ՊԵԿ-ն ինքնախոստովանության փոխարեն՝ դեռ փորձում է պարզել՝ ով է գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքն արել 168.am-ում
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) դեռ պարզում է, թե ինչ ճանապարհով և ինչպես է 168.am-ին հաջողվել «գաղտնազերծել» Պղնձամոլիբդենային կոմբինատում 2018թ. դեկտեմբերին ՊԵԿ-ի աշխատակցի կողմից իրականացված հարկային ստուգումների մասին տեղեկատվությունը, որը տևել էր ընդամենը մեկ օր, ընդ որում, ՊԵԿ-ը՝ միայն մեկ աշխատակցով, փաստորեն, ի վիճակի էր եղել մի ամբողջ գիգանտ հանքարդյունաբերական ընկերություն ստուգման ենթարկել և ռեկորդային արագությամբ ավարտել աշխատանքները միայն 1 օրում:
Այսպես՝ 2018թ. դեկտեմբերի 25-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համար ստուգման հանձնարարագիր է տրվել, որն ավարտվել է նույն օրը՝ դեկտեմբերի 25-ին, այն դեպքում, երբ այդպիսի խոշոր հարկատուին ստուգելու համար սովորաբար ամիսներ են հարկավոր լինում։ Ստուգման ակտի տեսակը՝ ԲՍ (բյուջեի ստուգում)։ Նախորդ այդօրինակ ստուգման ամսաթիվը եղել է 05.12.2017թ.։ Մեր հրապարակման մեջ նշվում էր նաև, որ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի ստուգումն իրականացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մերձավոր բարեկամը, ընդ որում՝ միայնակ, ու սա անհերքելի է, որ հանցավոր տարրեր կպարունակի իր մեջ:
Հաջորդ ուշագրավ դրվագն այն է, թե ինչ քայլերի է դիմել «ռեկորդային արագությամբ» աշխատող ՊԵԿ պաշտոնյան, երբ փորձել է կոմբինատում իբր հայտնաբերած 4.646.216.885 դրամի խախտումները լեգալացնել փաստաթղթերով: Ակտը բյուջե է մուտքագրվել դեկտեմբերի 29-ին՝ շաբաթ օրը, ոչ աշխատանքային օրով. իսկ բյուջետային տարին փաստացի ավարտված էր այդ շրջանում։ Ակտի մուտքագրման ժամը ֆիքսվել է ժամը 15։45-ին։ Ընդ որում, օպերատորը, այսինքն՝ տվյալներ մուտքագրողը, Դավիթ Անանյան անուն-ազգանունով ՊԵԿ աշխատակիցն է եղել։
Այսինքն՝ անձամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Մի տարօրինակ գործողություն ևս. իբրև թե այնպիսի խախտում են հայտնաբերել, որից, սակայն, չի առանձնացվել արտաբյուջե մուտքագրվող 10%-ը։ Ու սա արվել է այն նպատակով, որ, եթե այդ 10%-ը՝ 460 000 000-ը, տանեին արտաբյուջե, որը տարվա վերջին անպայման զրոյացվում է, հունվարին այն չէր կարող վերադարձվել միասնական հաշվին։
Տեղեկատվությունը 168.am-ը լրիվ հիմնավորված փաստաթղթերով հրապարակել էր՝ ցույց տալու, թե ինչ կեղծիքների է դիմել ՊԵԿ-ը, միայն թե ապացուցի, որ հետհեղափոխական Հայաստանում ՊԵԿ-ի թերակատարումն աննշան տոկոս է կազմել՝ հատկապես ներկայիս ղեկավարի օրոք: Պետբյուջեի տարեկան եկամուտների պլանային ցուցանիշն ապահովելու համար հնարավոր եղանակներից՝ ճշգրտված հաշվետվություն, ստուգման ակտի առկայություն և այլն, ՊԵԿ-ն ընտրել է ստուգման այս ակտի տարբերակը, բայց դրանք այլևս գոյություն չունեցող, անիրական ստուգման ակտեր են, որոնք կազմվել են օրենքի խախտումով և ունեցել են հստակ գծած նպատակ։
Ի դեպ, հրապարակված օրինակը բյուջեի իրական թերակատարումը քողարկելու հիմքերից մեկն էր իրականում, որը, որպես այդ կեղծիքի մեխանիզմ՝ ներկայացված էր ամբողջական ծավալով:
Նկատենք, որ ՊԵԿ-ը ոչ թե հերքել էր մեր հրապարակումը, այլ՝ քննություն էր սկսել ՝ զուտ համակարգի ներսում ինֆորմացիայի արտահոսքի կապերը բացահայտելու նպատակով:
Այսօր ՊԵԿ-ում՝ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի հրավիրած ասուլիսին հնչեցրած մեր հարցին, թե ի՞նչ գործողություններ են հետևել ՊԵԿ-ում՝ այս հրապարակման հետքերով, լակոնիկ պատասխան հնչեց.
– Ձեր նշած ռեկորդային ստուգումների դեպքի առնչությամբ ՊԵԿ նախագահը պարզաբանել է և քանի որ այսօրվա ասուլիսի թեմային դա չի առնչվում՝ կխնդրեմ բավարարվել միայն ՊԵԿ-ի տարածած պաշտոնական պատասխանով, ես ավելացնելու ոչինչ չունեմ:
2018-ի հարկային եկամուտների թերակատարման մասով ասեմ, որ Հարկային նոր օրենսգրքի կիրառումից հետո բազմաթիվ փոփոխություններ է կրել հարկահավաքման գործընթացը, և նշված հրապարակման մեջ հաշվի չեն առնվել նոր մեխանիզմների ներդրմամբ պայմանավորված փոփոխությունները: Իսկ նյութի բովանդակային եզրահանգման հետ ես հենց այդ պատճառով էլ ընդհանրապես համաձայն չեմ:
– Ամեն դեպքում, ներսում պարզե՞լ եք, թե ինչպես է հաջողվել այդ աշխատակցին միայնակ և մեկ օրում հանքարդյունաբերողի մոտ ստուգայցն ավարտել:
– Ներքին անվտանգության վարչությունում քննությունը դեռևս ընթանում է ՝ պարզելու հրապարակման հիմքերը, արդյունքների դեպքում կհրապարակենք ողջ տեղեկատվությունը:
– Արդյո՞ք մեկ աշխատակցով մի ամբողջ ընկերությունում իրականացրած մեկօրյա ստուգումների տակ հանցավոր տարրեր չեն թաքնված՝ մանավանդ, եթե հաշվի առնենք ստուգում իրականացնող անձի հետ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ազգակցական կապերի հանգամանքը: Ի՞նչ պատիժ է նախատեսում օրենքը նման դեպքերում:
– Իրավակարգավորումներով շատ տարբեր պատիժներ են նախատեսվում նման դեպքերում, բայց ընդունեք մի փաստ՝ մենք խոսում ենք գոյություն չունեցող բանի մասին, և դա որպես հաստատված փաստ ներկայացնելու հիման վրա դուք ձևակերպում եք Ձեր հարցը: Գոյություն չունեցող բանի մասին չեմ ուզում խոսել և հետևություններ անել դրանից:
– Այսինքն Ձեզ արդեն հայտնի՞ են քննության արդյունքները, Դուք այնքան վստահ եք պնդում, որ գոյություն չունեցող բանի մասին է իմ հարցը, պարոն Բադասյան: Դուք վստահաբար պնդում եք, որ չկա՞ նման բան:
– Քննությունը տարվում է այն ուղղությամբ, որպեսզի պարզվի, թե ով է ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքն արել, հանրայնացրել:
– Իսկ որ մեկօրյա ակտով սկսվել և ավարտվել է «Պղնձամոլիբդենային կոմբինատի» հարկային ստուգումները, սա ՊԵԿ-ի համար արդեն հայտնի փաստ է, այո՞:
– Մեկ օրում ստուգում սկսել և ավարտել ուղղակի անհնարին է, մենք պաշտոնապես բազմիցս անդրադարձել ենք 168.am-ի այդ հրապարակմանը: Ընդհանուր գործընթացից մեկ դրվագ հանվել է, ու դա ծառայել է մի ամբողջ հրապարակման հիմք, և ինֆորմացիայի դրվագի արտահոսքն արվել է ծառայողական գաղտնիքի պահպանման կոպտագույն խախտումով: Իսկ դրա հիման վրա հրապարակումը չեմ կարող համարել հաստատված տեղեկատվություն: Իմ ներկայացրած հարկային վարչարարության բարեփոխումները չեն առնչվում ձեր հրապարակման նյութին, ուստի կոչ եմ անում բավարարվել պարոն Անանյանի տված պարզաբանումներով:
– Այսօրվա ասուլիսի՝ բյուջե վերականգնված փողերի մասին թեմայի շարժառիթով մեր հաջորդը հարցը վերաբերում էր այդքան քննարկված ՊԵԿ պարգևավճարների վերադարձման հանրային պահանջին: Մասնավորապես հետաքրքիր էր իմանալ՝ արդյոք ՊԵԿ-ում քննարկվե՞լ է ընդառաջ գնալ պարգևավճարների դեմ բողոքի ակցիային և թեկուզ մասնակի՝ բյուջե վերադարձնել 2018-ի հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՊԵԿ-ի աշխատակազմին բաշխված 6.8 մլն դոլարից:
– ՊԵԿ պարգևավճարների մասով թեման բավականին լայն արձագանք է ստացել ՝ ընդհուպ Կառավարությունում: Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել՝ եթե ինչ-որ չափով միգուցե շատ է տրվել պարգևավճարը, դա այսուհետ բացառվի, թեև ասեմ, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում էր իրականացվել: Իսկ օրենքի շրջանակներում բաշխված պարգևավճարից թեկուզ մաս անգամ բյուջե վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող, ի վերջո, ի՞նչը վերադարձնե բյուջել, ինչո՞ւ կամ ումի՞ց վերադարձնել բյուջե:
Հիշեցնենք, Yerevan.today.am կայքը ՊԵԿ պաշտոնական տեղականքի հիման վրա հաշվարկել և հրապարակել էր միայն հետհեղափոխական շրջանում ՀՀ Պետեկամուտների կոմիտեում և, այն էլ՝ հիմնականում ղեկավար կազմին, բաշխված միլիոնավոր դոլարների պարգևավճարները: Այսպես՝ 2018 մայիս-դեկտեմբեր ամիսներին, ՊԵԿ-ում միայն մաքուր պարգևավճարները միջին փոխարժեքով, կազմել են 6 մլն 826 հազար դոլար (3 մլրդ 296 միլիոն 877 հազար 033 դրամ)։
ՊԵԿ ողջ անձնակազմին տրված հավելավճարները՝ 2018թ. մայիս-դեկտեմբեր ամիսների համար, կազմել են 166 մլն 475 հազար դրամ (հարկերով)։
ՊԵԿ ողջ անձնակազմին տրված պարգևավճարները 2018թ. մայիս-դեկտեմբեր ամիսների համար՝ կազմել են 3 մլրդ 296 միլիոն 877 հազար 033 դրամ (պահումներից զատ):
2018թ. մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի աշխատավարձը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերից զուրկ) կազմել է 3 մլն 798 հազար 604 դրամ, հավելավճարը` 0 դրամ, պարգևատրման գումարը (հարկերի պահումներից հետո)` 14 մլն 079 հազար 031 դրամ:
Սյուզի Բադոյան
Հ.Գ. «168 Ժամը» հրապարակել էր, որ 2018 հարկային եկամուտների փաստացի մեծությունը՝ 1,257.9 մլրդ դրամ, ուռճացված է ներկայացվել ՊԵԿ-ի կողմից, հարկային մուտքերը չեն ապահովվել և կատարվել են կեղծիքներ, որպեսզի թերակատարումը մեղմ ցուցանիշով արձանագրվի: Իսկ 2018-ի բյուջեի թերակատարումը՝ նշված 3.6 մլրդ դրամից շատ ավելի մեծ է եղել իրականում, քանի որ արհեստականորեն ավելացվել է 2018թ. դեկտեմբերի ընթացքում հարկային եկամուտ ճանաչված գումարների մեծությունը:
Ստուգման ակտը կազմվել է նախապայմանով, որ գանձված գումարը հունվարին կվերադարձնեն միասնական հաշվին, և տնտեսվարողը հաշվետվությունների ներկայացման միջոցով կկարողանա դրանք օգտագործել հարկային պարտավորությունները մարելու համար։
168.am-ի հրապարակմանը, ըստ որի՝ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Հարկային օրենսգիրքի գործարկմամբ՝ հարկատուների միասնական հաշվին առկա գումարները հարկային եկամուտներ չեն համարվում, փոխարենը՝ հարկային եկամուտ կարող են համարվել միայն հարկային հաշվարկով, ստուգման ակտով կամ այլ հիմքով ծագած հարկային պարտավորությունների դիմաց վճարված գումարները, ՊԵԿ-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ այսպես էր արձագանքել:
«Մինչև 2018թ.-ի հունվարի 1-ը՝ հարկահավաքման գործընթացում կիրառվում էր եկամուտների հաշվառման դրամարկղային մեթոդը, այսինքն՝ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փաստացի կատարված վճարումները, անկախ հարկային հաշվարկների ներկայացման կամ ստուգման ակտերի առկայության հանգամանքից, համարվում էին այդ տարվա պետական բյուջեի եկամուտ: Սակայն նոր հարկային օրենսգրքի պայմաններում արդեն վերացել է բազմաթիվ գանձապետական հաշիվներ ունենալու անհրաժեշտությունը և, այսպես կոչված, «գերավճարի թվի մաշեցման կեղծման» անհրաժեշտությունը:
Հետևապես՝ ՀՕ կիրառումից հետո միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել»: