Բաժիններ՝

«Հատկապես Քոչարի, Վաղարշյան փողոցներում վարորդների համար հատուկ թակարդներ կան». վարորդներ

Կարմիր գծերը շարունակում են մնալ վարորդների ուշադրության կենտրոնում: Ասում են՝ դրանք առաջվա նման չեն խանգարում, բայց բոլոր դեպքերում խնդիրներ էլի կան:

«Եթե նախկինում կարմիր գիծ էր ամեն տեղ, ու դու իրավունք ունեիր կանգնել, ապա հիմա եթե 15 րոպեից ավելի ես կանգնում՝ տուգանվում ես 5000 դրամի չափով: Ակտեր, ահագին ժամանակ է՝ չեն եկել, բայց գծերը թարմացնում են, երևի կրկին ուզում են վերականգնել ու սկսել ուղարկել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

«Որոշ փողոցներում թող լինեն կարմիր գծեր, որոշներում՝ ոչ: Այն փողոցները, որտեղ երկշարքանի երթևեկություն է՝ ճանապարհը նեղ է, ապա երթևեկության համար մեկ շարք թողնելն արդեն անթույլատրելի է, վթարային իրավիճակը մեծանում է»,- նկատեց մյուսը:

Վարորդներից շատերը դժգոհեցին անտեսանելի կարմիր գծերից, տեսախցիկներից, որ միայն խախտումներն են արձանագրում, և ոչ՝ այն պահը, երբ վնասում են մեքենան:

«Հաճախ կանգառի մոտ է կարմիր գիծ քաշած լինում, կայանում ես՝ տուգանում են, իբր չնախատեսած վայրում ես կայանել: Հետո պարզվում է՝ իբր ջնջել են կարմիր գիծը, բայց լավ չի ջնջվել: Հատկապես Քոչարի, Վաղարշյան փողոցներում նման թակարդներ կան: Վարորդին ակնհայտ շփոթության մեջ են գցում նաև տվյալ հատվածի գծանշումներն ու նշանները, ու դու որպես վարորդ՝ պարտավոր չես որոշել՝ նշա՞նն է ճիշտ, թե՞ գծանշումը։

Իսկ «կարմիր գծերի» տարածքում գործող տեսախցիկները միայն խախտումներ արձանագրելու համար են: Տեսանյութերը չեն տրամադրվում վնասված մեքենաների վարորդներին, ոստիկանությունը ևս չի կարողանում այդ տեսաձայնագրությունները վերցնել»,- հայտնեցին նրանք:

Վարորդներն առաջարկեցին կարմիր գծերը կրճատել առնվազն երկու անգամ, տեղադրել 5MP տեսանկարահանող սարքեր, որպեսզի, եթե մեքենան վնասեն՝ վնասողին գտնեն։

Կարևորեցին նաև այն հանգամանքը, որ Կենտրոնից բացի, մյուս հատվածներում չպետք է լինեն կարմիր գծեր, կամ գոնե տարբեր թաղամասերում տարբեր արժեքներ կարող են սահմանել:

Նշենք, որ «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը հայտարարված համապետական շաբաթօրյակի շրջանակում ակցիա-հիշեցում է կատարել Երևանի կենտրոնում՝ կարմիր գծերի վերացման անհրաժեշտության դեմ:

Նրանց փոխանցմամբ՝ ժամանակին, երբ դեռ ընդդիմադիր գործիչ էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պայքարում էր դրանց դեմ, ուստի ժամանակն է, որ հարցը լուծվի, խոստումը կատարի:

Խնդրին ավելի վաղ անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ընդգծելով, որ կարմիր գծերի և այդ փարկինգների գումարները գնում են քաղաքային բյուջե, և ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով:

«Ես ասեցի՝ դուք համաձայն եք, այդ կարմիր գծերը հանենք, գումարները չհավաքենք և այդ գումարներով նախատեսված մանկապարտեզների վերանորոգումը չանենք, դուք ասեք։ Ես և մեր ավագանիները ուղղակիորեն կատարում ենք ժողովրդի կամքը։ Եթե ժողովուրդն ասում է՝ եկեք կարմիր գծերը հանենք, ասում եմ՝ խնդիր չկա, բայց քաղաքային բյուջեից այսքան գումար պակասեց, այսքան մանկապարտեզ քիչ ենք վերանորոգելու, օրինակի համար եմ ասում։ Մենք ենք որոշողը, ուզո՞ւմ եք, գույքահարկերն էլ հանենք և չկարողանանք աղբահանություն, տրանսպորտ ապահովենք, և այլն: Այս բոլոր գումարները եթե առաջ հավաքվում էր, գնում էր ինչ-որ մեկի գրպանը, դա հիմա չի լինելու, հիմա գնալու է քաղաքային բյուջե, և միայն մենք՝ Երևանի բնակիչներս, որոշելու ենք՝ հավաքե՞նք, թե՞ ոչ»,- լրագրողների հետ զրույցում ժամանակին ասել էր Հայկ Մարությանը։

Տեղեկացնենք, որ ներկա պահին կարմիր գծերի ու տեսախցիկների վերաբերյալ քննարկումներ չկան Քաղաքապետարանում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս