-Մարաշ)։

Այս գործը թերևս կլինի հասարակության, ինչպես նաև իշխանությունների ուշադրության կենտրոնում, և չի դառնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված հաջորդ գործը, որի դեպքում նախաքննության մարմինների ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի և Սովետական Միությունից ժառանգած թերի արդարադատության համակարգի գործունեության արդյունքում հարկատուները ստիպված չեն լինի նորից մեծ գումարներ վճարել բյուջեից՝ որպես փոխհատուցում։

Հարկ էլ նշել նաև, որ «Սուտ մատնությունը» քրեորեն պատժելի արարք է, որի համար, ըստ ՀՀ Քրեական Օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-մասի 1-ին կետի, ազատազրկման պատիժ է նախատեսվում` առավելագույնը 5 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մերի Սահակյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս