Առաջին եռամսյակը՝ արդեն ամփոփ

Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2019թ. առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող մակրոտնտեսական թվերը: Այս հաշվետվության նախնական տարբերակը հրապարակվել էր ապրիլի 25-ին:

Նախնականի տվյալները, բնականաբար, համընկան վերջնական տարբերակում հրապարակվածների հետ: Վերջնականում ևս արձանագրված է տնտեսական ակտիվության նույն ցուցանիշը (6.5 տոկոս), արդյունաբերական արտադրանքի նույն (2 տոկոս) աճը:

Կրճատված ոլորտների ցուցանիշներն էլ են նույնը մնացել` էլեկտրաէներգիայի արտադրություն (14 տոկոս), արտաքին ապրանքաշրջանառություն (կրճատվել է 5 տոկոս): Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանումը կրճատվել է 8.6 տոկոսով, ներմուծումը` 3.1 տոկոսով: Այս թվերն էլ են համընկնում:

Սակայն հրապարակված վերջնական տարբերակն ավելի ընդլայնված է և մանրամասներ է պարունակում: Այսինքն՝ կարելի է դիտարկել, թե ուր է առաքվել մեր 543 մլն դոլար արժողության արտահանումը: Պաշտոնական վիճակագրությունն արտահանվող երկրները բաժանում է երեք խոշոր խմբերի` ԱՊՀ անդամ երկրներ (այս ենթախմբում առանձին հաշվարկվում են ԵԱՏՄ անդամ և պարզապես ԱՊՀ անդամ երկրները): Երկրորդ խոշոր խումբը ԵՄ անդամ երկրներն են, իսկ երրորդ խմբում՝ «Այլ երկրներ» անվան տակ, միավորված են մյուս տնտեսական գործընկերները:

Այս բաժանումներով ներկայացված տվյալներից կարելի է եզրակացնել, որ 2019թ. ընթացքում էականորեն նվազել է ապրանքաշրջանառությունը ԵՄ անդամ երկրների հետ: Խոսքը և՛ ֆինանսական ծավալի կրճատման մասին է, և՛ տեսակարար կշռի: Տեսեք, 2018թ. առաջին եռամսյակին ԵՄ երկրներ արտահանվել է 172.2 մլն դոլարի ապրանքներ, իսկ այս տարի այդ թիվն էականորեն նվազել է` դառնալով 129.5 մլն դոլար: 2018թ. առաջին եռամսյակի արտահանման կառուցվածքում ԵՄ անդամ երկրների մասնաբաժինը 29 տոկոս էր, իսկ 2019-ի պարագային իջել է՝ դառնալով 24 տոկոս:

Փորձագետների կարծիքով՝ ԵՄ անդամ երկրների ապրանքաշրջանառության անկումը բացատրվում է հանքահումքային ոլորտում 2018թ. ձևավորված և առայժմ շարունակվող իրավիճակով: Փոխարենը՝ արտաքին առևտրի ոլորտում աճել է ԱՊՀ անդամ երկրների ծավալը: Աճի գործակիցն ավելի բարձր է ԵԱՏՄ երկրների հետ: Սակայն կառուցվածքում իրենց «դիրքերն ամրապնդող» ԱՊՀ-ԵԱՏՄ երկրներ, միևնույն է, արտահանումը նվազել է (կազմելով նախորդ տարվա նույն ցուցանիշի 94.9 տոկոսը): 2019թ. նույնպես պահպանվել է ներմուծումների գերազանցող դերը արտահանման ցուցանիշի նկատմամբ:

Ներմուծումների ծավալն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 1 մլրդ 85.8 մլն դոլար: Կառուցվածքային տեսանկյունից փոփոխությունները ևս նման են արտահանման ոլորտում արձանագրվածին: Մի փոքր աճել են ԱՊՀ (և ԵԱՏՄ) երկրներից ներմուծման ծավալները: Փոխարենը՝ նախորդ տարվա համեմատ՝ մոտ 3 տոկոսով կրճատվել է ԵՄ անդամ երկրներից ներմուծումների ծավալը: Ներմուծումների պարագային 2.6 տոկոսով ավելացել է «Այլ երկրներից» կատարված ներկրումը: Կառուցվածքային առումով, իհարկե: Սա, հնարավոր է, քաղաքական քննարկումների թեմա դառնա:

Բայց մենք կբավարարվենք միայն տնտեսական ցուցանիշների արձանագրմամբ: Զուտ ֆինանսական արժեքների համադրումն այս պատկերն ունի. 2018թ. առաջին եռամսյակում մեր արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 715 մլն 205 հազար դոլար: Իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում 5 տոկոս պակաս է արձանագրվել` 1 մլրդ 628 մլն 767 հազար դոլար:

Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի տվյալներին զուգահեռ՝ հրապարակվել են նաև ժողովրդագրական իրավիճակը բնութագրող տվյալներ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտագաղթի ծավալները վերջին երկու-երեք տարում կրճատվել են: Ժողովրդագիրները դա բացատրում են արտագաղթի պոտենցիալի էական նվազմամբ: Պարզ բառերով ասած` ով որ պիտի գնար` հիմնականում գնացել է:

Տեսեք, 2017թ. ապրիլի մեկի համեմատությամբ՝ մինչև 2018թ. ապրիլի 1-ը երկրի բնակչությունը նվազել է 11 հազար 600 մարդով: Իսկ այս տարվա ապրիլի 1-ին 2018-ի համեմատ նվազումն ավելի փոքր թիվ է կազմել` 7 հազար 800 մարդ:

Սա, թերևս, ժողովրդագրության ոլորտի եզակի դրական փաստերից է (եթե ուրիշ դրական փաստ էլի կա): Նույնիսկ նման տվյալների պարագային՝ խորհուրդ եմ տալիս պարբերաբար ընթերցել տնտեսական վիճակագրություն: Ինչ անսպասելի փաստ ու թիվ ասես չեք գտնի: Օրինակ, առանց մեկնաբանելու փորձի՝ մեկ մեջբերում ներկայացնեմ:

Ընթերցեք այն ու վերընթերցեք (եթե չհավատացիք): Սա հայտարարվում է պաշտոնապես` «2018թ. ջրի կորուստը կազմել է ցանց բաց թողնված ջրի ընդհանուր ծավալի 79.4 տոկոսը, Երևան քաղաքում՝ 74.6 տոկոսը»: Թերահավատները կարող են ստուգել տվյալները վերոհիշյալ հաշվետվության 27-րդ էջի «5.34. Հանրապետության ջրամատակարարման համակարգը 2018 թվականին» բաժնում:

Տեսանյութեր

Լրահոս