Իրանում ԱՄՆ-ի օգտին լրտեսելու մեղադրանքով չորս մարդ է ձերբակալվել
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ ազգային անվտանգության գործողությունների շրջանակում ձերբակալել ԱՄՆ-ի համար ենթադրաբար աշխատող չորս լրտեսի։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Մասնավորապես, նախարարությունից հայտնել են, որ Իրանի 26 նահանգում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է ընդդիմադիր և շահական Իրանի կողմնակից 111 անձ, որոնցից առգրավվել է զգալի քանակությամբ զենք։
«Բացի այդ, Համադան և Արևմտյան Ադրբեջան նահանգներում նույնականացվել և ձերբակալվել է ԱՄՆ ռեժիմի և նրա պրոքսի ծառայությունների չորս լրտես», – ասվում է հայտարարության մեջ։
Իրանական կողմից նշել են, որ ենթադրյալ լրտեսները «թշնամուն հաղորդում էին շտաբների, սարքավորումների և անվտանգության ուժերի տեղակայման մասին տեղեկություններ»։



