
Գեղարքունիքի մարզի որոշ հուշարձանների տարածքներում իրականացվել են մաքրման աշխատանքներ

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի հուշարձանների տարածքներում ՀՀ մշակույթի նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայությունը կազմակերպել եւ անցկացրել է մաքրման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, այդ աշխատանքներն իրականացվել են մարզի 38 համայնքների 44 հուշարձանների տարածքներում` 39 դպրոցների մոտ 530 աշակերտների եւ մարզում տեղակայված ՀՀ ԶՈւ զորամասերի զինվորների ուժերով:
«Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 18 համայնքների մոտ 40 հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքները, որոնք նախատեսվել էին մեր ծրագրում, հետաձգվել են ու կիրականացվեն մայիսի ընթացքում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհրդին առնչվող որեւէ յուրահատուկ թեմա: 2019 թվականին ժառանգության պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով՝ «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո: Մարզային ծառայության աշխատակիցները երեք հուշարձանների տարածքներում կարդացել են դասախոսական նյութ «Գյուղական լանդշաֆտներ» թեմայով:
Ըստ Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի, որն ընդունվել է 2000 թ. հոկտեմբերի 20-ին, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում՝ լանդշաֆտը մարդու կողմից ընկալվող մի տարածք է, որի բնույթը բնական եւ մարդկային գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք է: Հայաստանի Հանրապետությունը 2004 թ. մարտի 9-ին, վավերացնելով «Լանշաֆտի Եվրոպական Կոնվենցիան», ստանձնել է բնական եւ ձեռակերտ լանդշաֆտների պահպանության, կառավարման եւ պլանավորման գործընթացի իրականացման պարտավորությունը:
Հայաստանը ճանաչելի է աշխարհում իր բիբլիական բնապատկերներով՝ գեղեցիկ ուրվագծեր ունեցող բարձր լեռնաշղթաներով, խորը ձորերով, հարթավայրերով հոսող գետերով, դաշտավայրերում մշակվող խաղողի եւ մրգատու այգիներով, մարգագետնային եւ տափաստանային բուսականությամբ: Հայ ժողովրդի հոգեւոր եւ արժեքային համակարգին բնորոշ է լանդշաֆտի նկատմամբ զգայունությունը: Դրա վկայությունն է, օրինակ, Արարատ լեռը երկրի խորհրդանիշների շարքին դասելը: Բնության եւ մարդկային ստեղծագործության ներդաշնակության կատարյալ նմուշներ են հայկական ճարտարապետական հուշարձանները:
Մեր ունեցած հարուստ ու բազմազան մշակութային ժառանգությունը, որի անբաժանելի մասն է կազմում լանդշաֆտը, կենդանի ապացույց է` փաստելու մեր դարավոր ու անմահ պատմության մասին, եւ յուրաքանչյուրիս պարտքն է՝ հոգատարությամբ ու խնամքով վերաբերել նրանց»,-կարեւորեց Գոռ Գասպարյանը:
Խոսրով Խլղաթյան