Մարդու տարիքը շատ հաճախ ուղղակի կապ ունի մաշկի արտաքին խնդիրների հետ

Շատ խոնավ մաշկ

Շատ խոնավ մաշկը միշտ թաց է երեւում, ինչն էլ չափից ավելի քրտնելու հետեւանք է: Էսթետիսիանը չի կարող կարգավորել այս հարցը, համապատասխան մասնագետի պետք է դիմել, քանի որ դրա պատճառը ֆիզիկական ներքին, ինչպես հորմոնային կամ մետաբոլիկ, խախտումներն են: Այսպիսի մաշկ ունեցողները պետք է օգտվեն թեթեւ մաքրող նյութերից, բարձր տոկոսով սպիրտ պարունակող մաշկը մաքրող նյութերը հարմար չեն այսպիսի մաշկերին եւ կարող են այն գրգռել ու ավելի շուտ քրտնեցնել: Ցանկալի է, որ այսպիսի մաշկ ունեցողը կծու ուտեստներից խուսափի եւ իմանա, որ ոգելից խմիչքներն ու տաք ըմպելիքները լայնացնում են մաշկի անոթները եւ բարձրացնում մաշկի ջերմաստիճանը:

Այտուցված մաշկ

Այտուցված մաշկն ուռած է երեւում: Դա տեղի է ունենում ջրային կուտակումներից: Այս երեւույթը կարող է առաջանալ ներքին որոշ հիվանդությունների կամ որոշ դեղերի օգտագործման հետեւանքով: Շատ տաք կլիման նույնպես կարող է այսպիսի երեւույթ առաջացնել, սակայն դա անցողիկ է, ինչպես տեղային հյուսվածքների վնասվածքը:

Կարդացեք նաև

Այտուցվածությունը կարող է առաջանալ նաեւ արյան շրջանառության խախտումից (օրինակ՝ աչքերի շուրջ ուռածությունը), սխալ սնվելուց, որը պատճառ է դառնում, որպեսզի հյուսվածքների ջուրը մնա մաշկի տակ (օրինակ՝ աղ օգտագործելու կամ ոգելից խմիչք խմելու դեպքում):

Մաշկի տարիքը

Մարդու տարիքը շատ հաճախ ուղղակի կապ ունի մաշկի արտաքին խնդիրների հետ: Օրինակ, երիտասարդը հաճախ բողոքում է սեւ կետիկներից (կոմեդոն), ակնեներից եւ պզուկներից, որոնք ճարպագեղձերի ավելորդ արտադրության հետեւանք են:

Կամ, 25-ից բարձր տարիք ունեցողի մաշկը համարվում է հասուն մաշկ, որը, սակայն, ունի բավարար առաձգականություն, կոլագենի եւ էլաստինի առողջ շերտեր եւ մկանային ամուր կառուցվածք: Էսթետիսիանը մաշկին նայելով ու այն շոշափելով, տեսնելով նրա տեսքը, դեֆեկտները, կնճիռները եւ առաձգականությունը, պետք է կարողանա կռահել տվյալ մարդու տարիքը:

Հասուն մաշկ

Բարձր տարիք ունեցող մարդկանց մաշկային փոփոխությունները սերտ կապ ունեն հորմոնային փոփոխությունների հետ: Տարեց մաշկն ունի հետեւյալ առանձնահատկությունները.

  • Ճարպագեղձերի ու քրտնագեղձերի աշխատանքը նվազում է, եւ, հետեւաբար, մաշկը չորանում է:
  • Մաշկի էլաստինի շերտերը գնալով կորցնում են իրենց առաձգական հատկությունը:
  • Կոլագենի շերտերը քայքայվում են, եւ կնճիռներ են հայտնվում մաշկի վրա:
  • Մաշկի վերին շերտի (էպիդերմ) աճը դանդաղում է, հետեւաբար` մաշկը բարակում է, եւ երբեմն դրա հետեւանքով նկատելի են դառնում մազանոթները:
  • Մազանոթները լայնանում կամ պատռվում են, հատկապես՝ քթի կողքերում եւ այտերի վրա:
  • Մկանների թուլացումով՝ գնալով թառամում է դեմքը:
  • Գնալով պակասում է մաշկի տակի ճարպը եւ այն պահպանող հյուսվածքները, եւ հետզհետե ավելի տեսանելի են դառնում ոսկորները:
  • Արյան շրջանառությունը դանդաղում է, որի հետեւանքով խանգարվում է մաշկի սնուցումը: Հետեւաբար` մաշկը դեղնում է:
  • Պակասում է մաշկի նյութափոխանակությունը (մետաբոլիզմ), որի հետեւանքով արագ չի արտահանվում բջջային արտաթորանքը, եւ դեմքն այտուցված տեսք է ունենում:
  • Մաշկի վրա երեւան են գալիս պիգմենտացիաներ:

Տարիքի առաջացումով կարող են երեւան գալ նաեւ այլ հատկություններ, որոնք մաշկի ծերացման հետեւանք չեն համարվում, սակայն տարիքի հետ են կապված.

  • Խալերը կարող են ավելի մեծանալ:
  • Կարող են ավելանալ թելի պես փոքր գորտնուկները:
  • Դեմքի որոշ հատվածների վրա մազակալումներ են նկատվում:
  • Աչքերի շուրջ կարող են հայտնվել մուգ շրջանակներ կամ այտուցվածություն:
  • Մաշկի կշռի 1/8-ը մաշկն է, որը մոտավորապես 1,5 քառ. մետր է (նայած մարմնի)։ Մաշկի ամենաբարակ մասը 0,05 մմ հաստություն ունի, իսկ ամենահաստ հատվածներն են` բռան մեջը եւ ոտքի տակը, շուրջ 5 մմ։
  • Յուրաքանչյուր 5 օրը մեկ մենք կորցնում ենք մեր մաշկի մակերեսից մի լրիվ շերտ։ Տան փոշու 80 տոկոսը մաշկի մեռած բջիջներն են…
  • Մաշկի կանխահաս ծերացումից խուսափելու համար տարվա բոլոր եղանակներին պետք է արեւապաշտպանիչ նյութեր օգտագործել։
  • Մաշկի ճիշտ մերսումը նաեւ լավացնում է արյան շրջանառությունը, հետեւաբար` բջիջների սնուցումը եւ թթվածնի ընդունումը կատարվում է լիարժեք։
  • Արեւի վնասակար ճառագայթներն ուժեղանում են առավոտյան 11-ից մինչեւ ժամը 15.00-ն։ Հետեւաբար` հատկապես ամռանն այդ ժամերին պետք է խուսափել արեւի տակ լինելուց։ Արեւի վնասակար ճառագայթների ազդեցությունը նկատելու համար ձեռքի մաշկը համեմատեք մարմնի՝ հագուստով ծածկվող որեւէ այլ հատվածի մաշկի հետ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթը թափանցում է մինչեւ ջրի 1 մետր խորքը։ Հետեւաբար, լողալուց եւս պետք է օգտվել արեւապաշտպանիչ քսուքներից։ Դրա համար գոյություն ունեն ջրակայուն արեւապաշտպանիչներ։

Ձվի դեղնուցով դիմակ

Չոր մաշկ ունեցողները կարող են օգտվել այս դիմակից: Ձվի դեղնուցը յուղ եւ խոլեստերին է պարունակում, եւ ճարպագեղձերի նվազ արտադրություն ունեցող մաշկերի համար օգտակար է: Այս դիմակը պատրաստելու համար 1 ձվի դեղնուցին ավելացրեք մի քանի կաթիլ խնձորի քացախ եւ մի քանի կաթիլ նուշի, զեյթունի կամ արեւածաղկի ձեթ: Դիմակը կարող եք մաշկի վրա պահել մինչեւ 20 րոպե, այնուհետեւ այն մաքրեք ջրով կամ վարդաջրով թրջած բամբակով:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս