Այդպիսի մարդիկ իրենք իրենց հետ շախմատ խաղալով հաղթում են. Զախարովան ծաղրեց Փաշինյանի ելույթը ԵԽ-ում
«Հայաստանի զարգացման եվրոպական վեկտորը հարցեր է առաջացնում, քանի որ ԵՄ ստանդարտները հաճախ մատուցվում են որպես բացարձակ բարիք»,-այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստրասբուրգում։
Ըստ նրա՝ այն տրամաբանությունը, թե Հայաստանը շահած դուրս կգա ինչպես եվրաինտեգրման դեպքում, այնպես էլ առանց դրա, հակասական է թվում։ Զախարովան նման մոտեցումը համեմատել է մի իրավիճակի հետ, երբ մարդը «շախմատում հաղթում է ինքն իրեն»։
Նա նաև նշել է, որ եվրոպական ստանդարտները մատուցվում են վերացական ձևով՝ առանց դրանց գործնական հիմքի հստակ ըմբռնման։
«Արդյունքում ձևավորվում է գրավիչ, բայց մեծամասամբ հռչակագրային պատկեր», — ընդգծեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Զախարովան մատնանշեց Եվրամիության ներքին խնդիրները, այդ թվում՝
* Արդյունաբերական արտադրության անկումը,
* Պետական պարտքի աճը,
* Միգրացիոն ճգնաժամը։
Բացի այդ, նա զարմանք հայտնեց, որ Հայաստանը ձգտում է ներդնել եվրոպական ստանդարտներ՝ առանց մասնակցելու դրանց մշակմանը։
«Միևնույն ժամանակ, եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում, Հայաստանը ոչ միայն բուն կառույցների, այլև որոշումների կայացման գործընթացների լիիրավ մասնակից է», — հավելեց նա։
Զախարովան շեշտեց, որ եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում բոլոր ստանդարտները, չափանիշներն ու որոշումները ձևավորվում են անդամ պետությունների մասնակցությամբ՝ համատեղ մշակման և հետագա հաստատման միջոցով։ Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն ցուցադրում է կայուն տնտեսական դինամիկա և մեծացնում է իր մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում։ Ըստ Զախարովայի՝ Հայաստանի տնտեսությունը մեծապես պահպանում է աճի բարձր տեմպերը ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական կապերի շնորհիվ. 2025 թվականին ՀՆԱ-ի աճը, նրա գնահատմամբ, գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշները և կազմել ավելի քան 7–7,2%։
«Մենք բազմիցս հայտարարել ենք տարբեր մակարդակներով, որ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն նախագծերին միաժամանակյա մասնակցությունն անհնար է։ Դա հակասում է տրամաբանությանը, առողջ դատողությանը և տնտեսական օրենքներին։ Ակնկալել ԵՄ ստանդարտների ներդրում՝ առանց ԵԱՏՄ նորմերի և կանոնակարգերի հետ հակասությունների առաջացման, իրատեսական չէ», — հայտարարեց նա։
Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծեց, որ Ռուսաստանը հետագա ուղու ընտրությունը դիտարկում է որպես Հայաստանի ինքնիշխան իրավունք։ Ըստ նրա՝ Մոսկվան ակնկալում է, որ հայկական կողմը հետևողականորեն կկատարի ԵԱՏՄ շրջանակներում նախկինում ստանձնած պարտավորությունները և խոչընդոտներ չի ստեղծի ռուսական բիզնեսի գործունեության համար, կամ հստակ կձևակերպի իր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ։



