
Ստեղծվել է ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամ՝ 900 մլն եվրո կապիտալով

Թուրքիան և Ռուսաստանը 900 մլն եվրո կապիտալով համատեղ ներդրումային հիմնադրամ են ստեղծել։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է «Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի» տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։
Լրագրողների հետ զրույցում նա մասնավորապես ասել է․ «Այսօր պետք է հայտարարեմ, որ վերջապես հիմնել ենք ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամը։ Նախագծի վրա երկար աշխատել ենք, բազմաթիվ հանդիպումներ ենք անցկացրել և վերջապես հիմնադրամը ստեղծվեց։ Հիմնադրամի ընդհանուր ծավալը 900 մլն եվրո է»։
Դմիտրիևի դիտարկմամբ` նորաբաց հիմնադրամը շատ կարևոր ազդակ է լինելու կողմերի միջև ներդրումներն արագացնելու առումով:
Հավելենք, որ այսօր Մոսկվայում նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերը, S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման և Սիրիայում տիրող իրավիճակի հարցը։