ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով. ԱՄՆ կոնգրեսական
2020թ. ֆինանսական տարվա մասին օրենքում արված փոփոխությունների համաձայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը՝ հղելով ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերին, ով այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատում ելույթի ժամանակ.
«Ժողովրդավարական բարեփոխումների համար մեկ տարում հատկացվող ֆինանսական օգնության ծավալը մեծանում է 40 մլն դոլարով»:
«Անցյալ տարի Հայաստանը տպավորիչ անցում է կատարել դեպի կայուն ժողովրդավարություն: Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» ստիպում է ինձ ժպտալ ամեն անգամ, երբ մտածում եմ դրա մասին: Հեղափոխության ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ամեն ինչ տեղի է ունեցել առանց մի կաթիլ արյուն թափելու, և մենք պետք է անենք ամեն հնարավոր բան նրանց աջակցելու համար:
Նախորդ տարի Հայաստանը ժողովրդավարական ընտրություններ անցկացրեց, որի արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Վերջերս նրա կառավարությունը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որով գումար է հատկացվում՝ աջակցելու Հայաստանում տնտեսական աճին և դատական համակարգի կառավարության բարելավմանը», – ասել է Շպայերը: