Ինչու այդքան հետաձգվեց ՌԴ նախագահի այցը Հայաստան
«Հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան։ Ոչ միայն Ռուսաստանի նախագահը, այլ Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները կհավաքվեն Երևանում՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, և դա շատ կարևոր ու հաճելի առիթ է Հայաստանի համար»,- ասաց նա։
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից կարճ ժամանակ անց ռուսական կողմից ոչ այնքան հաճելի հայտարարություններ եղան ՀՀ նոր իշխանությունների վարած քաղաքականության մասին, խնդիրներ առաջացան ՀԱՊԿ-ում, խոսակցություններ ծագեցին հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների, վստահության դեֆիցիտի մասին, որը ՀՀ իշխանություններն իրենց հանրային ելույթներում ամեն կերպ հերքում էին՝ պնդելով, որ հարաբերությունների բնույթը չի փոխվել, հայ-ռուսական հարաբերությունները հաղթահարել են ադապտացիայի փուլը։
2018 թվականի կեսերից քննարկվում էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ պետական այց կատարելու հնարավորության հարցը, որը կամ հաստատվում էր նրա խոսնակ Դմիտրի Պեսկովի կողմից, կամ հերքվում օգնական Յուրի Ուշակովի կողմից։ Այնուամենայնիվ, սեպտեմբերից սկսած ռուս այս պաշտոնյաները պնդում էին, որ այցը համաձայնեցման փուլում է։ Սակայն օրերս պարզվեց, որ ՌԴ նախագահը ՀՀ կժամանի ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ ձևաչափով մասնակցելու համար աշնանը ՀՀ-ում կազմակերպվելիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին։
Այս տեղեկատվությունը դեռ չի հաստատվել Կրեմլի կողմից։ Այնուամենայնիվ հարց է առաջանում, թե ինչու այցը, որի մասին հրապարակումներով էին հանդես գալիս նույնիսկ Կրեմլին մոտ աղբյուրներ ունեցող ռուսական ԶԼՄ-ները, պետք է տեղի ունենա այդքան ուշ, և հատկապես ինչու տեղի չունեցավ պետական այց Հայաստանի Հանրապետություն։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ՌԴ նախագահն Ադրբեջան այցելեց սեպտեմբերի 25-ին, և ենթադրվում էր, որ ավանդույթի համաձայն՝ ռուսական կողմը կպահպանի պարիտետը, և ՀՀ կատարելիք այցը շատ չի ուշանա, սակայն այցի ժամկետները մնացին անորոշության մեջ, թեև իշխանությունը ստանձնելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին հանդիպել է բավականին հաճախ։
Իսկ առաջիկա հանդիպումը, ինչպես տեղեկացրել էր ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Մոսկվայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, տեղի կունենա մայիսի 29-ին Ղազախստանում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ռուսական «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասել էր, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել, իսկ եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա միայն դրական ուղղությամբ:
«Ինչպես ես խոստացել էի, մեր հարաբերություններում չկան մութ անկյուններ, մեր դիրքորոշումը նաև աշխատանքային զրույցներում չի տարբերվում հանրային զրույցներից, և դա շատ լավ հնարավորություն է մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը»,- ասել էր Փաշինյանը։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո։ Ըստ նրա՝ Ռուսաստանը համակերպվել է և դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վաղուց։
«Բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված խնդիրը, որը մեծ աղմուկի վերածվեց, չէր կարող անուշադրության մատնվել Մոսկվայի կողմից, դա անցանկալի զարգացում էր, ԵԱՏՄ-ում բարձրացվող որոշ թեմաներ թույլ են տալիս ենթադրել, որ ՀՀ նոր իշխանություններն ունեն նոր մոտեցումներ և նոր ակնկալիքներ հայ-ռուսական հարաբերություններից և ինտեգրացիոն կառույցներից, դա հասկանալը և նոր իրավիճակը նոր մոտեցում է պահանջում։
Կարծում եմ՝ այդ հարմարվելու փուլը դեռ չի ավարտվել։ Սակայն նկատելի է նաև երևանյան հռետորաբանության փոփոխություն, որը, կարծում եմ, քայլերի համադրմամբ համապատասխանաբար արձագանք կգտնի նաև Մոսկվայում։ Ինչ վերաբերում է այցին, ապա դրա ձգձգումը կապ ունի ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այս ժամկետների մեջ ևս պարիտետը պահպանվում է, խոսվում էր, որ այցը համաձայնեցվում է, գուցե լինի առանձին այց ՌԴ նախագահի կողմից, այնուամենայնիվ իշխանությունները համագործակցում են, բայց կարծում եմ՝ կա որոշակի զգուշավորություն, որը ձևավորվել է որոշ խնդիրների հետևանքով»,- ասաց նա։
Մալաշենկոյի խոսքով՝ եղել են քայլեր՝ ի աջակցություն Ռուսաստանի, ինչպիսին սիրիական առաքելությունն էր, պնդումն ԱՄՆ-ին քննադատելու մասին։ «Այնպես որ, դեռ բարդ է միանշանակ խոսել, պետք է շարունակել հետևել զարգացումներին»,- ասաց նա։
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն իր հերթին՝ ասաց, որ այս հետաձգումը միանշանակ որոշ խնդրների հետևանք էր։
Տարասովի կարծիքով՝ իշխանությունը ստանձնելուց հետո ՀՀ վարչապետն արել էր հայտարարություններ, որոնք միանշանակ չէին ընդունվել Մոսկվայում՝ առաջացնելով մտահոգություններ, դրանից վաղ տեղի ունեցածը ևս մտահոգիչ էր, քանի որ ՌԴ-ն համագործակցում էր նախկինների հետ և վստահություն ուներ, որ նախկինները լիարժեք վերահսկում են իրավիճակը, և իշխանության փոփոխությանն ուղղված զարգացումներն անակնկալ էին։ Սակայն, նրա որակմամբ՝ ՀՀ իշխանությունները սկսում են ավելի ադեկվատ քաղաքական հայտարարություններ անել։
«Կարծում եմ՝ տարաձայնությունները հարթվում են։ ՀՀ իշխանությունները պետք է որոշեն, թե ինչպիսի հարաբերություններ են ցանկանում ունենալ Ռուսաստանի հետ, ՌԴ-ն կշարժվի ըստ դրա։
Բնականաբար, այցի հետաձգման համար կային պատճառներ. դա նոր իշխանությունների նոր քաղաքականությունն է բոլոր ուղղություններով, արտասովոր հայտարարություններն արտաքին քաղաքական բնույթի կամ իրար հակասող, որը պայմանավորված է փորձի պակասով, սկզբնական կասկածները ՀՀ-ում գունավոր հեղափոխության մասին։
Այս ամենը խնդիր է դիտարկվել Մոսկվայի կողմից, բայց ժամանակը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները սկսում են հասկանալ Ռուսաստանի դերը տարածաշրջանում՝ փորձելով ավելի լուրջ քաղաքականություն վարել ՌԴ իշխանությունների հետ, փորձելով ցրել կասկածները, հարմարվել նոր իրողություններին։ Կարծում եմ՝ ռուսական կողմը, ինչպես միշտ, կպահի հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև, և այդ իմաստով, կարծում եմ, հոկտեմբերյան այցը տեղին կլինի, չնայած կպահանջվի նաև առանձին այց»,- ասաց Տարասովը։