
Թրամփը կարող է Հարավային Կորեա այցելել հոկտեմբերի 29-30-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, երկօրյա այցով Կորեայի Հանրապետություն կմեկնի հոկտեմբերի 29-30-ը: Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի Ազգային անվտանգության վարչության պետ Վի Սոն Լաքը։
«Ակնկալվում է, որ նախագահ Թրամփը կժամանի հոկտեմբերի 29-ին և երկրում կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը, ինչպես ենթադրվում է, տեղի կունենա մոտավորապես այդ ժամանակ, և ԱՄՆ-ի ու Չինաստանի գագաթնաժողովը, եթե դրա շուրջ համաձայնություն ձեռք բերվի, նույնպես կարող է տեղի ունենալ այցի ժամանակ», – Վի Սոն Լաքի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի վերջին Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում սպասվում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) մի շարք միջոցառումներ, ներառյալ բիզնեսի ղեկավարների հանդիպում հոկտեմբերի 29-31-ը և արտաքին գործերի նախարարների հանդիպում հոկտեմբերի 29-30-ը։
ԱԽՏՀ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։
Միևնույն ժամանակ, Վի Սոն Լաքը հայտարարել է, որ Հարավային Կորեան տեղեկություն չունի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման նախապատրաստման մասին։
Հոկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի միավորման նախարար Չոն Դոն Յոնը հայտարարել էր, որ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման ժամանակ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը կարող են հանդիպել միջկորեական սահմանին։ «Անհնար է հաստատ իմանալ», – մեկնաբանել է Վի Սոն Լաքը նախարարի խոսքը։
Նա հավելել է, որ Սեուլը կապի մեջ է Վաշինգտոնի հետ այդ հարցի շուրջ։