
«Փաշինյանը թող Google մտնի ու կարդա` ո՞ւմ են ուզում Միհրան Պողոսյանի հետ փոխանակել». Տիգրան Քոչարյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին չարտահանձնելն ու ռուս ընդդիմադիր Վիտալի Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալը քաղաքագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով կարելի է կապել իրար հետ:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետն այս տարբերակով Ռուսաստանից «մուռ հանելը» զավեշտալի է որակել:
«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին չարտահանձնելն ու ռուս ընդդիմադիր Վիտալի Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալը կարելի է կապել իրար հետ, և եթե մեր իշխանությունները որոշել են այդպիսով Միհրան Պողոսյանի «մուռը հանել», ապա դա ուղղակի զավեշտալի է: Կատեգորիաները լրիվ տարբեր են. Շիշկինն ազգայնական է և հակահայկական ցույցեր է հրահրել ժամանակին Ռուսաստանում, և թե ինքը ո՞նց դարձավ իրավապաշտպան ու քաղհալածյալ, դա էլ է շատ զարմանալի»:
Տիգրան Քոչարյանը կատարվածի մեկ այլ սցենար էլ է առաջարկում: Ասում է՝ հնարավոր է, որ սա խայծ է, որը Հայաստանը կուլ է տվել:
«Մի տարբերակ էլ կա, որ ուղղակի ինչ-որ «կուտ է եղել» Ռուսաստանի կողմից և, ցավոք սրտի, մեր իշխանություն կազմողներից ոմանք այդ «կուտը կերել են», և հիմա շատ անհարմար վիճակի մեջ են հայտնվել, որովհետև անհամեմատելի կատեգորիաներ են՝ Միհրան Պողոսյանը՝ պետական պաշտոնյա, պատգամավոր, նաև կոռուպցիայի մեջ է մեղադրվում, ու «какой нибудь» Շիշկինը, որին համարյա ոչ ոք չի ճանաչում, կամ ճանաչում են շատ նեղ ազգայնական շրջանակներում: Միգուցե «կուտ են տվել», որ Հայաստանը հայտնվի վատ իրավիճակի մեջ, և հետո կարողանան ավելի շատ բան կորզել: Աշխարհում այդպիսի բաներն ընդունված են: Ես չգիտեմ՝ այդ «կուտը կերել է» սորոսակա՞ն թևը, որի մեջ մտնում է նաև Արդարադատության նախարարությունը (եթե չեմ սխալվում՝ իրենք են տալիս այդ կարգավիճակը), թե՞ ընդհանուր է դա եղել: Կարելի է ասել՝ Շիշկինը քաղաքական «բոմժ է», և նրա միջոցով փորձել որևէ հարց լուծել, կամ Ռուսաստանին վատություն անել՝ ուղղակի զավեշտալի է: Շատ ցածր կատեգորիա է»,- ասաց մեր զրուցակիցը:
Վիտալի Շիշկինին Հայաստանում քաղաքական հալածյալի ապաստան տալը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ:
«Ինչքան գիտեմ Շիշկինն ասել է, որ ոչ էլ ուզում է Հայաստանում մնալ, միտքը Եվրոպա գնալն է: Մարդը (վարչապետ Նիկոլ Փաշինյանը) գնում ամեն տեղ ասում է՝ մեզ մոտ փայլուն հարաբերություններ են, հետո սենց «քաղաքական բոմժերին» ապաստան տալով՝ ավելի շատ է վատացնում այդ հարաբերությունները և պատրվակ է ստեղծում, որ հետո ռուսական կողմը մեզ մեղադրի տարբեր բաների մեջ, որը կարելի էր և չանել: Փաշինյանը պետք է այդ որոշումն ընդունողների՝ կամ ականջներից ձգի, կամ, եթե ինքն է այդ որոշումն ընդունել, որոշումն ընդունելուց առաջ թող Google մտնի ու կարդա` ո՞ւմ են ուզում իրենք, այսպես ասած, Միհրան Պողոսյանի հետ փոխանակել»:
Մեր հարցին, թե սա կարո՞ղ է ազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան գալու վրա, քաղաքագետը պատասխանեց, որ Շիշկինն այն մարդը չէ, որի համար Պուտինն իր որոշումը փոխի:
«Շիշկինն այն մարդը չի, որի համար Պուտինը կարող է Հայաստան գալ կամ չգալ: Սա մոծակի խայթոց է փղին: Ռուսաստանը կարող է այս իրավիճակն օգտագործել այնպես, ինչպես ինքն ուզենա: Չնայած մենք դաշնակից ենք, բայց ամեն մեկն իր շահերն է պաշտպանում, և սա շատ լավ առիթ է, որ ուրիշ ճակատում, ուրիշ ուղղությամբ Ռուսաստանը փորձի ավելին կորզել Հայաստանից: Այսպիսի առիթներ ուղղակի չպետք է տալ»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ