ԵՄ վերջին ընդառաջումը Փաշինյանին

Երկուշաբթի օրը, ըստ նախատեսվածի, մեկնարկելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել։ «168 Ժամն»ն արդեն գրել էր, որ այս այցը կարող է բացարձակ անիմաստ լինել, քանի որ Եվրոպական հանձնաժողովը՝  Եվրոպական խորհրդարանի ընտրություններին  ընդառաջ, որը տեղի կունենա այս տարվա մայիսի 23-26-ը, բազմաթիվ ներքին խնդիրներով խառն է և Հայաստանի հետ քաղաքական որևէ օրակարգ այս պահին հետաքրքրված չէ քննարկելու։

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հունվարին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում և բազմիցս ակնարկել է, որ զբաղված են ընտրություններով, և, որ ԵՄ-ն մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները չի քննարկի նույնիսկ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը։

Ըստ ամենայնի՝ միակ բանը, որի շուրջ Փաշինյանը փորձելու է ինչ-որ աշխուժություն մտցնել Եվրամիություն (ԵՄ)-Հայաստան ծրագրերի մեջ, իր բրյուսելյան այցի շրջանակներում ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի կազմակերպման մասին հայտարարությունն է, ինչը, ըստ երևույթին, եվրոպական ներդրողներ Հայաստան բերելու վերջին հույսն է, քանի որ, ինչպես հայտնի է, հատկապես իշխանափոխությունից հետո արտաքին ներդրումների ծավալը կտրուկ նվազել է։ Ըստ էության ԵՄ երկրները հետաքրքրված չեն հայաստանյան ներդրումներով։ Դրա վկայությունն են նաև հայ-գերմանական բարձր մակարդակի երկու հանդիպումները Երևանում  և Բեռլինում, որոնց արդյունքում տնտեսական որևէ կոնկրետ նախագիծ չկա։

Չկա նախագիծ նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ վարչապետ Փաշինյանի 3-4 շփումների արդյունքում, և, փաստորեն, այս համաժողովը գործող Կառավարության՝ Հայաստանի հանդեպ եվրոպական ներդրողների հնարավոր ուշադրությունն աշխուժացնելու վերջին հույսն է։

Եվրամիությունը, բնականաբար, կընդառաջի այս խնդրանքին՝ հաշվի առնելով, որ սա Հայաստանում բիզնես միջավայրը եվրոպական ներդրումների շնորհիվ աշխուժացնելու վերջին հնարավորությունն է։

Ներդրումային համաժողովը փաստացի դոնոր կոնֆերանսի թեթև տարբերակն է։ Հիշեցնենք, որ ԵՄ-ն Վրաստանի ու Մոլդովայի համար ժամանակին անցկացրել է դոնոր կոնֆերանսներ՝ յուրաքանչյուր երկրի համար մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր հաստատելով։

Այժմ Հայաստանի հույսն այն է, որ այդ հնարավոր գումարների մի մասը կգա մեր երկիր, բայց պետք է շեշտել, որ հատկապես եվրոպական շրջանակները Կառավարության առջև դրել են իրականում բիզնես միջավայրի ազատականացման խնդիրները։ Նրանք հատկապես անհանգստացած են «Լիդիան Արմենիա» ընկերության ձգձգվող գործով, գործող կառավարության վերաբերմունքով, ինչը նրանց համար, այնուհանդերձ, կարևոր ինդիկատոր է։

«168 Ժամի» տեղեկություններով՝ եվրոպական շրջանակները նաև  արդարադատության համակարգի և քաղաքականացված գործերի, ներդրողների նկատմամբ քաղաքական աստառներով գործերի հետ կապված մտահոգություններ են հայտնել։ Եվ հատկապես կասկածներ ունեն, այսպես կոչված, անցումային արդարադատության գործիքի կիրառման վերաբերյալ, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն հազվագյուտ երկրներում, որտեղ այդ գործիքը կիրառվել է, արտաքին ներդրումների հոսքը կտրուկ նվազել է։

Այդ ներդրումային համաժողովը կազմակերպելու հայաստանյան կողմի որոշմանը եվրոպացիներն ընդառաջել են՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ դժգոհություններն առ այն, որ Եվրամիությունը պատշաճ կերպով ուշադրություն չի դարձնում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը և չի աջակցում, ինչին ի պատասխան՝ եվրոպացիները մի քանի անգամ շեշտել են, որ Հայաստանի նոր Կառավարությունը կյանքի չի կոչում ստորագրված համաձայնագիրը, անգամ ԵՄ-ի ֆոնդերից հատկացված 100 միլիոնից ավելի գումարը դեռևս սառեցված է և չի օգտագործվում, և Հայաստանի կառավարությունը չի ցուցաբերում ոչ քաղաքական կամք, ոչ էլ ունակություն՝ ամբողջությամբ իրականացնելու այդ բարեփոխումները։

Այս կապակցությամբ բազմիցս իրենց դժգոհություններն են արտահայտել եվրոպացի պաշտոնյաները։ Եվ չնայած այս ամենին, այդուհանդերձ, Արևելյան գործընկերության տասնամյակի շրջանակներում այդ վերջին ընդառաջումը Հայաստանի իշխանությունների համար արվելու է։

Տեսանյութեր

Լրահոս