Ինչ հետևանք կունենա Ադրբեջանի վերջին ագրեսիան

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ

– Պարոն Իգիթյան, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևանում էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա նախորդ այցերի ընթացքում ոչ հայանպաստ որոշումներ էին կայացվել. երկարացվել էր Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը, ստորագրվել էր գազային պայմանագիրը, հայտարարվել էր, որ Ռուսաստանը շարունակելու է սպառազինության մատակարարումն Ադրբեջանին։ Ի՞նչ սպասել այս այցից։

– Հայաստանում տեղի էր ունենում ԵԱՏՄ միջկառավարական վարչապետների մակարդակով խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են ԵԱՏՄ սահմաններում բարձր տեխնոլոգիաների համատեղ մոտեցումը, ընդհանուր պատուհանի բացումը, էներգետիկ ռեսուրսների ավելի կոորդինացված մոտեցումները, ավելի բարենպաստ պայմաններ մեկը մյուսի հանդեպ, քննարկվել են նաև որոշ ընդհանուր մաքսային սակագների կորոդինացման հարցեր, նաև քննարկվել է ԵԱՏՄ-ում այլ երկրների հետ համաձայնագրեր և հարաբերություններ հաստատելը։

Սրանք օրակարգային հարցերն էին, որոնց համար բոլոր վարչապետները, այդ թվում՝ Դ.Մեդվեդևը, եկել-հասել էին Հայաստան։ Հայաստանը բարձրացրել է այն հարցերը, որոնք մեզ հուզում էին, այդ թվում՝ էներգառեսուրսների հարցը։ Բելառուսը ևս բարձրացրեց որոշ հարցեր, որ գտնում է, որ պատշաճ ձևով չեն աշխատում ԵԱՏՄ-ում, այլ պատվիրակություններն էլ բարձրացրել են իրենց հուզող հարցերը։ Եվ այս մթնոլորտը, որտեղ ամեն մի անդամ երկիր բարձրացնում է իր հարցը, ընդ որում՝ բարձրացնում է ոչ թե ինչ-որ մեկին ի վնաս, այլ իր շահերն առաջ տանելու նպատակով, ինձ թվում է, ես անհամեստորեն դա կասեմ, եկել է Հայաստանից, որովհետև նախորդ ԵԱՏՄ-ի և այսօրվա ԵԱՏՄ-ի տարբերությունը ես այդպես եմ տեսնում։

Բոլորը սովոր էին, որ Հայաստանն անկյունում հանգիստ նստած էր, ինչ-որ մեկը խոսում էր, բոլորը հավանություն էին տալիս, իսկ եթե խնդիրներ կային, ապա ամեն անդամ պետություն այդ խնդիրը փորձում էր լուծել Ռուսատանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում։ Այստեղից էին գալիս այն կոնֆլիկտային իրավիճակները, երբ տեսնում էինք, որ Բելառուսի ղեկավարն անհամաձայնություն էր հայտնում և կոնֆլիկտային իրավիճակի մեջ էր ընկնում ՌԴ ղեկավարների հետ, Ղազախստանը բազմիցս ուղղակի հարցեր էր բարձրացնում։ Կարծում եմ՝ այսօր եթե այս մոտեցումը զարգանա և շարունակվի, այդ դեպքում կազմակերպությունը կդառնա խմբակային հարցեր բարձրացնելու և հարցեր լուծելու վայր, այսինքն՝ կլինի ավելի ֆունկցիոնալ և օգտակար։

– Գազի հետ կապված տեղեկություններ եղան, որ հնարավոր է՝ 10 տարով պայմանագիր կնքվի։ Ձեր կարծիքով՝ 10 տարով գազի գին ֆիքսելը շահավե՞տ տարբերակ է։

– Ես այստեղ մի խնդիր եմ տեսնում։ Ամեն անգամ մենք փորձում ենք չնշել նախորդ իշխանություններին, բայց եթե ոչ այնքան՝ նրանք, ինչպես որ նրանց կողմից ստորագրված երկարատև փաստաթղթերն անընդհատ հուշում են, և մենք ստիպված ենք ֆիքսել այդ փաստաթղթերը՝ որպես բացասական երևույթ։ Այսինքն՝ ունենք փաստաթղթեր, որոնք ստորագրված են և մինչև 2043 թիվը ՀՀ-ին պարտադրում են ամենաանբարենպաստ պայմանները, այդ թվում՝ մենաշնորհային ձևով միայն Ռուսաստանից գազի ձեռքբերում։ Եվ այս համաձայնագիրը, իհարկե, մեծ հնարավորություն և լծակ է տալիս Ռուսաստանին՝ ՀՀ-ՌԴ գնային քաղաքականության մեջ։ Այն մոտեցումը, որ հրապարակվեց նախորդ տարվա վերջին, երբ ավարտվել էր ֆիքսված 150 դոլար գնով գազային նախորդ՝ 5 տարով կնքած համաձայնագիրը, եթե հիշում եք, այն ժամանակ հնչեց 165 դոլար գինը, ինչից հետո ՀՀ ղեկավարությունը նաև այստեղ հայտարարություն արեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի հայ սպառողի վրա այդ փոփոխությունը չազդի, և գինը մնա նույնը։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ «Գազպրոմ Արմենիան», ինչ-որ ներքին միջոցներ տնտեսելով կամ կառավարման մեթոդները փոխելով, փորձում է այնպես անել, որ տեղավորվի այդ գնի մեջ։

Այդ քաղաքականությունը շարունակվում է, և ՀՀ-ն շարունակում է պնդել, որ գինը մնա անփոփոխ։ Այս մոտեցման մեջ այն գինը, որ արդեն հնչեցվել է՝ 165 դոլար, ենթադրում եմ, որ այստեղ ՀՀ կառավարությունը ոչ թե ՌԴ կառավարության հետ, այլ «Գազպրոմի» հետ պետք է կնքի ինչ-որ համաձայնագիր, որը մեզ գոնե մոտակա ժամանակներս զերծ կպահի այդ ոչ կայուն գնային քաղաքականությունից։ Թե 10 տարո՞վ կլինի, թե՞ այլ՝ ավելի ցածր, ես չգիտեմ։

– Այսինքն, հնարավոր է՝ ավելի ցա՞ծր գին լինի։

– Երբ բանակցություններ են ընթանում, հայտարարված թվից բարձր գինը բացառվում է։

– Դ. Մեդվեդևի այցից առաջ ադրբեջանական կողմը մոտ 40 րոպե կրակի տակ պահեց Բաղանիս-Այգեպար ճանապարհահատվածը, երբ երկար ժամանակ համեմատաբար խաղաղ էր։ Դա զուգադիպությո՞ւն էր, թե՞ դիտավորություն, ի՞նչ ազդակ էր։

– Ես դա չէի կապի Մեդվեդևի այցի, կամ ԵԱՏՄ նիստի հետ։ ԼՂ հետ հարցում այն ռազմավարությունը, որ սկսվել է վարչապետ Փաշինյանի սկզբնական հայտարարություններից հետո՝ Ղարաբաղի մասնակցության մասին, ապա՝ հասարակությունները խաղաղության պատրաստելու մասին ՄԽ հայտարարությունը, ռազմատենչ հռետորաբանությունը և ատելության խոսքը բացառելու, հետագայում նաև հումանիտար միջոցառումներ անցկացնելու շուրջ, այս ամբողջ քաղաքականությունը բերեց նրան, որ Ադրբեջանը մտել է փակուղի իր նախորդ հայտարարությունների և ռազմավարության հետևանքով։ Ո՞րն էր դա՝ «Հայաստանն օկուպացրել է, մենք պետք է վերադարձնենք, ես զինված եմ, ուժեղ եմ, կգամ և կգրավեմ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Երևանը», ինչը փորձեց անել 3 տարի առաջ, և ինչի հետևանքով սառեցվեցին բանակցությունները։

Եվ տեսեք, Ադրբեջանը փաստորեն հայտնվեց մի իրավիճակում, որտեղ բոլոր այդ միջոցառումներն աշխատում էին իր դեմ։ Որովհետև այն հանգամանքը, որ ինքն անընդհատ ֆիքսում էր, որ կոնֆլիկտն արյունոտ, լարված, տարածաշրջանի ու աշխարհի համար վտանգավոր է, Բաքվի այս հայտարարությունները դարձրել են անիմաստ, որովհետև վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հրադադար, ոչ լարված իրավիճակ հաստատվում է այն ժամանակ, երբ ուղղակի Ադրբեջանը չի կրակում։ Եվ եթե սա շարունակվեր, հակամարտությունը կհամարվեր հանգիստ հակամարտություն, որը պետք է լուծվի քաղաքակիրթ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, ինչն Ադրբեջանին ձեռք չի տալիս, որովհետև այս դաշտում ինքը պարտվում է։

Սա իր դաշտը չէ, երբ գործում են քաղաքակիրթ միջոցները, հաշվի են առնվում ժողովրդավարության բաղադրիչները, և այլն։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանն ինչ-ինչ ձևով, չգիտեմ ինչպես, պետք է դա բացատրի։ Իսկ որ պետք է բացատրի, դա հաստատ է, որովհետև մենք հարցը պետք է բարձացնենք միջազգային հանրության, հատկապես՝ Մինսկի խմբի առջև, որ Ադրբեջանը հենց իր կողմից ընդունված պայմանավորվածությունը չի կատարում։ Սա է նպատակը։

Կրկնեմ՝ ես այդ կրակոցները կկապեի ոչ թե Մեդվեդևի այցի հետ, այլ նրա, որ կողմերը հասել են այն աստիճանի, որ արդեն պետք է իրականացվեին այդ հումանիտար միջոցառումները, որոնք սկզբից հայտարարվեցին, իսկ հետագայում հստակեցվեցին ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ՝ թույլ տալ, որ, եթե հնարավոր չէ ազատել, ապա գոնե հարազատների տեսակցությունը լինի, գարնանային աշխատանքների ժամանակ կողմերը չկրակեն, այդպես է գրված՝ կողմերը, բայց պարզ է, որ մենք երբեք չենք խանգարել իրենց ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, այդ թվում՝ Ղարաբաղը երբեք չի խանգարել։

Եվ եկել է պահ, որ պետք է ցույց տրվի, որ դա աշխատում է, իսկ եթե դա աշխատեր, ինձ թվում է, Ադրբեջանն արդեն կմտներ մի այնպիսի պարտադիր իրականացվող միջոցառումների պլանի մեջ, որտեղ ինքն այլևս չէր կարողանա կրակել։ Դրա համար մինչև հումանիտար առաքելության մեկնարկը, կարծում եմ, Ադրբեջանը փորձեց լարել իրադրությունը։ Լավ է, որ Հայաստանը չգնաց սադրանքի և, իմ տվյալներով, չպատասխանեց այն ձևով, որ ՄԽ-ն համարի, որ կրակոցները, ինչպես միշտ, փոխադարձ էին։

– Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ հետագայում Ադրբեջանը կշարունակի կրակելու մարտավարությունը։

– Կարծում եմ՝ շատ բան կախված է նրանից, թե ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը, հատկապես՝ ՄԽ-ն։ Ի դեպ, եթե հակամարտության կարգավորումը վերապահված է ՄԽ-ին, ապա հումանիտար միջոցառումների իրականացման մոտեցումը մենք փորձում ենք տարածել այլ կազմակերպություններում, օրինակ՝ Եվրախորհրդում, ԵԽԽՎ-ում։

– Այդ միջադեպը կարո՞ղ է լավ առիթ հանդիսանալ, որ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը կրկին ակտիվ օրակարգ բերվի։

– Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների այս խախտման 2 հետևանք կարող է լինել։ Կարևորը՝ այդ մոնիտորինգի մեխանիզմը, որ նախատեսված է Արցախ-Ադրբեջան շփման գծի համար, երևի թե պետք է տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Դա լրիվ այլ ֆորմատ է, բայց պետք է մտածել։ Եվ երկրորդը՝ եթե Ադրբեջանն այդպիսի ոչ հուսալի գործընկեր է, չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. ստորագրել են փաստաթուղթ զինադադարի մասին, այս անգամ այլ ձևաչափով, բայց պարտավորությունների վերաբերյալ ՄԽ համանախագահների շրջանակներում ստորագրեն մի փաստաթուղթ, որտեղ այդ պարտավորությունը պետք է հստակ նշվի՝ կողմերը բացառում են ոչ միայն՝ ռազմատենչ հայտարարությունները, այլև՝ ռազմական գործողությունները։

Ակնհայտ է, որ, եթե խոսում ենք ապագա բանակցությունների մասին, միայն հայտարարությունները և խոստումները, թեկուզ ՄԽ շրջանակներում, բավարար չեն Ադրբեջանի պարագայում։ Հավանաբար, կլինի նման փաստաթուղթ, բայց դա կլինի այն ժամանակ, երբ կողմերը պատրաստ կլինեն նստել բանակցությունների։ Առայժմ մենք խոսում ենք բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս