
Հազարավոր սերբեր են հարգել ՆԱՏՕ-ի 1999 թվականի ռմբակոծումների զոհերի հիշատակը

Սերբիայի Նիշ քաղաքում մարտի 24-ի երեկոյան տեղի է ունեցել զանգվածային ակցիա նվիրված 1999 թվականին Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ագրեսիայի զոհերի հիշատակին: Միջոցառման հեռարձակումը վարել է երկրի ազգային հեռուստատեսությունը: Դրան ներկա էին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, վարչապետ Անա Բրանբիչը, Սերբիայի Պատրիարք Իրինեյը, Բոսնիայի եւ Հերցեգովինայի Նախագահության նախագահ Միլորադ Դոդիկը, Սերբական Հանրապետության նախագահ Ժելկա Ցվիյանովիչը:
Ակցիան մեկնարկել է տեղական ժամանակով 19:45-ին (Երեւանի ժամանակով 22:45-ին) օդային տագնապի շչակների ձայնով: 20 տարի առաջ հենց այդ րոպեին առաջին ռումբերն ընկան Հարավսլավիայի տարածքի վրա: Հանդիսականներին ցուցադրել են Սերբիայի քաղաքների ռմբակոծումների կադրեր: Հրապարակում մարդիկ վառել են մոմեր եւ լուռ աղոթք լսել զոհվածերի հիշատակին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հիշել է զոհված 90 սերբ երեխաներին: Նրա խոսքով՝ Սերբիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել չի ցանկանում՝ ընտրելով ռազմական չեզոքությունը: Արարողության ավարտին բեմ են դուրս եկել մի քանի տասնյակ երեխաներ՝ սպիտակ վարդերով, որոնցից յուրաքանչյուրն ընթերցել է ագրեսիայի հետեւանքով զոհված երեխայի մեկական անուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: