Բաժիններ՝

Փաշինյանի նշած 50.000 նոր աշխատատեղերի միֆը և ՊԵԿ-ի դերակատարումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 50.000 ավելացած աշխատատուժի թեման շարունակում է մնալ բուռն քննարկումների առարկա քաղաքական ուժերի, տնտեսագետների շրջանում:

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ապրիլի 11-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում արված իր այն հայտարարությանը, թե հեղափոխությունից հետո 10 ամիսների ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել ավելի քան 50 հազար աշխատատեղ՝ իսկապես հիմնավորման և պարզաբանման անհրաժեշտություն ստեղծեց:

Հետագայում, իհարկե, Փաշինյանը պարզաբանեց, իբրև թե թվերն իրական են, քանի որ ձևավորվել են ընկերությունների, ձեռնարկությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա: Սակայն վարչապետի հրապարակած «տպավորիչ» այդ թիվը կասկածի տեղիք էր տվել և մի շարք հարցեր բարձրացրել հանրության շրջանում: Հասարակությանը մասնավորապես հետաքրքրում էր այն, թե ո՞ր ոլորտներում և ե՞րբ են ստեղծվել այդ 50 հազար աշխատատեղերը, այն դեպքում, երբ վերջին մեկ տարին բացասաբար է անդրադարձել տնտեսական ոլորտի վրա:

Արդյունաբերական, մետաղագործության և հանքարդյունաբերության ճյուղերում ունեցել ենք ցուցանիշների անկում, փակվել են գործարաններ, աշխատատեղեր, իսկ մյուս կողմից՝ կառավարությունը լայնածավալ կրճատումներով գնում է կառուցվածքային փոփոխության:

Ավելին, Հայաստանում քաղաքական-տնտեսական այս իրավիճակում, եթե նույնիսկ 100 աշխատատեղ բացվեր, ապա արդեն իսկ մեծ ձեռքբերում կարող էր համարվել, և այն տեսանելի կլիներ բոլորի համար։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, վերլուծելով վարչապետի հայտարարությունը և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացրած վիճակագրական տվյալները, դրանց միջև առկա անհամապատասխանությունը, հետաքրքիր հետևությունների է հանգում: Նախ՝ այն, որ, եթե 50 հազար 141 աշխատատեղ ստվերից է դուրս եկել, ապա դա դեռ չի նշանակում, որ մինչ այդ նրանք աշխատանք չեն ունեցել կամ աշխատավարձ չեն ստացել, պարզապես նրանց գործատուները թաքցրել են սոցիալական պարտավորությունները պետության և այդ աշխատող անձանց մասով, որպեսզի պետական բյուջե չվճարեն իրենց հարկային պարտավորությունները: Բայց այստեղ ավելի կարևոր հանգամանք էլ կա. ստվերի դեմ պայքարում պետության ամենաբարձր դիրքից ուռճացվում է ՊԵԿ-ի դերակատարումը:

Ընդգծվում է, թե ՊԵԿ-ն իր վերահսկողական գործառույթներով հայտնաբերել է չգրանցված աշխատողներ, մինչդեռ իրականում նրանց աշխատանքն այդպես փառաբանելու առիթը չկա:

«Օրինակ, 2018-ին մինչև տարեվերջ ՊԵԿ-ն իր ստուգումների արդյունքում իրականում հայտնաբերել է շուրջ 900 ստվերային չգրանցված աշխատող, որը 530-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Դրանից մեկ տարի առաջ՝ դեռ նախկին իշխանության օրոք՝ 2017-ին, նույն ՊԵԿ-ը՝ այլ ղեկավարների դեմքով, հայտնաբերել է չգրանցված աշխատողների 1430 դեպք: Կնշանակի՝ դեռ 60 տոկոսով պակաս են այս անգամ ջանացել կամ պարզապես չեն հայտնաբերել ապօրինի աշխատողների:

Եվ նկատենք, այս 900 աշխատուժի բացահայտումն էական թիվ չի կազմում 50.000-ից ավելի նոր գրանցումների ֆոնին։ Կնշանակի՝ պետական լծակներով վերահսկողությունն ինքն իրենով առանձապես դեր չի կատարել ստվերի կրճատման գործում, ողջ գրանցումներն արվել են հիմնականում ինքնուրույնաբար, հայեցողաբար են մարդիկ մտել օրինական դաշտ՝ պայմանավորված քսղաքական դաշտի վերադասավորումներով»,- ասաց մեր զրուցակիցը:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս