«Ռեալը» պատրաստվում է զիջումների գնալ, միայն թե վաճառի Բեյլին
Կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կլքի Մադրիդի «Ռեալը»:
Marca-ի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը պատրաստ է ազատվել ուելսցի կիսապաշտպանից ամեն գնով: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է առաջիկա ամռանը Բեյլի վաճառքից մեծ գումարներ ստանալ, սակայն արդեն պատրաստ է նաև զիջումների գնալ:
Դա պայմանավորված է նրանով, որ մինչ օրս «Ռեալը» Բեյլին գնելու ոչ մի առաջարկ չի ստացել, ավելին, չեն էլ եղել նաև հետաքրքրություններ՝ չնայած, որ ակումբը հստակ հասկացրել է, որ պատրաստվում է վաճառել ֆուտբոլիստին:
Հիմնական խնդիրը Բեյլի բարձր աշխատավարձն է՝ տարեկան 17 մլն եվրո: Նա մադրիդյան թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:
Բացի այդ, Բեյլն իսկապես սիրում է կյանքն Իսպանիայում: Դա դուր է գալիս նաև նրա ընտանիքին: Մադրիդի «Ռեալի» խաղացողը սպասում է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկին, որը նախկինում հետաքրքրված էր 29-ամյա ֆուտբոլիստով: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի բանակցում ակումբի հետ:
Մադրիդյան ակումբում խոստովանում են, որ այս պահին Բեյլի վաճառքը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ թիմը համալրումների կարիք ունի:
Բեյլը մադրիդյան ակումբի կողմից գնահատվել է 130 միլիոն եվրո:
Նշենք, որ մադրիդցիները ցանկանում են Բեյլի վաճառքից ստացած գումարն օգտագործել այլ ֆուտբոլիստի գնելու համար: Ըստ տեղեկությունների՝ մադրիդցիներին տրանսֆերների համար անհրաժեշտ է 500 մլն եվրո:
«Ես Բարսելոնայում էի, և ինձ ասացին, որ այս ամռանը «Ռեալը» կունենա 500 մլն տրանսֆերների համար: Սա ասում էր մի մարդ, ով շատ բան գիտի «Ռեալի» մասին»,- հայտարարել էր մադրիդյան ակումբի նախկին մարզիչներից Ֆաբիո Կապելոն:
Նշենք, որ նոր ֆուտբոլիստներ գնելն ու Բեյլին վաճառելը եղել են Զիդանի վերադարձի պայմաններից: Զիդանը պահանջել է թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսից մի քանի նոր ֆուտբոլիստ: Ըստ մարզչի՝ թոփ մակարդակի վերադառնալու համար անհրաժեշտ են նոր աստղեր: Խոսքը երեք ուժեղ ֆուտբոլիստների մասին է (ինչպես, օրինակ, Կակայի, Ռոնալդուի և Բենզեմայի տրանսֆերները), և մի քանի միջին խաղացողների՝ թիմն ամրապնդելու համար:
Զիդանի նախընտրությունների ցանկում են Մբապեն (ով արդեն ասել է, որ մնալու է ՊՍԺ-ում ամռանը), Էդեն Ազարը, Մանեն և Պոգբան:
Մարզիչը չի պլանավորում արգելափակել կենտրոնական պաշտպան Միլիտոյի փոխանցումը, որի տեղափոխությունը գրեթե համաձայնեցված է՝ 50 միլիոն եվրոյով: Զիդանի ցանկում չկան Քեյնը և Նեյմարը, քանի որ մարզիչը կարծում է, որ նման գումարի դիմաց իրենք կարող են ավելի օգտակար ֆուտբոլիստներ գնել:
Զիդանի մյուս պահանջը թիմում Մարսելոյին պահելն է: La Stampa-ի տվյալներով՝ այս շաբաթ ֆրանսիացի մասնագետն անձամբ հանդիպելու է Մարսելոյին և քննարկելու է նրա հետ իր ապագան մադրիդյան ակումբում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարսելոն համաձայնեցրել է «Յուվենթուսի» հետ նախնական պայմանագիրը: Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմում ֆուտբոլիստը կորցրել էր իր տեղը մեկնարկային կազմում՝ զիջելով այն Սերխիո Ռեգիլոնին:
Զիդանը ցանկանում է առավելագույն լիազորություններ. ղեկավարությունը պետք է աջակցի իր բոլոր որոշումներին: Պատմություններն անցյալից չպետք է կրկնվեն: Օրինակ, երբ մադրիդյան ակումբը հրաժարվեց վաճառել Բեյլին: Մամուլը նշում է, որ սա Զիդանի հեռանալու պատճառներից մեկն էր: Մեկ այլ դեպք էր, երբ թիմը բանակցում էր դարպասապահ Կեպայի հետ՝ առանց մարզչի հետ պայմանավորելու (Զիդանը հիասթափվել էր, որ վերջինն էր իմացել դարպասապահի հետ բանակցությունների մասին: Դարպասապահը, ի վերջո, գնաց «Չելսի»):
Սիրարփի Աղաբաբյան