Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը նախապատրաստվում է միջկորեական չորրորդ գագաթնաժողովին

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ չորրորդ հանդիպմանը նախապատրաստվելու մտադրության մասին: Երկնագույն տանը կայացած խորհրդակցությանը Հարավային Կորեայի ղեկավարի ելույթից մեջբերում է արել Yonhap գործակալությունը:

«Եկել է Հյուսիսի եւ Հարավի ղեկավարների գագաթնաժողովին նախապատրաստվելու ժամանակը»,-հայտարարել է նա: Մուն Չժե Ինը նաեւ նշել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ այն բանից անմիջապես հետո, երս հյուսիսկորեական կողմը հայտարարի դրան իր պատրաստ լինելու մասին:

«Երբ Հյուսիսային Կորեան պատրաստ լինի, ես հուսով եմ, որ Հյուսիսի եւ Հարավի միջեւ հերթական գագաթնաժողովը կկայանա ցանկացած վայրում եւ անկախ ձեւաչափից»,-ընդգծել է հարավկորեացի ղեկավարը:

Ապրիլի 10-ին Chosun Ilbo թերթը, վկայակոչելով նախագահի վարչակազմի մի աղբյուր, տեղեկացրել էր, որ Սեուլում քննարկում են Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ունի հանդիպման անցկացման հնարավորությունը ապրիլի վերջին: 2018 թվականի ապրիլից ի վեր Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդներն անցկացրել են երեք հանդիպում:

Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանամերձ բնակավայրում: Դրա արդյունքը դարձել է ստորագրված այն հայտարարությունը, որը հռչակել է թերակղզու լիակատար միջուկազերծման հասնելու նպատակը, հաշտության պայմանագիր ստորագրելու հաստատ մտադրությունը, հումանիտար բնագավառում համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաեւ պետությունների միջեւ սահմանին քարոզչության լիակատար դադարեցումը:

Մայիսի 26-ին Մուն Չժե Ինը եւ Կիմ Չեն Ունը երկրորդ անգամ հանդիպում են ունեցել նույնպես Փանմունջոմում, երրորդ գագաթնաժողովը դարձել է ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների՝ սեպտեմբերի 18-ի հանդիպումը Փհենյանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս