Բաժիններ՝

Ադրբեջանական ժողովածուի հետքերով

Այսօր արդեն իսկ տեղեկացրել էինք, որ 168.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ մասնավորապես Երևանի դպրոցներում բաժանվել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Մեր բակի պատմությունը» վերնագրով։ Այն ադրբեջաներեն պատմվածքների ժողովածու է, որն ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր։

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) այս ահազանգի հետքերով պարզաբանում է տարածել, որում 168.am-ին մեղադրել էր ապատեղեկատվություն տարածելու մեջ։

ԿԳՆ պարզաբանման մեջ նշված է. «Ադրբեջանական պատմվածքով ժողովածուն երաշխավորվել է 2008 թվականին։ Մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին երաշխավորել և դպրոցներին է տրամադրել «ադրբեջանական պատմվածքների» ժողովածու, ապատեղեկատվություն է: Տեղեկացնում ենք, որ «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» շրջանակում 2008 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորվել են «Դասղեկի ձեռնարկը» և «Մանկական պատմվածքների ժողովածուն»:

Ժողովածուում զետեղվել են պատմվածքներ, որոնք մշակվել են երեք երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) հեղինակների կողմից՝ ռուսերեն գրված սցենարների հիման վրա: Ժողովածուն վերատպագրվել է 2016 թ. Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող «Սիրիայից տեղահանված երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրման խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Կարդացեք նաև

2019 թվականին ժողովածուն վերատպագրվել է «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում ծրագրի» կրթական բաղադրիչի շրջանակում՝ «Հայկական Կարմիր խաչի» ընկերության կողմից: Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն և կասկածելի տեղեկություններ հայտնվելու դեպքում դրանց իսկությունը ճշտել ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հետ»։

Քանի որ խոստացել էինք, որ հետևողական ենք լինելու ու ներկայացնելու ենք թեմայի շուրջ զարգացումները, ամեն ինչին անդրադառնանք հերթով։

Ապատեղեկատվության մասին

ԿԳՆ պարզաբանման մեջ մասնավորապես նշված է. «Մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին երաշխավորել և դպրոցներին է տրամադրել «ադրբեջանական պատմվածքների» ժողովածու, ապատեղեկատվություն է»։

Կրթության և գիտության նախարարությունում 168.am-ի ի կողմից հրապարակված նյութի մեջ որտե՞ղ տեսան, որ գրել ենք, թե ԿԳՆ-ն 2019թ.-ին է երաշխավորել նշված ձեռնարկի հրատարակությունը, երբ իրավամբ կարող էինք գրել, քանզի մեր ձեռքի տակ եղած ժողովածուի տիտղոսաթերթի վերևի հատվածում պարզ հայերենով գրված է, որ այն երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից, իսկ ստորին հատվածում՝ 2019թ.։

Այնպես որ, ԿԳՆ-ի կողմից այս պարզամիտ մանիպուլյացիաները երևույթի էությունը չեն փոխում, չնայած մանիպուլյատիվ տեխնոլոգիաների տիրապետող մեր իշխանությունների համար դրանք, թերևս, ճշգրիտ հասցեատեր միգուցե և կարող են ունենալ։

Նյութի հետքերով

Առաջին բանը, որ մենք արեցինք նյութը հրապարակվելուց հետո, Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) տնօրեն Նորայր Ղուկասյանից պարզաբանումներ ստանալն էր։ Վերջինս նախ ասաց, որ առաջին անգամ է լսում նման ձեռնարկի մասին, ապա խնդրեց հավելյալ տեղեկություններ տրամադրել՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս կարող էր ադրբեջանական հեղինակներով պատմվածքների ժողովածուն հայտնվել դպրոցներում, ինչը և մենք սիրով տրամադրեցինք։ ԿԱԻ-ի տնօրենից զանգ հետագայում մենք չստացանք, ինչը սպասելի էր ու հասկանալի, որովհետև «պարզաբանման» գործն արդեն իր վրա էր վերցրել ԿԳՆ-ն։ Սույն պարզաբանումը ստանալուց հետո մենք կրկին զանգահարեցինք ԿԱԻ-ի տնօրենին, ով սիրով պատասխանեց մեր բոլոր հարցերին։

Նախապատմությունը

168.am-ի այն հարցին, թե արդյոք 2008թ., երբ, ինչպես ԿԳՆ պարզաբանման մեջ նշված է, երաշխավորվել է նշված ձեռնարկը, այն տպվել ու դպրոցներ մտե՞լ է, Ն. Ղուկասյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ ինքն այդ ինֆորմացիային չի տիրապետում, միայն ենթադրում է, որ կարող է 2008թ. էլ տպված լիներ՝ հավելելով, որ իր ձեռքի տակ կան 2016 և 2019թթ. օրինակները, իսկ 2008 թվականինը՝ չկա։

«Երբ 2008թ. «Save the children» կազմակերպությունը «Երեխաների հանդուրժողականության ուսուցման ծրագրի շրջանակներում» անունը կրող դասղեկի ձեռնարկն ուղարկել է փորձաքննության, այն հիմնականում դասղեկների համար է և խոսում է ընկերասիրության մասին։ Այսինքն՝ փորձաքննության ուղարկված ձեռնարկը դասղեկի ձեռնարկ էր և եղել է թղթերի վրա, ձեռագիր։ Ձեռագրերը մենք փորձաքննել ենք առանց հեղինակների իմացության, փորձաքննության պահին մեզ հայտնի չի եղել, թե դրանք ովքեր են գրել»,- նշեց Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ այս պատմվածքների գաղափարը ծնվել է ինչ-որ ծրագրի շրջանակներում, որին հրավիրել են հայ, վրացի ու ադրբեջանցի մասնագետների, ինչ-որ մուլտֆիլմի սցենարով խնդրել պատմվածքներ գրել ու որոշել տարածել 3 երկրների դպրոցներում։ Դրանց բովանդակությունը որևէ ազգի մասին չէ. մանկական պատմվածքներ են ընդամենը։

Մեր ճշտող հարցին, թե կա՞ն արդյոք տվյալներ, կամ հավանական համարո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանում դրանք տարածվել են, Ն. Ղուկասյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ ինքը նույնիսկ տվյալ չուներ, որ դրանք տարածվել են Հայաստանի դպրոցներում։

Վերջինս կարծում է, որ, եթե նույն բանը կա Վրաստանում և Ադրբեջանում, ապա մեր աղմուկն իզուր է։

«Ես, անկեղծ կասեմ, խոսքը 2008թ. մասին է, ես չեմ բացառում։ Ես տեղեկություններ չունեմ, բայց երբ նայում եմ այն միջազգային կառույցներին, որոնք կանգնած են այս ծրագրի գլխին, միգուցե։ Նպատակը հենց դա է եղել, բայց միգուցե չի տարածվել»,- ասաց ԿԱԻ-ի տնօրենը՝ արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է արդյոք, որ հայատյացության այսպիսի աղաղակող ֆոնի վրա ադրբեջանական դպրոցներում հայ հեղինակների գործեր շրջանառվեն։

Մենք, այնուամենայնիվ, պնդեցինք, որ խոսքը 2019թ. վերատպված ու դպրոց մտած դասագրքի մասին է, ինչին Ն. Ղուկասյանը պատասխանեց, որ տեղյակ  չէ, ու առհասարակ իրենց խնդիրը բովանդակային փորձաքննության եզրակացություն տալն է, իսկ պատմվածքները լավն են եղել՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ԿԱԻ-ում չեն իմացել, թե ովքեր ու ինչ ազգության են պատկանում դրանց հեղինակները։

Նա նաև հավելեց, որ 2008թ. մինչև ԿԱԻ ուղարկելը այս ձեռնարկը փետրվար-մայիս ամիսներին փորձարկել են Երևանի ու մի շարք մարզերի թվով 20 դպրոցներում, ու բոլորը լավ կարծիքի են եղել։

168.am-ի այն հարցին, թե արդյոք առանց ԿԱԻ-ի փորձագիտական կարծիքի՝ որևէ ձեռնարկ կարո՞ղ է շրջանառվել դպրոցում, Ն. Ղուկասյանն ասաց, որ փորձարկման նպատակով այն գուցե ինչ-որ մեկի համաձայնությամբ մտել է. «Դա օգտագործում չի եղել, այլ փորձարկում»։

«Հիմա գրքի այս տեսքը որ տեսնում եմ, սարսափում եմ, բայց այդ պահին մեր ձեռքի տակ եղածն այսպիսի տեսք չի ունեցել։ Ես որևէ տեղեկություն և իրավասություն չունեմ ձեռնարկի բաժանման հարցում։ Ես ձեռագիր նյութի մասին կարծիք եմ տվել, իսկ կտպե՞ն, թե՞ ոչ, ինձ չի վերաբերում։ Տպելու և դպրոցներում բաժանելու հարցում ԿԱԻ-ն որևէ լիազորություն չունի։ Մի քիչ պետք է այս խոսակցությունը սառեցնենք ու մեջը կարդանք։ Եթե նյութի մեջ բան գտնենք, դա ուրիշ է։ Խնդրի բարոյական կողմը հաշվի առնելով՝ ուղղակի ասում եմ՝ եթե աշխարհի հրաշքը գրված լիներ, տակը գրված լիներ, որ հեղինակն ադրբեջանցի է, ես կմերժեի»,- եզրափակեց Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը։

Եզրափակում

Այնուամենայնիվ, ԿԳՆ-ին ուղղում ենք հետևյալ հարցերը, որոնց պատասխանները իրենց ներկայացրած պարզաբանման մեջ չկային՝

1. Ո՞ւմ որոշմամբ է 2019թ. վերահրատարակվել ադրբեջանական հեղինակների գործերով պատմվածքների ժողովածուն։

2. Ո՞ւմ որոշմամբ է այդ ժողովածուն բաժանվել դպրոցներում։

3. Ինչպե՞ս ԿԳՆ-ն կհիմնավորի այդ ժողովածուի՝ 2019թ. հանրակրթական դպրոցներում տարածելու անհրաժեշտությունը։

4. Եվ, իվերջո, պատահականությո՞ւն է սա, հանցավոր անփութությո՞ւն,  թե՞ խաղաղասիրական քարոզի սցենարի մի մաս։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս