Բաժիններ՝

Արտահանումը շարունակում է նվազել։ Հրապարակվել են  մարտ ամսվա ցուցանիշները

Համաձայն սահմանված ժամանակացույցի, մարտի 25-ին   Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ամփոփ տվյալների համաձայն՝  տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թվականի մարտ ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ   կազմել է 6.2 տոկոս:

Արդյունքում՝ 2019 թվականի 3 ամիսների արդյունքներով կուտակային ՏԱՑ-ը գրեթե չի փոխվել՝ կազմելով 6.5 տոկոս:  Այս տարի առաջին անգամ հրապարակվեց նաև գյուղատնտեսության ցուցանիշը, որը, համաձայն Վիճակագրակոն կոմիտեի կողմից կիրառվող մեթոդաբանության, 2019 թվականից սկսած հրապարակվում է միայն եռամսյակային կտրվածով: Ինչպես և կանխատեսվում էր, գյուղատնտեսության թողարկումն առաջին եռամսյակում բացասական աճ է արձանագրել՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,2 տոկոսային կետով: Համեմատականորեն ցածր են նաև մարտ ամսվա մնացած ոլորտների արդյունքները:

Արդյունաբերությունը նախորդ տարվա մարտ ամսվա նկատմամբ աճել է 2,2 տոկոսով, մինչդեռ նախորդ ամիս այս ցուցանիշը 4,7 տոկոս էր, իսկ հունվարին առհասարակ առկա էր  1,1  տոկոսանոց անկում:

Շինարարության ոլորտը մոտ է 0-ական արդյունքին: Եթե նախորդ ամիս այս ոլորտի աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 21.3 տոկոս,  և ոմանց հիմք էր տվել Հայաստանի համար տնտեսական բում կանխատեսել, ապա այս ամիս ոլորտն արձանագրեց 0-ին մոտ, ընդամենը 0,5 տոկոս աճ:

Վերջին տարիների համար աննախադեպ ցածր աճ է արձանագրվել նաև առևտրի ոլորտում: Եթե նախորդ ժամանակահատվածներում առևտրի ոլորտի աճը երկնիշ էր, ապա, չնայած կառավարության որդեգրած ՀԴՄ-ների տեռորի քաղաքականությանը, մարտ ամսվա արդյունքներով այն ընդամենը 5,3 տոկոս արդյունք է արձանագրել:

Մարտ ամսվա արդյունքներով ուրախության միակ առիթը շարունակում է մնալ ծառայությունների ոլորտը: Թեև նախորդ ամսվա 19,3 տոկոս ՏԱՑ-ի համեմատ՝ այս ամիս ունենք աճի նվազում, սակայն մյուս ոլորտների համեմատ՝ ծառայությունները շարունակում են ամենաբարձր արդյունքն ապահովել: Մարտ ամսվա տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտի աճը կազմել է 16,9 տոկոս՝ այդպիսով նաև հիմնական նպաստումը բերելով եռամսյակային ՏԱՑ-ի  6,5 տոկոս արդյունքի համար:

Առավել մտահոգիչ է շարունակում մնալ Արտաքին առևտրաշրջանառության վիճակը: Ինչպես հայտնի է՝ այս ուղղությամբ տարին սկսել էինք բացասական ցուցանիշներով: Եթե  ներմուծման մասով մարտ ամսին հնարավոր եղավ խուսափել բացասական ցուցանիշից և արձանագրել 0-ին մոտ՝ 0.8 տոկոսանոց աճ, ապա արտահանման պարագայում ցուցանիշը շարունակում է մնալ բացասական: Ուրախալին միայն այն է, որ արտահանման ուղղությամբ արձանագրվող անկումը դանդաղելու միտում ունի:

Առաջին եռամսյակի արդյունքներով արձանագրված  շուրջ 9 տոկոսի անկումն իսկապես մտահոգվելու առիթ է տալիս, սակայն այդ մտահոգությունները չեն կարող վերաբերել միայն փոխարժեքի  և ՀՀ վճարային հաշվեկշռի հետագա ճակատագրին: Բանն այն է, որ արձանագրված 6,5 տոկոս ՏԱՑ-ի պայմաններում մենք ունենք արտահանման 9 տոկոսանոց անկում, իսկ ներմուծման շուրջ 3 տոկոսանոց արդյունք, և այստեղ հարց է առաջանում: Այն որ այս արդյունքները համահունչ չեն, պարզ է նաև առաջին հայացքից, ինչը մի շարք հարցեր է առաջ քաշում, մասնավորապես՝ նաև կասկածի տակ դնելով ցուցանիշների հավաստիությունը: Սակայն դեռևս զերծ կմնանք որևէ գնահատական տալուց և կսպասենք եռամսյակային ՀՆԱ-ի հրապարակմանը, երբ կհրապարակվի նաև համախառն  սպառման ցուցանիշը, որից հետո հնարավոր կլինի կատարել համապատասխան եզրահանգումներ:  

Հայկ Բեջանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս