«Մոնոպոլիզացիա է գնալու, փոքր և միջին բիզնեսը վերանալու է. Եթե մեր այսօրվա իշխանությանը սա ձեռք է տալիս, ուրեմն ինչ ասեմ՝ ճիշտ ուղու վրա են»
Այժմ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է ակցիզային հարկով հարկել ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին դասվող բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարի պարունակությունից: Նախագծի լրամշակված տարբերակով ակցիզային հարկի դրույքաչափը մեկ լիտրի համար կազմում է 30 դրամ:
«Հայ կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը 168.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ նախագիծն ընդհանրապես կհանեն շրջանառությունից, հակառակ դեպքում, նրա խոսքով, սա բերելու է շուկայի կործանմանը:
«Մոնոպոլիզացիա է գնալու: 30 դրամ մնում է լիտրի վրա, այսինքն՝ ցածր սեգմենտի ապրանքը վերցնենք. 1.5 լիտրն արժե 100 դրամ, որին ավելանալու է մոտավորապես 60 դրամ ակցիզային հարկ՝ գումարած ավելացված արժեքի հարկ, այսինքն, ապրանքը դառնալու է 160 դրամ: Մեր պարագայում 200 դրամից դառնալու է 260-270, իսկ ավելի թանկ սեգմենտում 500 դրամը դառնալու է 560 դրամ: Թանկ սեգմենտում թանկանում է 10-11 տոկոս, էկոնոմ սեգմենտում՝ 30, փոքր սեգմենտում՝ 60: Դե հիմա ասեք, թե այստեղ որտե՞ղ է հավասարակշռությունը: Միանշանակ բարձր սեգմենտի ապրանքը գերշահույթ է ստանալու ու շուկայում մոնոպոլ դիրք է զբաղեցնելու: Փոքր և միջին բիզնեսը վերանալու է: Եթե մեր այսօրվա իշխանությանը սա ձեռք է տալիս, ուրեմն ինչ ասեմ՝ ճիշտ ուղու վրա են: Եթե այսօրվա կառավարությունը՝ հանձին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, որոշել է, որ շուկայում մոնոպոլիա պետք է լինի, թող պարզ ասեն»,- ասաց նա:
«Օրինակ՝ «Հայ կոլայի» ինքնարժեքը մոտավորապես 130 դրամ է, մենք վաճառում ենք 148 դրամով, ավելացված արժեքի հարկն էլ գումարվում՝ դառնում է 175 դրամ: Այսինքն, մեր շահույթը 10 տոկոս է, հիմա իրենք ասում են՝ այդ 18 դրամից շահութահարկը վճարի՝ 4 դրամ, 14 դրամով էլ փակի ակցիզային հարկը, ոչինչ, 30 դրամ ավելացրու: Այսինքն, ես 30 տարի ճկռեմ հարկերի, վարկերի, ստուգումների տակ, վերջում ոչ մի բան չունենամ, միայն հարկերը, տուրքերն ու վարկերը վճարե՞մ: Աբսուրդ է: Կառավարությունն ասում է՝ հարստացեք և հարստացրեք պետությանը: Եթե ես չեմ հարստանում, պետությանը ո՞նց հարստացնեմ»,- հավելեց «Հայ կոլա» գործարանի տնօրենը:
Հարցին՝ նախքան որոշում ընդունելը Կառավարությունը շահագրգիռ կողմի՝ գազավորված ըմպելիքներ արտադրողների հետ քննարկումներ անցկացրե՞լ է, Տիգրան Հովսեփյանը պատասխանեց.
«Հունվարի 20-ին համատեղ նամակով դիմել ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ խնդրելով հանդիպում: Մեզ փետրվարի 25-ին հրավիրել են կառավարություն՝ փոխվարչապետի մոտ, ու այն եղավ ոչ թե քննարկում, այլ իրազեկում: Հանդիպման ժամանակ իրազեկվեց, որ սա ոչ միայն շաքարի, այլ ամբողջ ըմպելիքներին է վերաբերում, որոնցում և՛ շաքար կա, և՛ փոխարինիչ»:
Անի Կարապետյան