Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 5-ի երեկոյան այցելել է Երևանի Մանկական երկաթուղի և ներկա է գտնվել ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ուրվական» փառատոնի համակազմակերպիչ Համլետ Մովսիսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է Մանկական երկաթուղու տարածքում գործող երաժշտական տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ:
«Ուրվականը» Հայաստանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից երաժշտության, արվեստի և քաղաքաշինության միջազգային փառատոն է, որն անցկացվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և աջակցությամբ։ Համերգների, ակումբային միջոցառումների, արտիստական միջամտությունների, ցուցահանդեսների և ինստալիացիաների, ինչպես նաև մասնագիտական քննարկման միջոցով փառատոնը ստեղծում է համապատասխան միջավայր մտորելու երաժշտության ընկալման, դրա հասարակական կարևորության, քաղաքային միջավայրի և այն պայմանների մասին, որոնցում ձևավորվում են արդի մշակութային շարժումները:
Փառատոնի անվան ընտրությունը կապված է վերջինիս հիմնական նպատակներից մեկի հետ՝ վերակենդանացնել քաղաքային լքված տարածքները և նոր շունչ հաղորդել դրանց։ Հենց այդ նպատակով, մինչ փառատոնի անցկացումը, մաքրվել է Երևանի Մանկական երկաթուղու տարածքը, տեղադրվել են բազմաթիվ աղբամաններ:
Փառատոնը մեկնարկել է մայիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրային լքված տարածքների և դրանով պայմանավորված քաղաքացիների վարքի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմամբ։ Քննարկումը վարել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Ուրբանլաբի ներկայացուցիչները: Քաղաքաշինության փորձագետները և ճարտարապետները քննարկել են զարգացման նոր ռազմավարությունները և միջամտությունները:
Փառատոնի երաժշտական ծրագրին մասնակցել են ավելի քան 80 արվեստագետներ աշխարհի 22 երկրներից: Նրանք ներկայացրել են հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, գործիքային և ակումբային երաժշտության ժամանակակից միտումները:
Երևանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը ֆինանսավորվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ: «Իմ Քայլը» հիմնադրամի ուղղություններից մեկն է սատարել նոր հնարավորություններ ստեղծող, նորարարական լուծումներ առաջարկող և Հայաստանի գրավչությունը` որպես զբոսաշրջային երկիր բարձրացնող նախաձեռնություններին: Փառատոնը կազմակերպել են «Սինթպոզիում»-ի, «Կլամմկլանգ»-ի, «Հայփ-փոփ» պատկերասրահի, Միրզոյան գրադարանի, «Ռաբիցա»-ի, «Ռադիո Մորֆեուս»-ի, Կոնդ պատկերասրահի, Ռիխտերֆեստի և այլ միջազգային անկախ ցուցասրահները և արվեստագետները:
Հիմնադրամը և կազմակերպիչները նպատակ ունեն փառատոնը դարձնել ամենամյա՝ օգտագործելով փառատոնի ներուժը որպես զբոսաշրջային գրավչություն: