Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար։ Նա նաև անդրադարձել է Իրանի վերակառուցման համար նախատեսվող 300 միլիարդ դոլարին՝ նշելով, որ ամերիկյան հարկատուները դրա համար չեն վճարի։ Այս մասին նա խոսել է Fox News-ի հետ հարցազրույցում։
Վենսի խոսքով՝ Իրանը կարող է հասանելիություն ստանալ միլիարդավոր դոլարի հիմնադրամին, եթե երկիրը կատարի Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրում նշված պարտավորությունները։
«Համաձայնագրում ասվում է, որ նրանք ամերիկյան փողերից ոչ մի լումա չեն ստանում։ Համաձայնագրում ասվում է, որ եթե իրանցիներն իրենց լավ պահեն, և եթե լինի պատժամիջոցների մեղմացում, և եթե իրանցիներն ինտեգրվեն համաշխարհային տնտեսության մեջ, ապա մենք այլ երկրներին, խոսքը մեր մասին չէ, կհրավիրենք ներդրումներ կատարել նրանց երկրում», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Իրանական Mehr գործակալությունը, ավելի վաղ հայտնելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնության մասին, նշել էր, որ կետերից մեկով նախատեսվում է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները 300 միլիարդ դոլարի ծրագիր կպատրաստեն Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։
Համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն Վենսը շեշտել է, որ այն հաշվի կառնի հետագա գործունեությունը, և Իրանը վերակառուցման հիմնադրամին հասանելիություն կունենա միայն այն դեպքում, եթե կատարի գործարքի պայմանները։
«Եթե նրանք ցուցաբերեն ստուգելի հանձնառություն, իսկ դա նշանակում է իրական ստուգումների ռեժիմ, ապա նրանք կարող են օգտվել գործարքի առավելություններից…. Կարծում եմ՝ նրանք այստեղ իրական հնարավորություն են տեսնում նոր էջ բացելու, եթե ճիշտ վարվեն։ Եթե իրանցիները պատրաստ են փոխել իրենց վարքագիծը, եթե նրանք պատրաստ են վարվել նորմալ երկրի պես, դադարեցնել միջուկային զենք ստեղծելու փորձերը, դադարեցնել ամբողջ Մերձավոր Արևելքում ահաբեկչությունը ֆինանսավորելու փորձերը, ապա մենք պատրաստ ենք իսկապես հիմնարար կերպով վերափոխել մեր հարաբերությունները նրանց հետ», – ասել է Վենսը։
Նա շեշտել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ երբեք չի ունեցել ուղիղ հաղորդակցության նման մակարդակ, որքան հիմա։ Վենսը հավելել է՝ եթե Իրանը չկատարի հանձնառությունները, ապա երկու երկրների հարաբերությունները կվերադառնան նախկին վիճակին։
«Մեր արաբ դաշնակիցները, Պարսից ծոցի մեր դաշնակիցներն այդքան ոգևորված են սրանով, քանի որ նրանք կարծում են, որ սա նոր օր է Մերձավոր Արևելքում։ Բայց եթե այդպես չլինի, ուրեմն չի լինի: Եթե իրանցիները չպահպանեն պայմանները, ապա մենք կվերադառնանք նույն հարաբերություններին, որ ունեինք նախկինում, երբ բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում էին։ Խաղաքարտերը մեր ձեռքում են, և եթե նրանք չհարգեն պարտավորությունը, մենք կպարզենք՝ ինչպես վարվել, երբ հասնենք դրան», – ասել է Ջեյ Դի Վենսը:
Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

