«Հարավային Կովկասում այսօր ԵՄ-ի գերակա ուշադրությունն ուղղված է Հայաստանի վրա. ամեն ինչ անելու է, որ Հայաստանը մնա իր վեկտորում». Գարիկ Քեռյան
ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն օրերս հայտարարել է, որ «Եվրամիությունը «հիբրիդային արագ արձագանքման խումբ» կուղարկի Հայաստան՝ երկրի ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար»։
Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կալասը նշել է, որ «տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը մնում է կարևորագույն»։
«Մենք արտաքին միջամտության դեմ պայքարում Հայաստանին միայնակ չենք թողնի։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- ասել է դիվանագետը՝ հիշեցնելով, որ Երևանն օգնություն է խնդրել։
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի խոսքով՝ մեծ մասամբ հասկանալի է այն, ինչ կատարվում է, քանի որ ԵՄ-ն այսօր խնդիր ունի հետխորհրդային տարածքում պաշտպանելու այն վարչակարգերը, որոնք ունեն արևմտյան կողմնորոշում։
«Իհարկե, մենք գիտենք, թե ինչ կոշտ հակամարտության մեջ է Արևմուտքը, իսկ հիմա հատկապես ԵՄ-ն Ռուսաստանի հետ, գիտենք նաև, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունը հետխորհրդային տարածքում ազդեցությունը վերականգնում է։ Այս համատեքստում ամեն ինչ հասկանալի է։ ԵՄ-ն կարող է իր ստրատեգիական նպատակներին հասնել, եթե հետխորհրդային տարածքում պահպանի և ավելացնի հակառուսական, արևմտյան վարչակարգերը։ Միաժամանակ Ռուսաստանը կարող է հետխորհրդային տարածքում իր ազդեցությունը վերականգնել, եթե ամրապնդի պրոռուսական վարչակարգերը և հակառակը՝ հասնի նրան, որ ընտրություններում պարտվեն և հեռանան պրոարևմտյան կամ, ավելի ճիշտ՝ պրոեվրոպական վարչակարգերը։
Տեսանք, թե ինչ կատաղի պայքար ծավալվեց Մոլդովայում և Եվրոմիությունն ինչքան մեծ ջանքեր ներդրեց՝ Մայա Սանդուի վարչակարգը փրկելու համար։ Տեսանք, ինչ հսկայական ռազմական ծախսեր է անում Ուկրաինային փրկելու համար և Հարավային Կովկասում այսօր ԵՄ-ի գերակա ուշադրությունն ուղղված է Հայաստանի վրա։ Մեծ անհանգստություն ունի, որ առաջիկա ընտրություններում պրոռուսական ուժերը հաղթանակ տանեն»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Գարիկ Քեռյանը։
Ինչո՞ւ է հատկապես հիմա ԵՄ-ն այսպես սևեռուն փորձում «հիբրիդային պատերազմի դեմ պայքարի» կարգախոսով ակտիվացնել իր դիրքերը և ազդեցությունը Հայաստանում։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ Հարավային Կովկասում գեոստրատեգիական ազդեցություն ունենալու համար պետք է 3 հանրապետություններում ունենալ ամուր դիրքեր։ Մեկ կամ երկու երկրում ունենալով ամուր դիրքեր՝ նպատակը կիսատ է մնում։ Իր հերթին՝ պատմությունն էլ է ցույց տալիս, որ Հարավային Կովկասին պետք է ամբողջովին տիրես, կամ առհասարակ չտիրես։
«Հիմա Հարավային Կովկասում իրավիճակը հետևյալն է՝ Ադրբեջանն ամբողջովին ինտեգրված է Թուրքիային, որը միանշանակ այսօր չի գտնվում ԵՄ ազդեցության տակ, որովհետև ԵՄ-ն մոտ 35 տարի Թուրքիայի «քթից բռնած» ման տվեց ու ԵՄ չընդունեց, այնտեղ բավականին կարծրացած հակաեվրոպական մենթալիտետ կա։ Վրաստանը մինչև 2012 թվականը ԵՄ-ի ազդեցության տակ էր, պոկված էր Ռուսաստանից և վարում էր արտաքին հակառուսական քաղաքականություն և հստակ ուղենիշ ուներ ինտեգրվելու ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին։ 2012 թվականից հետո վրացական հասարակությունը կարծես թե շատ կտրուկ շրջադարձ կատարեց, որովհետև հենց պրոարևմտյան Սահակաշվիլիի վարչակարգը խայտառակ պարտություն կրեց ընտրություններում։
Այսօր Վրաստանը ոչ միայն ԵՄ ազդեցության տակ չէ, այլև հակառակը՝ բրյուսելյան կաբինետներում խոսում են ոչ միայն Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին չեղյալ հայտարարելու մասին, այլև նույնիսկ Իվանիշվիլի-Կոբախիձե տանդեմի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։ Ստացվում է այնպես, որ ԵՄ-ն Ադրբեջանի, Վրաստանի վրա ազդեցություն չունի, և Կովկասում միակ պետությունը, որ դեռ հույսեր է ներշնչում ԵՄ-ին՝ Հայաստանն է»,- հավելեց քաղաքագետը։
Ըստ Գարիկ Քեռյանի՝ սա է պատճառը, որ Հայաստանը ձեռք է բերել ԵՄ-ի ու Միացյալ Նահանգների համար շատ կարևոր նշանակություն։ Իհարկե, նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները տնտեսական, քաղաքական ու գեոստրատեգիկ առումով նախընտրում է Ադրբեջանին, հաշվի առնելով՝ սահմանն Իրանի հետ, գազի, նավթի ռեսուրսները, ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ ինտեգրված լինելը, ուստի Հայաստանը Միացյալ Նահանգների համար այսքան մեծ նշանակություն չունի։
«Սակայն ԵՄ-ի համար քաղաքական վարչակարգի կողմնորոշվածության կամ արտաքին քաղաքական վեկտորի գերակայության համար Հայաստանը շատ մեծ նշանակություն ունի։ Հենց այս հանգամանքներն էլ հաշվի առնելով՝ ԵՄ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը մնա իր վեկտորում»,- ընդգծեց Գարիկ Քեռյանը։
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր ՀՀ ԱԳ նախարարի նամակն ուղղված Բրյուսելին, որով նա խնդրել էր Հայաստան ուղարկել արագ արձագանքման խումբ՝ ընտրությունների նախաշեմին։ Բացի այդ, տարվա վերջին էլ ԵՄ-ն հայտնել էր, որ պատրաստվում է 12 մլն եվրո հատկացնել ՀՀ-ին՝ ընտրությունների նախաշեմին «ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»։



