«Կա անգործություն, և ՀՀ-ն իր սուվերեն իրավունքները չի իրացնում սեփական քաղաքացիների հանդեպ». Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանում ապօրինի դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն օրերս հերթական ահազանգն էր հնչեցրել՝ հայտարարելով, որ փորձել է կապ հաստատել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, սակայն այդպես էլ չի հաջողվել, քանի որ կապն ընդհատել են։ Նույնիսկ փորձել է փաստաբանի միջոցով Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ կապ հաստատել՝ կրկին ապարդյուն։ Այս ամենի վերաբերյալ օրերս Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով հայտարարություն էր տարածել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի հաղորդագրությունը հստակ ցույց է տալիս այն խնդիրը, որի մասին բազմիցս բարձրաձայնել են՝ հայ գերիների բացարձակ մեկուսացվածությունն է, արտաքին աշխարհի հետ կապի բացակայությունը, արդյունավետ իրավական միջոցների բացակայությունը։
«Այս ամենը նշանակում է, որ այս անձանց իրավունքները չեն կարող պաշտպանված լինել։ Անգամ տեղական մեխանիզմները, որոնք կոչված են հատկապես փակ հաստատություններում գտնվող անձանց իրավունքների պաշտպանություն իրականացնել՝ դառնում են անարդյունավետ էթնիկ հայերի պարագայում։ Այս արձանագրումը ոչ միայն մեր մոտեցումն է, այլև ՄԻԵԴ-ի դատական արձանագրումն է, որ ադրբեջանական իշխանությունները չեն կարող էթնիկ հայերի առնչությամբ ապահովել պաշտպանության միջոցներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը։
Ըստ նրա, հայ պատանդների, գերիների պարագայում միակ մեխանիզմը Բաքվում, որ կարող էր հարաբերականորեն գործել, այն էլ՝ մարդասիրական հարցեր լուծելու նպատակով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակն էր։ Գրասենյակի գործունեությունը Բաքվում այս պահին դադարեցված է, և հայեցողաբար այս ընթացքում մեկ մուտքի այցելություն է տեղի ունեցել, որի շրջանակներում որոշակի մարդասիրական աջակցություն է ցուցաբերվել՝ հիգիենիկ պարագաների ու այլ իրերի փոխանցման համար։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունն ապօրինի դատավարությունները կազմակերպելով՝ նաև հրաժարվում է դատավճիռները տալ հասցեատերերին և նրանց ընտանիքի անդամներին։
«Այս ամենը ցույց է տալիս, որ այդ դատավարությունները կեղծ են եղել, դրանք այլ նպատակներով իրականացվող քաղաքական գործընթացներ են եղել, և այդ դատավճիռները չտրամադրելով՝ Ադրբեջանը նաև փորձում է խոչընդոտել միջազգային իրավական պաշտպանությանը։ Եվ այստեղ մենք հայտնվում ենք նոր իրավունքի խախտման տիրույթում»,- հավելեց իրավապաշտպանը։
Մեր զրուցակիցը շեշտեց՝ այս պայմաններում միակ ճանապարհը միջազգային ներգրավվածությունն է, օրինակ, բանակցությունների արդյունքում Կարմիր խաչի այցելությունները պարբերական դարձնելը, ինչը, ցավոք, կախված է Ադրբեջանի իշխանությունների կամքից ու ցանկությունից։ Կարող է լինել նաև հյուպատոսական այցելության իրավունքը, որի իրացնողն անմիջականորեն Հայաստանի Հանրապետությունն է կամ միջնորդավորված՝ երրորդ չեզոք պետության միջոցով։
«Մեծ ցավով եմ արձանագրում, որ այստեղ կա անգործություն, և Հայաստանի Հանրապետությունն իր սուվերեն իրավունքները չի իրացնում սեփական քաղաքացիների հանդեպ և նպաստում է այս բացի՝ վակուումի ձևավորմանը։ Մեծ ծանրաբեռնավածությունն ընկնում է իրավապաշտպանների ուսերին, որոնք պետք է կարողանան իրավիճակը ներկայացնել միջազգային հանրությանը և աշխարհում տեղի ունեցող այս անարդարությունների ֆոնին օրակարգային դարձնեն։ Իհարկե, սա շատ դժվար է, հատկապես, երբ չկա պրոակտիվ պետական քաղաքականություն և դիվանագիտություն, բարդ է նաև, քանի որ համատարած են դարձել մարդու իրավունքների խնդիրները տարբեր հատվածներում։ Պետք է մենք էլ հայ գերիների հարցերը բարձրացնենք, հասնենք այս հարցերի միջազգայնացմանը և այդ ճանապարհով հասնենք նաև լուծմանը։
Իհարկե, քննարկումների փուլում է նաև իրավական պաշտպանության միջոցների ձեռնարկումն ընտանիքների ներգրավվածությամբ։ Այս պահին միանշանակ չեմ կարող ասել, բայց ընդհանրական գծերով նշեմ, որ ընտանիքները կարող են որոշակի հանգամանքների պարագայում հանձնառել Բաքվում գտնվողների շահերի պաշտպանությունը և իրենց փաստաբանների միջոցով միջպետական հայցեր ներկայացնեն Ադրբեջանի դեմ»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բացի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանից և Բակո Սահակյանից, բոլորը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով նրանց տարիքը։
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։



