«Բռնելով, վախեցնելով, կալանավորելով՝ այդ հարցը մեզ ոչ մի տեղ չի տանի». Շուշան Դոյդոյան
«Մարդու անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել: Այլ բան է, եթե այդ մարդը, հանդես գալով այլ անձի տվյալներով` փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որի տարածման մեջ կա հանցակազմ»,- ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով ֆեյքերի դեմ պայքարի մասին:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Ֆեյքերի դեմ պայքար իրականում չկա: Կա այն ֆեյքերի դեմ պայքար, որոնք ապատեղեկատվություն են տարածում, որովհետև, եթե մենք հիմա շրջանառենք ֆեյքերի դեմ պայքարը, ապա դա մեզ շատ վտանգավոր տեղ կարող է տանել: Այնպես որ, մենք էլ մեր ձևակերպումներում պետք է ճիշտ արտահայտվենք, որ դա չդառնա հանրային երևույթ: Մյուս կողմից, եթե տարածվում, հրապարակվում է արատավորող, պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող, նսեմացնող արտահայտություն կամ տեղեկատվություն, ապա այս հարցերում կան քաղաքացիական օրենսգրքով պաշտպանության ողջ ընթացակարգերը, որից կարող է յուրաքանչյուր մարդ օգտվել:
Սակայն, եթե այս ամենը տարածվում է անանուն օգտատիրոջ կողմից, ապա դրա համար կա ոստիկանությունը, որին կարող է դիմել ամեն մարդ՝ իմանալու, թե ո՞վ է եղել տարածող անձը, և դրա համար սկսել քաղաքացիաիրավական պաշտպանության գործընթաց: Իսկ եթե կա տարածված այնպիսի տեղեկատվություն, որը քրեորեն պատժելի է՝ բռնության, հասարակության բարոյականությանը սպառնացող քարոզ, և այլն, այսինքն, այն ինչ արդեն արգելված է օրենքով, պետք է առաջ բերի քրեական պատասխանատվություն՝ անկախ նրանից՝ դա կլինի անանո՞ւն, ֆեյքի կողմից տարածվա՞ծ, թե՞ ոչ»:
Շուշան Դոյդոյանն ընդգծում է՝ ապատեղեկատվությունը, որը պարունակում է պատվի, արժանապատվության ստորացում, որոշ դեպքերում՝ գործարար համբավի վնասում, այս ամբողջ աղբը պետք է վերացվի:
«Ես չեմ կարծում, որ դրա լավագույն ձևը բռնել-վախեցնելն է, պատժելը, սա ես ամենավերջում կնշեի՝ որպես գործիք: Ես ավելի կողմ եմ մի քանի մեխանիզմների, դրանցից մեկն այն է, որ, եթե խոսքը տարածվում է մեդիայի կողմից՝ բաց, թափանցիկ ֆինանսական ռեսուրսների մասին տվյալների հրապարակումը բերելու է մեդիապատասխանատվության, երկրորդ միջոցն էթիկական նորմերի լայն քարոզն է լրատվամիջոցների համայնքում, որպեսզի գործեն լրագրողական էթիկայի շրջանակում, և երրորդը, եթե արդեն ոչ մեդիադաշտի կողմից հրապարակվող աղբի մասին է խոսքը, այլ հանրության որոշ ներկայացուցիչների, կարծում եմ՝ լուրջ անելիք ունի և՛ կառավարությունը, և՛ քաղհասարակությունը՝ որպես մեդիակրթության իրականացնող:
Մարդկանց պետք է բացատրեն, որ նրանց արարքը պարունակում է և՛ քրեական, և՛ քաղաքացիական օրենսդրության խախտում, որի համար կարող է պատասխանատվության ենթարկվել: Ազատ խոսքը բացարձակ արժեք չէ: Սա պետք է հասկանան բոլոր խաղացողները. ազատ խոսքը ենթադրում է առաջին հերթին՝ պատասխանատվություն։ Այսինքն, ես ազատ եմ հիմա ասելու ամեն ինչ, քանի դեռ ձեր իրավունքների ոլորտ չեմ մխրճվել, չեմ ոտնահարել ձեր պատվի, արժանապատվության իրավունքը:
Այս գիտակցմանը հնարավոր է հասնել միայն լայնածավալ կրթական ծրագրեր իրականացնելու միջոցով: Այսինքն, եթե դու ուզում ես խոսել, պետք է իմանաս, որ կարող ես ենթարկվել պատասխանատվության, եթե խախտում ես այլոց իրավունքները: Ես չեմ կարող մեկի մասին հրապարակել ամեն ինչ, որ ինձ հայտնի է դարձել, որովհետև դա նրա անձնական կյանքն է, որի պաշտպանության իրավունքն ունի: Այստեղ իմ խոսքի ազատության իրավունքն անհրաժեշտորեն սահմանափակվում է:
Կարծում եմ՝ բռնելով, վախեցնելով, կալանավորելով՝ այդ հարցը մեզ ոչ մի տեղ չի տանի. դրան հնարավոր է հասնել քայլ առ քայլ: Ես ավելի շատ փափուկ կարգավորումների կողմնակից եմ: Այս ճանապարհով գնալիս՝ պետությունը կհասնի երկարաժամկետ արդյունքների»,- հավելեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին կառավարության նիստում ԱԱԾ տնօրենին հանձնարարեց պայքարել սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվող ֆեյք լուրերի դեմ։
«Սոցիալական ցանցերում կան հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրո՞ք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի։ Էս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է»,- ասաց Փաշինյանը: Դրանից մեկ-երկու օր անց ԱԱԾ-ն քրեական գործի շրջանակներում կալանավորեց «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջը համակարգող անձին։
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։
Անի Կարապետյան