Իրանը Հայաստանից ոռոգման ջուր է ուզում՝ դրա դիմաց գազ առաջարկելով
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ոռոգման ջրի վարձավճարն իրականացնել միայն անկանխիկ ձևով:
««Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 5.1 հոդվածի 2-րդ պարբերության բ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել անկանխիկ ձևով մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
«Մենք տարիներ շարունակ տեսնում ենք, որ ջրօգտագործող ընկերությունները բարգավաճում են, իսկ գյուղացու հողը գնալով չորանում է: Պարզ է, որ մարդիկ այդ վճարումները նպատակին չեն ծառայեցնում, ենթադրվում է, որ այստեղ կան կոռուպցիոն սխեմաներ: Եվ որպեսզի դրանից ձերբազատվենք` առաջարկում եմ, որ այլևս ոչ մի կանխիկ գործարք չկատարվի: Այսինքն, մենք հստակ կտեսնենք գյուղացիների վճարումների ծավալը: Առայսօր դա հայտնի չէ, ենթադրության ոլորտում է: Երբ որ այս ծավալը կտեսնենք, կիմանանք, թե ի՞նչ նպատակներով է օգտագործվում, արդյո՞ք ոռոգման համակարգերը սրա շնորհիվ կարգավորվում են, թե՞ գումարներն այլ տեղեր են հոսում:
Երբ որ սա կճշտվի՝ ես վստահ եմ, որ, եթե կանխիկ գործարք չարվի, մենք կունենանք աստիճանաբար կարգավորվող ոռոգման համակարգ: Պատկերացրեք, մենք յոթ միլիարդ խմ ջուր ունենք, օգտագործում ենք ընդամենը երկու միլիարդը, մնացածը Հայաստանով հոսում է դեպի այլ երկրներ: Այսինքն, ոչ միայն չենք կարողանում ճիշտ օգտագործել, այլև մեր ունեցած ռեսուրսն ուղարկում ենք նվեր այլ երկրներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ունենք նաև ջրամբարաշինության խնդիր:
«Ջրամբարների կառուցումը թանկ է, բայց խիստ անհրաժեշտ: Պատկերացրեք, Արարատյան դաշտավայր հասնող ջրի 80 տոկոսը կորցնում ենք ճանապարհին: Պատճառներից է՝ երկար տարիներ որևէ աշխատանք չիրականացնելը, ջուրը խողովակների միջով չանցկացնելը: Ինքնահոս են, մինչև տեղ է հասնում՝ 80 տոկոսը կորցնում է: Մենք արագ պետք է անցնենք կաթիլային ոռոգման համակարգի, որովհետև ջուրն ափսոս է: Ամբողջ արաբական աշխարհը երազում է Հայաստանի ջրի քանակն ունենալ, իսկ մենք ունենալով՝ չենք կարողանում ճիշտ օգտագործել:
Ասեմ, որ Իրանում մեր վերջին այցի ժամանակ ասացին՝ ոռոգման ջուր տվեք, մենք ձեզ դրա դիմաց գազ ենք առաջարկում: Հիմա պետք է ջրամբարներ կառուցվեն, որ ստանանք համապատասխան բարձրություն, որ այդտեղից հնարավոր լինի ինքնահոս տրամադրել Իրանին՝ ոռոգման համակարգի համար: ՀՀ վարչապետի կողմից հանձնարարված է, որ ուսումնասիրվեն այս հնավորությունները. ջուրը վերջապես գումար բերի Հայաստան: Պետք է մեր ռելիեֆն օգտագործելով՝ էժան ջրամբարաշինությամբ կարողանանք մեր ջուրը դարձնել արդյունաբերական»,- նշեց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը:
Դիտարկմանը՝ արդյո՞ք խանգարող դեր չեն կատարում նաև փոքր հէկ-երը, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց.
«Եթե ճիշտ են կառուցված՝ չեն խանգարում, բայց եթե սխալ են կառուցված կամ լիցենզիայի պայմանները չեն պահում, կխանգարեն: Եվ որտեղ որ վնասում են՝ պետք է փակել: Եթե որևէ բան խանգարում է մեր ժողովրդին, մեր զարգացմանը, գյուղատնտեսությանը, դրանից պետք է հրաժարվել՝ լինի փոքր հէկ, թե հանք»:
Անի Կարապետյան