Հավատարմությունը նվիրվածություն է, դավաճանելու անկարողություն
Հավատ-հավատարմություն, вера-верность և էլի կգտնվեն այնպիսի լեզուներ, որտեղ «հավատարմություն»-ը կունենա նույն բառարմատը, ուստի առանց երկմտելու կարելի է ասել, որ այն՝ որպես անանց հոգևոր արժեք, ուղղակիորեն բխում է հավատքից:
Եթե փորձենք տալ հավատարմության սահմանումը, ապա՝ Հավատարմությունը նվիրվածություն է, դավաճանելու անկարողություն:
Հավատարմության երեք հիմնական դրսևորումներ կան՝ Աստծո, մարդու և մերձավորի հանդեպ:
Եթե կարդանք Աստվածաշունչ, կնկատենք, որ այնտեղ շատ նուրբ կերպով ընդգծված է Աստծո հենց այս հատկությունը: Նա հավատարիմ է բոլորին և, իհարկե, Իր տված խոստումներին:Մարդիկ կարող են վստահությամբ ընդունել Նրա խոսքերը, որովհետև Նա Տերն է և երբեք չի փոխվում, չի ստում և կարծիք չի փոխում:
Աստծո հավատարմությունն ընդունելուց հետո միայն կարող ես վերանայել ինքդ քեզ և փորձես նմանվել Նրան, ում կրում ես քո մեջ: Հավատարմությունը հարատևություն է, որը ոչ մի դեպքում չի ընդհատվում. այն մշտական բնույթ կրող հատկություն է:
Հավատարմությունը մերձավորի հանդեպ դրսևորվում է խոստումնապահության, ուղղամտության և վստահության ձևով:
Հավատարմության մասին կան տարաբնույթ պատկերացումներ. «Դիմացինի թերություններն իր մոտ բարձրաձայնելու և միասին լուծումներ փնտրելու մեջ է: Մարդուն այնպիսին, ինչպիսին կա ընդունելու մեջ է (անկախ նրանից՝ մենք ինչպիսին ենք ուզում նրան տեսնել): Հավատարմությունը անկախ թերացումներից միշտ տվյալ մարդու կողքին լինելու մեջ է: Դու կարող ես ինչ-ինչ բաներ թաքցնել նույնիսկ ինքդ քեզնից, բայց նրանից՝ ոչ մի արդարացմամբ»:
Եթե գեղեցկությունը կփրկի աշխարհը, ապա հավատարմությունը կկառուցի այն աշխարհը, որը գեղեցիկ կթվա ձեզ բոլոր ժամանակներում:
Լիլիանա Օսիպյան
qahana.am