Բյուջեի եկամուտները կգերակատարվեն, կամ՝ կենացդ անուշ խմես, պարոն վարչապետ

Արդեն մի քանի օր է, ինչ իշխանական տարբեր մակարդակներում շարունակ թմբկահարվում է այն թեման, որ 2019 թվականին եկամուտների մասով բյուջեն կգերակատարվի: Այս մասին առաջինը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով հետևյալ տեղեկատվությունը՝ «Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով»: Ավելի ուշ Փաշինյանը առաջին եռամսյակի այս գերակատարումը բազմապատկեց 4-ով, և խոստացավ տարին ամփոփել 40 միլիարդ դրամ գերակատարումով:

Իրակա՞ն են արդյոք առաջին եռամսյակի տվյալները, հնարավոր կլինի պարզել ավելի ուշ, երբ Ֆինանսների նախարարությունը կհրապարակի եռամսյակային հաշվետվությունը, իսկ ինչ վերաբերում է առաջին եռամսյակի թիվը 4-ով բազմապատկելուն և այդ մասին հայտարարություն անելուն, ապա դա, ամենայն հավանականությամբ, հեռու է իրականանալուց մի շարք պատճառներով:

Առաջին հերթին, այդօրինակ եզրահանգման հիմք է տալիս կառավարության նպատակադրումը՝ սեպտեմբեր ամսին նախատեսվում է իրականացնել Հարկային օրենսգրքի փոփոխություն, որի արդյունքում նվազեցվելու է շահութահարկի ու եկամտահարկի դրույքաչափերը: Սա նշանակում է, որ կունենանք հարկային մուտքերի էական նվազում, որը ոչ միայն կասկածի տակ կդնի գերակատարումը, այլև թերակատարման լուրջ վտանգներ է պարունակում:

Միաժամանակ պետք է նշենք, որ տարին դեռ նոր է սկսվել, և, եթե առաջին եռամսյակում տնտեսական իրավիճակը բարենպաստ է, ապա դա դեռ չի նշանակում, որ ամբողջ տարվա համար նույն կերպ է լինելու: Օրինակ, Աստված մի արասցե, հերթական անգամ կարկտահարություն լինի, կարիք չկա մանրամասնելու, թե ինչ հետևանքներ դա կունենա տնտեսության, հետևաբար՝ նաև բյուջեի վրա: Այս պարագայում խոսել 40 միլիարդ գերակատարումից, երբ հայտնի չէ, թե տնտեսական ի՞նչ զարգացումներ են սպասվում, առնվազն զուրկ է մասնագիտական հիմքերից:

Սակայն հոգ չէ, մեր մասնագիտական համբերատարությունը կսպասի, և երբ հայտնի լինեն տվյալներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել այս հայտարարությունների իսկության ստուգում, անպայման կանդրադառնանք այս թեմային: Եվ, եթե պարզվի, որ այն հեռու է իրականությունից, և սա վարչապետի հերթական «կենացն» էր, անպայման կմիանանք այդ կենացին և կասենք՝ կենացդ անուշ խմես, պարոն վարչապետ:

Սակայն մինչ այդ տվյալների հասանելի դառնալը, հայտարարություն անող պաշտոնյաներին լավ կլիներ հիշեցնել, որ տնտեսագիտությունը սիրողական զբաղմունք չէ, այլ ճշգրիտ գիտություն, իսկ տնտեսությունը իրենից ներկայացնում է փակ համակարգ, որտեղ մի թիվը պայմանավորված է մյուս թվերով, և վաղ թե ուշ դրանց համադրությունը ցույց է տալիս իրական պատկերը:

Դրա վառ օրինակին ականատես եղանք վերջերս, երբ Օպերային թատրոնի հարակից սրճարանների ապամոնտաժման ժամանակ իշխանական թևի փաստարկներից մեկն այն էր, որ այստեղի աշխատողները գրանցված չեն, ու կազմակերպությունը գործել է ստվերում: Եվ սա նրանք ասում էին շատ լուրջ դեմքով՝ մոռանալով, որ մի քանի ամիս առաջ վարչապետն ու ՊԵԿ նախագահը համարյա երդվում էին, որ ստվերն իսպառ վերացել է: Բայց պարզվում է, որ ոչ, բառացիորեն Հայաստանի կենտրոնում, ՊԵԿ-ի ու վարչապետի քթի տակ մի ամբողջ ստվերային համակարգ է գործել: Ի՞նչ է ստացվում. նրանք անգործությա՞մբ են զբաղվել և տեղյակ չե՞ն եղել, թե՞ ուղղակի ստել են հանրությանը:

Բայց արի ու տես, որ սա ստվերի ու չգրանցված աշխատողների մասին ամենամեծ սուտը չէ: Ամենամեծն այս առումով դեռ նախորդ ամռանն էր, երբ նույն մարդիկ հայտարարեցին, որ թվով 35.000 աշխատող դուրս է եկել ստվերից և դարձել գրանցված աշխատող:

Եթե այն ժամանակ, բացի պատկան մարմիններից, տեղեկատվությունը այլ անձանց և սովորական քաղաքացիներին հասանելի չէր, ապա ամիսներ անց եթե ոչ՝ տվյալ, ապա՝ այլ աղբյուրների տեղեկատվության համադրության միջոցով հնարավոր է դառնում ճշտել տվյալ տեղեկատվության իսկությունը: Այլ աղբյուրն այս անգամ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն է, որին՝ համաձայն ՀՀ օրենսդրության, յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական պարտադիր վճարում է 1000 դրամ պարտադիր դրոշմանիշային վճար:

Ասվածից հետևում է, որ, եթե տեղեկատվությունը ճիշտ էր, և 35.000 քաղաքացի, նախկինում ստվերում աշխատելու փոխարեն, դուրս է եկել ստվերից և գրանցվել, ապա նախորդ տարվա համեմատ հիմնադրամին վճարում կատարածների թիվը պետք է ավելանար ամսական առնվազն 35.000-ով: Համաձայն հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվությունների, թիվը ոչ միայն այդ չափով չի ավելացել, այլև 2018 թվականին 2017-ի համեմատ նվազել է:

Ինչպես երևում է գծապատկերից, 2018 թվականին միայն 2 ամիսների արդյունքով է, որ հիմնադրամին վճարումների թիվն ավելին է 2017 թվականի ցուցանիշից, ընդ որում, այդ ավելցուկային մասը հուլիսին կազմել է 4901 մարդ, իսկ օգոստոսին՝ 3544, այս թվերը ոչ մի կերպ չեն տեղավորվում 35.000 աշխատողի ստվերից դուրս գալու մասին արված հայտարարություններում:

Ասվածից կարող ենք ընդամենը մի պարզ հետևություն անել, որ նախկինում հրապարակված տեղեկատվությունը հասարակ սուտ էր և կեղծ հայտարարություն, որի բացահայտման համար պահանջվեց կես տարուց մի փոքր ավելի: Սակայն այստեղ ոչ միայն կարևոր է, որ հայտարարությունը սուտ է եղել, այլև ոչ պակաս կարևոր է, թե ով է եղել այդ ստի հեղինակը, ով է այդպես զեկուցել, կամ ով է առանց հիմքերի այդպիսի լուր տարածել: Սա պետք է լավ հասկանալ, հատկապես, որ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, արդեն սկսել է մեղավորներ փնտրել, և անել դա՝ ընդհուպ սեփական շարքերում: Փաշինյանն էլ խոստացել է չներել այդ մեղավորին, այնպես որ, լավ փնտրեք, իսկ առհասարակ ավելի լավ է խոսելուց առաջ մի լավ մտածել, որովհետև ստի ոտքը կարճ է, մեկ էլ տեսար…

Մաքսիմ Մուսինյան

Տեսանյութեր

Լրահոս