Իսկ ինչո՞ւ այդքան անհանդուրժողականություն

Անհանդուրժողականությունը որքան էլ որ պատմության տարբեր ժամանակներում ուղեկցել է բոլոր պետություններին և ավելի շատ բնորոշ է եղել բռնապետական կարգերին, ժամանակի ընթացքում ենթարկվել է մեծ փոփոխությունների և մեր օրերը հասել ժողովրդավարական կարգի պետությունների կառուցմամբ, որտեղ հարգի են այլախոհությունը, միմյանցից տարբերվող կազմակերպությունների, կուսակցությունների, հասարակական շարժումների ձևավորումը, տարբեր կարծիքներ հայտնելու հնարավորությունը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու ազատությունը, և այլն:

Այդ ամենի համար մարդկությունը թանկ է վճարել և մեծ ուսանելի ճանապարհ անցել:

Ի՞նչ խոսք, հեշտ չէ հասնել նման կարգի պետության, հասարակության կառուցմանը, որտեղ մարդիկ ազատ են իրենց գործողություններում, արարքներում և հայացքներում:

Նաև փաստ է, որ ավելի առաջընթաց, զարգացում են ապրում այն երկրները, որոնք դավանում և հետևում են վերը թվարկված արժեքներին:

Բայց նաև ասենք, որ այդ ամենին հասնելու համար յուրաքանչյուր սերունդ իր ներդրումն ունի, քանզի առանց նախորդի, նրա կատարածի՝ հնարավոր չէ այդ հարցում հասնելու հաջողության: Այդ պարզ ճշմարտությունն ունի կարևոր մի խորհուրդ՝ չկտրվել անցյալից, չմերժել նախորդի կատարածը, յուրացնել դրականը, ձեռքբերումները և այդ ամենի հենքի վրա կառուցել նորը, ավելի առաջավորն ու կատարյալը: Նման դեպքում ապահովվում է սերունդների կապը, նպաստում հասարակության նոր որակով, նոր պահանջների ոգով զարգացմանը, և, որ կարևոր է, նպաստում կայուն և համերաշխ հասարակության ձևավորմանը:

Առանց խորանալու մեր ժողովրդի հազարամյակներով լի հարուստ պատմության տարբեր դրվագների վերլուծության մեջ՝ միայն նշենք, որ հայ ժողովուրդն իր պատմության վերջին մոտ երեք տասնամյակների ընթացքում ապրել է մեծ ցնցումների, վերափոխումների շրջան, որի ընթացքում նույնքան մեծ փոփոխությունների են ենթարկվել այնպիսի արժեքներ, ինչպիսիք իշխանություն-ժողովուրդ-հասարակություն հարաբերություններն են, այդ հարաբերություններում յուրաքանչյուր կողմի մոտեցումը, դիրքորոշումն է, երբ իրար կողքի ապրել, գործել են մեկ՝ միասնությունը, մեկ՝ միմյանց նկատմամբ անվստահությունը, անհամաձայնությունը, միմյանց մերժելու հոգեբանությունը, անհանդուրժողականությունը, և այլն:

Ստեղծված իրավիճակի համար, մեծ հաշվով, երկուստեք մեղավոր են. նկատի ունենք թե՛ իշխանություններին, և թե՛ հասարակության տարբեր խավերին, այդ խավերը ներկայացնող քաղաքական ուժերին, կուսակցություններին, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող տարբեր կարգի կազմակերպություններին, ընկերություններին և այլն:

Բայց վերջին հաշվով, այդ հարցում ավելի շատ և առաջին հերթին՝ պատասխանատու են իշխանությունները, քանզի նրանք են ժողովրդին տանում վերափոխումների, ոգևորում իրենց կարգախոսներով ու խոստումներով: Իսկ իշխանությունների հաջողության բանալին այդ խոստումներին հավատարիմ լինելը և խոսքի ու գործի միասնությունն է:

Նաև ասենք, որ պետության կայունությունը կախված է ոչ այնքան հասարակության, ժողովրդի կողմից նրա նկատմամբ վստահության դրսևորումով, հավատարմության երդումներով, դա՝ իր հերթին, այլ ավելի շատ կախված է իշխանությունների վարած ամենօրյա քաղաքականությունից, այն բանից, թե որքանով է այն համապատասխանում ժողովրդի շահերին, բխում նրա ցանկություններից, ընկալումներից, և այլն:

Ժողովուրդը ողջունեց հանրապետությունում տեղի ունեցող հեղափոխական գործընթացները: Դեռ ավելին՝ նա դարձավ այդ վերափոխումների գլխավոր դերակատարը, շաժիչ ուժը, առանց որի՝ հնարավոր չէր այդ ամենն իրականացնել:

Այնպես որ, իշխանությունները պետք է խոնարհվեն ժողովրդի առաջ և լավ հասկանան, որ առանց ժողովրդի պաշտպանության՝ ոչինչ չեն կարող իրականացնել և ոչնչի չեն կարող հասնել: Իսկ դրա ճանապարհը մեկն է, քայլ առ քայլ իրականացնել հեղափոխության, իշխանության գալու ճանապարհին հրապարակավ ժողովրդին տված խոստումները:

Այս հարցում Նիկոլ Փաշինյանն ընտրել է ժողովրդի ոգևորությունը, հեղափոխական տրամադրությունները պահպանելու, նրան ոգևորելու մի ձև՝ ի լուր ժողովրդի, ի լուր հանրության՝ ասել, թե ինչ է սպասվում այսօր կամ վաղը, ինչ նոր վերափոխումներ են սպասվում, ինչ նոր անօրինականություններ են բացահայտվել, ովքեր են ենթարկվելու պատժի, և այլն:

Բայց նաև չմոռանանք ասել, որ ժողովրդին, այդ խնդիրներից զատ, ավելի շատ հետաքրքրում են այլ կարգի փոփոխությունների իրականացումը, որն ավելի շոշափելի կդարձնի հեղափոխության պտուղները: Իսկ եթե դա չի լինում, ապա առաջանում է անդունդ ժողովրդի և իշխանությունների միջև, որն էլ իր հերթին՝ ծնում է անհանդուրժողականություն միմյանց նկատմամբ, ստեղծում իրար չհասկանալու, չլսելու և հասարակությունը տարբեր բևեռների՝ սև և սպիտակի բաժանելու վտանգ:

Այս երևույթները գրեթե ամեն օր դրսևորվում են տարբեր կարգի բողոքներով, հանրահավաքներով, փողոցներ, ճանապարհներ, դպրոցներ փակելով, բոյկոտներով, և այլն:

Բայց առավել ցավալի է, որ այդ երևույթը դրսևորվում է հանրապետության Ազգային ժողովում, որտեղ ընդամենը երեք քաղաքական ուժերն այնքան էլ հաշտ չեն աշխատում, իսկ իրենց ընդդիմադիր հռչակած «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանն» ավելի շատ պայքարում են, թե նրանցից ով է ավելի ընդդիմադիրը, ինչպես ասում են՝ ում է պատկանում այդ «դափնին»:

Եվ որքան էլ, որ ընդունված է, որ խորհրդարանում կարող են լինել տարաձայնություններ տարբեր քաղաքական ուժերի, խմբավորումների միջև, և այլն, որը նորմալ երևույթ է, բայց պետք է հասկանալ, որ խորհրդարանում դրսևորվող անհամաձայնությունները, իրար չհասկանալը, եթե չասենք՝ վիրավորելը, իր արտացոլումն է ունենում նաև հասարակության տարբեր շերտերի, խավերի շրջանում: Խոսքն այն մասին է, որ տարաձայնությունները, միմյանց նկատմամբ քննադատական խոսքը, չպետք է անցնի սահմանը և վերածվի միմյանց նկատմամբ անհանդուրժողականության, տարբեր որակումներ տալուն և այլն:

Մյուս հարցը դա խորհրդարան, Ազգային ժողով, արտախորհրդարանական ուժերի, կուսակցությունների հարաբերությունների հարցն է: Այստեղ վակուումը բավական մեծ է: Բանն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունը գրեթե ամբողջովին զբաղեցրել և «գրավել» է հանրապետության քաղաքական դաշտը և գրեթե ստեղծել մենաշնորհային վիճակ՝ ստվերելով հանրապետությունում գործող կամ չգործող (միայն թղթի վրա գործող) կուսակցությունների գործունեությունը, որոնք կարծեք ասելիք չունեն հանրությանը և միայն ստեպ-ստեպ, որպեսզի ժողովուրդը չմոռանա, հիշեցնում են իրենց գոյության մասին՝ անելով տարբեր կարգի հայտարարություններ:

Այստեղ մեղսակցությունը երկուստեք է, քանզի դրանում մեղավոր են թե նախկին, և թե այսօրվա իշխանությունները, որոնք գրավելով, ինչպես ասացինք, երկրի քաղաքական դաշտը, անտեսել են մյուս ուժերի դերը, որի համար էլ նրանց գործունեությունը հաճախ դարձել է ձևական, իսկ եթե անգամ նրանցից ոմանք անցել են խորհրդարան, միևնույն է, նրանց դերը և կատարածը խորհրդարանում այնքան էլ տեսանելի չէ: Դա մեծ մասամբ արվում է, որպեսզի ցույց տրվի, որ խորհրդարանը ձևավորվում է բազմակուսակցական հենքի վրա:

Մինչդեռ յուրաքանչյուր ժամանակակից պետության քաղաքական կյանքի բնորոշ գծերից մեկն այն է, որ երկրում գործում են նաև արտախորհրդարանական ուժեր, կուսակցություններ, որոնք իրենց դիրքորոշումը և մոտեցումներն են դրսևորում իշխանությունների յուրաքանչյուր քայլի, նախաձեռնության նկատմամբ, և, եթե անհրաժեշտ է՝ քննադատում իշխանություններին, անում իրենց առաջարկները, այլընտրանքային մոտեցումները, որը ևս անհանդուրժողականությունը զսպող գործոններից մեկն է, քանզի իրար կողքի կարող են լինել և մրցակցել տարբեր ուժեր, տարբեր հայացքներ և կուսակցություններ:

Ի դեպ, պետք է ասել, որ այդ ամենն արվում է նաև մի բանի համար՝ հաջորդ ընտրություններում խաղաղ կերպով իշխանափոխություն կամ, այսպես ասած՝ հերթափոխն իրականացնելու համար, որտեղ բացակայում է միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, հասարակությունը սև և սպիտակի բաժանելը, և այլն, որը մեր օրերի, թերևս, գլխավոր խնդիրներից մեկն է:

Հենրիկ Աբրահամյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տեսանյութեր

Լրահոս