Դատախազը քրգործ է հարուցել հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց ենթադրյալ կաշառք ստանալու դեպքի առթիվ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում մարտի 8-ին տված հաղորդմամբ քաղաքացին հայտնել է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող իր կնոջը կենտրոնից դուրս գրելու և նրա կողմից հաշմանդամության կարգ ստանալու, ինչպես նաև անվճար դեղորայք ձեռք բերելու հիմք հանդիսացող հիվանդության վերաբերյալ եզրակացություն տալու համար հիշյալ կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչը 2017թ. փետրվարի 17-ին իրենից պահանջել է 20.000 ՀՀ դրամ: Սակայն այդքան գումար չունենալու պատճառով ինքը բաժանմունքի վարիչին տվել է 10.000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացին բացատրությամբ հայտնել է, որ 2019թ. հունվարին ինքնազգացողությունը վատանալու պատճառով կնոջը մի քանի անգամ տեղափոխել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, սակայն թերապևտիկ բաժանմունքի վարիչը հրաժարվել է կնոջը ստացիոնար բուժման ընդունելուց՝ պատճառաբանելով, որ կենտրոնում ազատ տեղեր չկան: Մինչդեռ ինքը պարզել է, որ նշված ժամանակահատվածում հիվանդանոցում ազատ տեղեր եղել են:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել ենթադրաբար պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մասին՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու նպատակով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: