Գեղարքունիքի մարզում կիրականացվեն անվճար ակնաբուժական հետազոտություններ

Գեղարքունիքի մարզում «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարվա հուլիսի ընթացքում սոցիալապես անապահով խմբերի համար կիրականացվեց ակնաբուժական հետազոտություններ եւ բուժումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այս ծրագրի իրականացման շրջանակներում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանին եւ նույն հիմնադրամի շրջանակներում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ եւ ԱՍԱ վարչությունների պետերը, մարզի բոլոր տարածաշրջանների ակնաբույժները, դպրոցների տնօրեններ: Բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրենի ներկայացմամբ, համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր Բարեգործական կարգավորման հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը հուլիս ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզում հերթական անգամ նախատեսում է իրականացնել ակնաբուժական հետազոտություններ եւ բուժում:

Ըստ ներկայացվող ծրագրի՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը մարզի բնակչության համար նախատեսում է աչքի շարժական հիվանդանոցի միջոցով եւ անվճար հիմունքներով կատարել մանրազնին ստուգում եւ լազերային միջամտություն, ինչպես նաեւ վիրահատություններ սոցիալապես անապահով խմբերի համար: Բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվելիք հաջորդ ծրագիրը, որը ներկայացվեց հանդիպման մասնակիցներին, դա երեխաների շրջանում իրականացվելիք ակնային խնդիրների վաղ հայտնաբերման եւ դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքներն են:

Նունե Եղիազարյանի հավաստմամբ՝ գրասենյակի կողմից պատահականության սկզբունքով ընտրվել են Սեւանի թիվ 2 հիմնական, Կարմիրգյուղի թիվ 2 եւ Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցները, որտեղ դպրոցականների ծնողների կամ խնամակալների շրջանում նախ կիրականացվի սկրինինգ եւ նրանց համաձայնության դեպքում միայն երեխան կենթարկվի ակնային հետազոտություն: Խնդիրների հայտնաբերման դեպքում երեխան կուղեգրվի խորացված հետազոտության եւ բուժման:

«Երեխայի ստուգումը իրականացվելու է շարժական լաբորատորիայի միջոցով, առանց աչքերի բիբերի լայնացման կամ դեղորայքային միջամտության: Մեր կողմից երաշխավորվում է նաեւ հետազոտության արդյունքների գաղտնիությունը»,- տեղեկացրեց գրասենյակի տնօրենը: Դպրոցականների շրջանում ակնային հետազոտության ծրագիրը նախատեսված է իրականացնել ապրիլի 8-ից: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը ողջունել է ծրագրի գաղափարը, նշելով, որ այն շատ կարեւոր խնդիր է լուծում մարզի բնակչության համար:

Մարզպետի տեղակալը միաժամանակ առաջարկել է հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հետազոտությունների արդյունքում բացառել ուղղորդված ուղեգրումները դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ, եւ հանձնարարել է մարզպետարանի պատասխանատուներին՝ մինչեւ ծրագրերի մեկնարկը նախապատրաստական աշխատանքներ իրականացնել մարզի տարածաշրջաններում ու վերը նշված երեք դպրոցներում:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս