Գերասիմչուկը՝ Զելենսկիի ֆենոմենի, ուկրաինական դասերի ու Փաշինյանի քաղաքականության մասին
«Զելենսկին կարող է դասեր քաղել հայաստանյան վերջին զարգացումներից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Սերգիյ Գերասիմչուկը՝ անդրադառնալով կիրակի օրն Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներին։
Հիշեցնենք, որ ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ 41-ամյա Վլադիմիր Զելենսկին, ով հայտնի էր դարձել՝ որպես կատակերգու դերասան, ում մեծ հռչակ էր բերել հատկապես «Ուրախների և հնարամիտների» ակումբը, որտեղ հանդես գալու համար Զելենսկին 6 տարի ապրել էր Մոսկվայում: Այս օրերին Զելենսկիի ֆենոմենն է քննարկում ողջ աշխարհը։
Սերգիյ Գերասիմչուկը մեկնաբանեց, թե ինչու Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխության և մեծ հանրային աջակցության ֆոնին իշխանության եկած գործիչները՝ Պյոտր Պորոշենկոյի գլխավորությամբ, նման ջախջախիչ պարտություն կրեցին հեղափոխությունից որոշ ժամանակ անց։
Ուկրաինացի քաղաքագետի կարծիքով՝ ընտրությունների արդյունքների հարցում պետք է մի քանի տեսանկյուն դիտարկել, ինչպես նաև՝ կոնտեքստը, որում դրանք անցկացվեցին՝ արտաքին քաղաքական և ներքաղաքական։
«Արտաքին քաղաքականից խոսենք։ Մի կողմից՝ ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն փորձում էր ամեն կերպ օգտագործել իր կապերն արևմտյան աշխարհում՝ ցույց տալով ընտրազանգվածին, որ հենց ինքն է այն գործիչը, ով կարող է երկխոսություն ծավալել ու շարունակել արևմտյան գործընկերների հետ՝ պահպանելով Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային, նրան հաջողվել էր նման տպավորություն ստեղծել։ Բայց Զելենսկիի թիմը ևս կարողացավ նման տպավորություն թողնել, ընտրությունների շեմին նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ էմմանուել Մակրոնի հետ ցույց տվեց, որ Պորոշենկոն այդ ոլորտում մենաշնորհ ամենևին էլ չունի։
Եթե խոսենք ռուսական ուղղության մասին, Ռուսաստանն ամեն կերպ հասկացնում էր, որ իրենց ձեռնտու կլինի ցանկացած թեկնածու, Զելենսկու հետ Ռուսաստանը ցույց տվեց, որ կաշխատի, բայց Պորոշենկոն ձեռնտու չէր ոչ մի դեպքում։ Դա ևս անդրադարձ ունեցավ այն ընտրազանգվածի տրամադրությունների վրա, որոնք այլևս հոգնել են Ռուսաստանի հետ պատերազմելուց և ձգտում են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման։ Երրորդ գործոնը տեղեկատվական արշավն էր, լրատվամիջոցները, այդ թվում՝ ռուսական միջամտությամբ, արշավ տարան՝ ի աջակցություն Զելենսկիի և ընդդեմ Պորոշենկոյի»,- ասաց Գերասիմչուկը։
Նրա խոսքով՝ ներքին քաղաքականության հարցում ևս պետք է հաշվի առնել մի քանի ասպեկտներ։ Ըստ նրա՝ բարեփոխումներն Ուկրաինայում շարունակվում էին, բայց շատ հաճախ բարեփոխումների գինը բարձր էր, արդյունքները միջին և երկարաժամկետ հեռանկարում պետք է տեսանելի դառնային, որն անդրադառնում էր հանրային տրամադրությունների վրա։
«Միևնույն ժամանակ՝ թեկնածու Զելենսկին օգտագործեց հետաքրքիր տակտիկա. նա հանդես չեկավ սեփական ծրագրով, նա օգտագործեց ընտրողների առաջարկները, դրանք նույնիսկ առանց մեկնաբանելու ներառում էր իր ծրագրում։ Սա հանգեցրեց նրան, որ շատերը տեսան այդ ծրագրում իրենց համար ցանկալին՝ չնայած չհասկանալով, թե այդ ցանկալին ինչպես կարող է իրականացնել նոր նախագահը»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ ընդհանուր դասեր կարող են քաղել ՀՀ իշխանություններն ուկրաինական հետհեղափոխական զարգացումներից՝ Գերասիմչուկը պատասխանեց, որ ճիշտ կլինի նշել նաև, որ Ուկրաինան կարող է դասեր քաղել Հայաստանի վերջին զարգացումներից։
«Զելենսկին կարող է դասեր քաղել հայկական վերջին զարգացումներից, քանի որ Փաշինյանը ևս իշխանության եկավ մասսայական աջակցության ֆոնին, բայց որքանով ինձ է հայտնի՝ իշխանության հարցում նրա մենաշնորհը քննադատությունների է ենթարկվում, նա իշխանության է բերել կադրերի, որոնք քիչ հայտնի են, որոշ դեպքերում կոմպետենտ չեն։
Նման խնդիր կարող է ծագել նաև Զելենսկիի դեպքում, նա կարող է իշխանության բերել ոչ այնքան փորձառու անձանց, որոնք կարող են անդրադառնալ բարեփոխումների օրակարգի տեմպի վրա, ինչն էլ հուսահատության նոր ալիք կբարձրացնի»,- մեկնաբանեց ուկրաինացի քաղաքագետը։
Գերասիմչուկն ասաց, որ, եթե Ուկրաինայի դասերից խոսենք, ապա պետք է նշել հետևյալը՝ գործիչները կարող են նոր տեխնոլոգիաներ օգտագործել, սոցիալական ցանցեր, ունենալ հնարավորություն՝ շփվել ընտրողների հետ ուղիղ կերպով, սակայն ներկայացնելով ծրագրեր ընտրողներին, որոնք ոչ միշտ ունեն ակնհայտ լուրջ բովանդակություն։
«Բովանդակությունն այն է, որը ծայրաստիճան կարևոր է ներկայումս թե՛ Հայաստանի, և թե՛ Ուկրաինայի համար, կարևոր է ոչ միայն իրավիճակի մեդիա պատկերը, արտաքին տեսքը, այլև դրա բովանդակությունը»,- ասաց նա։
Նշենք նաև, որ Վլադիմիր Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ արդեն շնորհավորել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր թվիթերյան միկրոբլոգի էջում ուկրաիներենով է շնորհավորել նոր նախագահին։