«Ո՞նց հանդուրժենք նրանց, որ մեր երեխու գլուխն են կտրել, ո՞նց հանդուրժենք, որ խաղաղ բնակիչների են մորթել, սա հանդուրժելո՞ւ է»

Հաթերքում աստիճանաբար վերացնում են թշնամու թողած ավերածությունների հետքերը

1992 թվականի մայիսի 9-ին, երբ հայկական կողմն ազատագրել էր Շուշին, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղը, որը գրեթե ամեն օր թշնամու կրակոցների տակ էր, մոռանալով ամենօրյա վտանգը, մեծ ոգևորությամբ և ուրախությամբ էր ընդունել լուրը՝ չմտածելով, որ շաբաթներ անց թշնամին գրավելու էր գյուղը։

Շուշիի ազատագրման լուրը ստանալուց հետո հավաքվել էին, կենացներ ասել, պարել։ 1992 թվականի հունիսի 5-ին հակառակորդը Հաթերքն արդեն գրավել էր, հրկիզել բազմաթիվ տներ, խոշտանգել տասնյակ խաղաղ բնակիչների։

Երկու շաբաթ շարունակ գյուղը գտնվել էր ադրբեջանցի զինվորականների հսկողության տակ, միայն հունիսի 20-ին էր Արցախի ինքնապաշտպանական ուժերին հաջողվել գյուղից տարհանել խաղաղ բնակիչներին, այնուհետև Հաթերքի ջոկատը հարձակվել էր գյուղում տեղակայված հակառակորդի ուժերի վրա, որոշակի վնասներ հասցնել ու դիրքավորվել Չլդրանի ուղղությամբ՝ կասեցնելով թշնամու հետագա առաջախացումը։

1993 թվականին գյուղն ամբողջությամբ ազատագրելուց հետո բնակիչները վերադարձել էին իրենց բնօրրանը, սակայն կանգուն մնացած շատ քիչ տներ էին տեսել՝  դրանց մի մասը հրկիզված, թալանված ու կիսաքանդ էր եղել։

70-ամյա Ամալյա Առուստամյանի ընտանիքն առաջիններից էր, որ 1993 թվականին վերդարձավ գյուղ։ Ասում է՝ 70 տարվա տունը չկար, թշնամին այն հրդեհել ու հավասարեցրել էր հողին, ստիպված էին մեծ ընտանիքով ապրել կիսավեր մանկապարտեզում։

Այսօր արդեն տիկին Ամալյան ու իր որդիները երկհարկանի տուն են կառուցել, ճիշտ է, այն դեռ ավարտուն չէ, սակայն նա հպարտ է, որ կարողացել են տան վրա թողած թշնամու հետքը վերացնել։

Տիկին Ամալյան մանկավարժական կրթությունը ստացել է Բաքվում, երկար տարիներ աշխատել է Հաթերքի դպրոցում: Ասում է՝ ուսանողական տարիներին, երբ շփվում էր ադրբեջանցիների հետ, նույնիսկ չէր էլ մտածում, որ մի օր նրանց ձեռքով իր տունն ու գյուղը կրակի է մատնվելու։

«Ժամանակին մեր գյուղը շատ զարգացած էր, պատերազմից հետո էլի շարունակում ենք ապրել, ոչ թե՝ գոյատևել։ Բնակիչներն անգործ չեն, մեկը գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ է զբաղվում, մյուսը հիվանդանոցում է աշխատում, դպրոցում, մարդիկ շարունակում են գյուղը շենացնել։ Եթե պատերազմի մասին պատմեմ, մի քանի գիրք կգրեք, շատ բաներ ենք տեսել, չորս կողմից կրակում էին, մենք էլ մեր տանն ու հողին կպած՝ ո՞ւր գնայինք։ Ամեն օր ադրբեջանցի օմոնականները գալիս էին, մեր տները խուզարկում, ասում էինք՝ ի՞նչ եք այդքան փնտրում, պատասխանում էին, թե՝ անձնագրերն ենք ստուգում։ Զարմանում էինք, ի՞նչ էին անում անձնագիրը, իրենք էլ էին սովետական մարդ, մենք էլ։ Մի քանի անգամ բնակիչներով ոտքի կանգնեցինք, դիմադրեցինք, որ խուզարկություն այլևս չանեն»,- 168.am-ին պատմում է Ամալյա Առուստամյանը։

Լուս.՝ տիկին Ամալյան՝ ձախից

Հիշում է, որ տան խուզարկություններից մեկի ժամանակ ճանաչել էր գյուղում բնակվող ադրբեջանցիներից մեկին, նա էր օմոնականներին ուղղորդել իրենց տուն։

«Ամոթանք տվեցի, ասացի` կգա ժամանակ, որ ինքն իր բռնած այդ գործից կամաչի, ինչո՞ւ է ուզում վատություն անել, մի գյուղում ապրող մարդ ենք, ի՞նչ գործ ունի օմոնականների հետ։ Գիտե՞ք` ինչ պատասխանեց, ասաց, թե՝ բաջի ջան, այդ ժամանակներն անցել են, ի՞նչ հարևան, ի՞նչ հարևանություն, բնակիչներով մեղավոր չենք, վերևներից ինչ ասել են, այն էլ անում ենք։ Պատասխանեցի, որ մի օր ամաչելու է, ասաց՝ չէ, իրար այլևս չենք տեսնելու, քանի որ իրար արդեն չենք կարողանում հանդուրժել։ Հետո իմացանք, որ թշնամին հրաման էր տվել, որ գյուղը հիմնահատակ ոչնչացնեն, բնակիչներին էլ՝ սպանեն: Երբ գյուղը գրավեցին, մենք արդեն մեր մահվանն էինք սպասում, բայց հենց Գորբաչովին բռնեցին, գյուղն ազատագրվեց»։

Ոչ միայն տիկին Ամալյան, այլև շատ հաթերքցիներ, որոնք լավ են հիշում Արցախի ազատագրման տարիները, վստահ են՝ որքան էլ օտարերկրյա դիվանագետներն ու միջազգային կառույցները խոսեն խաղաղությունից ու հորդորեն, որ հայն ու ադրբեջանցին պետք է իրար կողք կողքի խաղաղ ապրեն, միևնույն է՝ անհնար է այսօր ադրբեջանցու հետ խաղաղ ապրել։

«Ո՞նց հանդուրժենք նրանց, որ մեր երեխու գլուխն են կտրել, ո՞նց հանդուրժենք, որ խաղաղ բնակիչների են մորթել, սա հանդուրժելո՞ւ է, սա հարևան ժողովրդի արա՞րք է»,- զայրացած ասում է նա։

Տիկին Ամալյան ասում է, որ պատերազմի սկզբնական շրջանում այդքան էլ վստահ չէին, որ հայկական կողմը հաղթելու է, ու մի օր հակառակորդի խնդրանքով զինադադար է կնքվելու, բայց Շուշին ազատագրելուց հետո արդեն սպասում էին պատերազմի ավարտին՝ հայկական կողմի հաղթանակով, քանի որ Շուշին արդեն նախանշում էր պատերազմի հաղթական ավարտը։

«Զարմանալի մի բան տեսա պատերազմի օրերին. ամեն օր հարյուր-հազարավոր փամփուշտներ էին պտտվում մեր գլխավերևում, թափվում էին այս ու այն կողմ, մեկից բակի մեծ դուռն էր ծակվում, մեկից՝ պատուհաններն էին ջարդվում, բայց որևէ փամփուշտ մեզ չէր կպնում, ես չգիտեմ՝ դա ինչ էր, բայց սա իր մեջ մեծ խորհուրդ ունի։ Պատերազմի վտանգը միշտ էլ կա, վախ կա, կյանքը քաղցր բան է…»:

Զրույցի ավարտին տիկին Ամալյային խնդրեցի, որ լուսանկարեմ, ասաց, թե միայնակ չի ուզում նկարվել, օգնության եկավ նրա տեգրոջ կինն ու Արցախի բարբառով ասաց, թե մենակ չի թողնի իր Ամալյային ու հետը կնկարվի։

Տեսնելով երկու կանանց լուսանկարվելիս՝ տիկին Ամալյայի թոռը կատակեց, թե՝ երբ այդ լուսանկարը հայտնվի իր ձեռքում, տեղադրելու է Ինստագրամի իր էջում։

«Հենց տատիս լուսանկարը հայտնվի Ինստագրամում, ա՛յ, կտեսնեք՝ մի քանի հազար «պադպիսչիկներ» է ունենալու։ Տատս հազար տարվա մանկավարժ է»։

Թոռան կատակից երկու կանայք սկսեցին զրնգուն ծիծաղել։

Ասում են՝ Հաթերքում պատերազմի տարիներին բնակիչներն իրենց զրնգուն ծիծաղով ու բարձր կատակներով խլացնում էին թշնամու կրակոցների ձայնը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս