«Ես խոսել եմ ցեղասպանության մասին, վարչապետի խոսելու կարիքը չկար». «Իմ քայլի» պատգամավորն իրեն նույնացնում է Փաշինյանի հետ

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում չանդրադարձավ հայոց ցեղասպանությանը, ասաց, թե ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված էր ատելության խոսքի հետ կապված բավականին լուրջ հատված, և դրա շրջանակներում ինքն իր ելույթում անդրադարձ է կատարել ատելության խոսքի՝ որպես պրեկուրսորի, ցեղասպանության հատուկ մտադրությունն իրագործելու համար, որովհետև իրոք, որևէ ցեղասպանություն հնարավոր չի եղել իրագործել առանց ատելության խոսքի, որը հանգեցնում է ապամարդկայնացման, և միայն դրանից հետո է հնարավոր լինում իրագործել այդ հանցավոր մտադրությունը։

«Ընդ որում, հարց բարձրացվեց առ այն, որ թեև 100 տարի է անցել հայոց ցեղասպանությունից, այդուհանդերձ ԵԽ անդամ երկրներում բախվում ենք հայատյացության տարբեր դեպքերին։ Մենք անդրադարձ կատարեցինք նաև ցեղասպանության այլ դեպքերի՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կարևոր դեր է տրվում նաև ցեղասպանության հանցագործությունների կանխարգելմանը, և այս տեսանկյունից մենք օգտագործելու ենք նաև այս հարթակը»,-ասաց Վլ. Վարդանյանը՝ շեշտելով, որ «այս տեսանկյունից վարչապետի կողմից հարցին չանդրադառնալու հետ կապված՝ մենք պետք է հստակ հաշվի առնենք, որ խոսքը գնում է ոչ թե երկկողմ հարաբերությունների մասին, այլ խոսքը գնում է ԵԽԽՎ-ին վերապահված լիազորությունների շրջանակի մասին, որում որևիցե առումով ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության դատապարտելու հարց չի եղել ընդգրկված երբևիցե»։

«Բայց այդուհանդերձ, ուզում եմ նշել, որ այդ նույն օրերին տեղի ունեցավ Իտալիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց, մենք հնարավորություն ենք ունեցել հանդիպել իտալական պատվիրակությանը, մեր երախտիքի խոսքն ենք հայտնել»,-հավելեց ԱԺ պատգամավորը։

Այնինչ, Իտալիայի խորհրդարանն իրականում 2000թ. է ճանաչել հայոց ցեղասպանությունը և օրերս միայն վերահաստատել է իր դիրքորոշումը, սակայն իշխանական մամուլը, Կառավարությունն ու Խորհրդարանն այնպիսի աղմուկ բարձրացրեցին, ասես իրենք էին հսկայական ջանքեր գործադրել այդ ուղղությամբ ու հիմա վերջապես արդյունքի էին հասել։
ԵԽԽՎ մեր պատվիրակության անդամն էլ առիթը բաց չթողեց այդ մասին խոսելու՝ հմտորեն շրջանցելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԵԽԽՎ բարձր ամբիոնը չօգտագործելու և ևս մեկ անգամ հայոց ցեղասպանության մասին չխոսելու հարցը։

Մի կողմ թողնենք նաև այն խնդիրը, որ երբ ԱԺ պատգամավորն ասում է, թե ինքը խոսել է ցեղասպանության մասին, դրա համար էլ վարչապետի խոսելու կարիքը չկար, ինքն իրեն ու վարչապետին դնում է նույն հարթության մեջ։

Մյուս կողմից, վարչապետը նաև Արցախից է խոսել, ի՞նչ է պատվիրակության անդամներն այդ թեմայի մասին չե՞ն խոսել։

Բայց ԵԽԽվ մեր պատվիրակն իրականում մի ձևակերպում արեց, որը մեկնաբանելու համար թերևս միայն իրեն հայտնի նորմերի ու իրավակարգավորումների պետք է տիրապետել։

Խոսքն այն մասին է, որ, ըստ Վլադիմիր Վարդանյանի, ԵԽԽՎ-ին վերապահված լիազորությունների շրջանակներում որևիցե առումով ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության դատապարտելու հարց չի եղել ընդգրկված երբևիցե։ Ասել է, թե՝ ԵԽԽՎ-ն ցեղասպանությունից խոսելու մանդատ չունի։ Այդ դեպքում ի՞նչ լիազորություններ ունի կամ ի՞նչ հարցեր պետք է քննարկի ԵԽԽՎ մարդու իրավունքների բլոկը։

Եվ վերջապես, այս արտահայտությունն արդյո՞ք նշանակում է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այդ ամբիոնից երբևէ ցեղասպանության մասին չի խոսելու։

Տեսանյութեր

Լրահոս